Մեկնաբանություն

06.04.2022 12:18


Ինչ ցույց տվեց հանրահավաքը

Ինչ ցույց տվեց հանրահավաքը

ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների կազմակերպած հանրահավաքը տվեց մի շարք հարցերի պատասխան ու որոշ եզրահանգումներ անելու հնարավորություն։

1.Հանրահավաքին եկած մարդկանց քանակը շուրջ 20 հազար էր։ Նման դեպքերում ընդունված է ասել, որ հանրահավաքը ստացվեց։

Մարդկանց քանակը և ամենակարևորը՝ որակը բարձր էր։ Սա վարչական լծակներով զոռով բերովի զանգվածը չէր։ Շարքերում կային բարձր էներգետիկա, վճռականություն և մեծ սպասում։

2.Հայաստանի հիմնական ընդդիմադիր ուժերը գտնվում են խորհրդարանում։ Լա՞վ է դա, թե՞ վատ, այլ խոսակցության թեմա է։ Փաստն այն է, որ այս պահին Հայաստանի ընդդիմադիր դաշտում դոմինանտ դերակատարում ունի խորհրդարանական ընդդիմությունը՝ «Հայաստան» դաշինքի գլխավորությամբ։

Ոչ մի քաղաքական ուժ, այդ թվում՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիրը», չի կարող նման բազմամարդ հանրահավաք կազմակերպել, եթե, իհարկե, Նիկոլ Փաշինյանը զոռով ու ֆինանսավարչական լծակներով իր «նախիրը» չքշի հանրահավաքի։

Սա և՛ լավ, և՛ վատ լուր է տիտղոսային ընդդիմության համար։ Հանրահավաքը ցույց տվեց, որ սպասումներ կան այս ընդդիմությունից և այդ սպասումներն այս վիճակի փոփոխությունն է՝ ներառյալ իշխանափոխությունը։ Բայց այդ սպասումները երկար չեն կարող ձգվել։ Ընդդիմությունը ժամանակային կրեդիտ ունի, որը կարող է սպառվել, եթե առարկայական արդյունքներ չգրանցվեն։

3.Հանրահավաքում ներկայացվեցին ընդդիմության պատկերացումներն Արցախի հարցի, Հայաստանի անվտանգային համակարգի կարմիր գծերի, հայ–ադրբեջանական, հայ–թուրքական հարաբերությունների վերաբերյալ։ Հստակ երևաց այն տարբերությունը, որը կա իշխանության ու ընդդիմության միջև։ Մասնավորապես՝ Նիկոլ Փաշինյանը գրեթե ամենօրյա ռեժիմով ալիևաբար «հիմնավորում» է, որ «Ղարաբաղն Ադրբեջան է, և բացականչական նշան»։ Ընդդիմության համար անընդունելի է Արցախի որևէ կարգավիճակ Ադրբեջանի կազմում։

Բազմաթիվ այլ հարցերում էլ իշխանության և ընդդիմության մոտեցումներն արմատապես տարբերվում են։ Իշխանություններն առաջնորդվում են «Խաղաղություն՝ Երևանի գնով» սկզբունքով, իսկ հակառակ կողմի համար խաղաղությունը պետք է արժանապատիվ լինի, այսինքն՝ ոչ Արցախն Ադրբեջանի կազմում թողնելու, ՀՀ տարածքային ամբողջկանության, Հայոց ցեղասպանության ճանաչումից հրաժարվելու և այլ կենսական հարցերի հաշվին։

Նիկոլի պատրեկացրած խաղաղությունը պատերազմաբեր ու պարտվողական է։ Ընդդիմությանը՝ ճիշտ հակառակը։

4.Հանրահավաքի մասնակիցների ու հարթակի միջև որոշակի խզում կա։ Շարքերը պահանջում են հիմա և ամբողջը, հարթակը դեռ պատրաստ չէ դրան, բայց նոր մեկնարկի համար լավ «ֆոռա» է ստացել։ Հետագան ցույց կտա, թե այդ վստահության կրեդիտն ինչպես կօգտագործի ընդդիմությունը։ Եթե չօգտագործի, ապա իրական վակում կառաջանա, որը կարող է լցվել նոր կոնֆիգուրացիաներով՝ լավ կամ վատ։

5.Հանրահավաքում ելույթ ունեցան խորհրդարանական ընդդիմադիր խմբակցության անդամները, որոնց հաճախ ենք լսում ԱԺ–ում։ Մինչդեռ լայն կոնսոլիդացիայի ապահովումը ենթադրում է նաև այլ շերտերից ներկայացուցիչների կարծիքների ներկայացում հարթակից։ Խոսքը ոչ թե ամբախ–զամբախ խոսողների, այլ նորմալ միտք արտահայտողների մասին է։

Հանրության մեջ բազմաթիվ ակտիվ ու վառ անհատներ կան, ինչպես նաև առողջ ՀԿ–ներ։ Նրանց էլ է պետք ներգրավել։

6.Հանրահավաքը մեսիջ էր միջազգային հանրությանը, մեր բարեկամներին ու նաև թշնամիներին։ Դա մեսիջ էր այն մասին, որ Նիկոլ Փաշինյանը չունի զիջումների մանդատ, որ ՀՀ վարչապետի աթոռը զբաղեցնողը լեգիտիմ բանակցող չէ, որ Հայաստանում անվտանգային հարցերի վերաբերյալ կա այլընտրանքային տեսակետ ու այդ տեսակետն ունի հանրային աջակցություն։

7.Հանրահավաքը և հայ ժողովուրդը կշահեին, եթե այն կազմակերպված լիներ ոչ միայն Հայաստանի, այլ նաև Արցախի խորհրդարանական ընդդիմադիր խմբակցությունների հետ։ Միասնաբար։ Սա հետագայի համար արժե հաշվի առնել։

Սրանք էին այն հիմնական դիտարկումները, որոնք այս պահին արժեր ներկայացնել։

Կորյուն Մանուկյան

Այս խորագրի վերջին նյութերը