Քաղաքական

12.04.2022 15:50


ՔՊ-ականների հայտարարություններն ուղղված էին Ադրբեջանին, որ նոր էսկալացիա իրականացնի Արցախում և Հայաստանի սահմաններին․ Արծվիկ Մինասյան

ՔՊ-ականների հայտարարություններն ուղղված էին Ադրբեջանին, որ նոր էսկալացիա իրականացնի Արցախում և Հայաստանի սահմաններին․ Արծվիկ Մինասյան

Չէի անդրադառնա քաղաքական մեծամասնության առանձին ներկայացուցիչների այսօրվա հայտարարությունների անհեթեթ մտքերին, եթե դրանք իրենց մեջ առերևույթ հանցագործություն պարունակող արարքներ չներառեին՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ընդդիմության բոյկոտից՝ ԱԺ-ում Արցախի դրոշներ տեղադրելուց և Արցախ մեկնելուց հետո, իշխող թիմի հայհոյախառն ելույթների մասին։

«Դրանք հայտարարություններ էին, որոնք մի կողմից ուղղված էին Ադրբեջանի՝ իրենց համար սիրելի ղեկավարությանը, որպեսզի նոր էսկալացիա իրականացնեն Արցախում և Հայաստանի սահմանների վրա, երկրորդը՝ ահաբեկելու հայ հասարակությանն ու հայ ժողովրդին, թե իբր բոլոր նրանք, ովքեր փորձում են հայ ժողովրդի իրավունքները պաշտպանել, ըստ էության, հայ ժողովրդին մղում են կործանման»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Նա ընդգծում է, որ սրանք են իշխանությունների հիմնական թեզերը, և պատահական չէ, որ ՔՊ-ական պատգամավորները, որոնք փորձեցին ԱԺ ամբիոնից հեռացնել Արցախի դրոշը, ակնհայտորեն ցույց են տալիս, որ մեր ժողովրդի և մեր պետականության հետ որևէ կապ չունեն։

«Արձանագրենք, որ եթե Ադրբեջանի զինված ստորաբաժանումների կողմից որևէ գործողություն տեղի ունենա Արցախի հանդեպ կամ Հայաստանի Հանրապետության սահմաններում, ամբողջ պատասխանատվությունը և ամբողջ մեղքը Հայաստանի այսօրվա գործող իշխպանություններին է»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

***

Ես հիմա պահանջում եմ Ազգային անվտանգության ծառայությունից անմիջապես հարուցել քրեական գործ, այս անձանց հրավիրել հարցաքննության, բացատրություններ վերցնել՝ Yerkir.am-ի հետ հարցազրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը՝ խոսելով ընդդիմության բոյկոտից՝ ԱԺ-ում Արցախի դրոշներ տեղադրելուց և Արցախ մեկնելուց հետո, իշխող թիմի հայհոյախառն ելույթների մասին։

«Սրանք կա՛մ սուտ մատնության համար պետք է դատվեն, կամ պետական դավաճանության առերևույթ հանցակազմի տարրերով պետք է սրանց հանդեպ ներկայացվեն մեղադրանքներ։ Հակառակ դեպքում ԱԱԾ-ի այսպիսի անգործությունը կփաստի, որ սրանք, քաղաքական իշխանության հետ միասին, լծված են Հայաստանը թուրք-ադրբեջանական տանդեմին հանձնելու գործընթացին»,-ասաց Արծվիկ Մինասյանը։

Բոլոր նրանք, նշեց նա, ովքեր վախենում են «Արցախ» բառն օգտագործելուց, Արցախի անունը տալուց, արցախահայության իրավունքները պաշտպանելուց, ինքնորոշման իրավունքը բարձրաձայնելուց և այդ ուղղությամբ հետևողական քայլեր իրականացնելուց, բոլորը, ի վերջո, դատվելու են ՀՀ քրեական օրենսգրքի բոլոր այն հոդվածներով, որոնք պետության և հայրենիքի նկատմամբ հանցագործութուններ են համարվում։

«Մենք վճռական ենք, կանգնած ենք հայոց պետականության ու հայ ժողովրդի կողքին։ Արցախի դրոշը, պետականությունը, որպես հայ ժողովրդի պետականության ու շարունակականության դրսևորում, լինելու է մեր պաշտպանության և մեր գործունեության առանցքում»,-վստահեցրեց Արծվիկ Մինասյանը։

Նա վստահություն հայտնեց, որ ՀՀ քաղաքացիները, ընտրողները, սփյուռքահայ եղբայրներն ու քույրերը լիարժեքորեն կաջակցեն այս գործողություններում։

Ընդդիմադիր պատգամավորները, ԱԺ քառօրյան բոյկոտելով, մեկնել են Արցախ, Սյունիք, Տավուշ ու Գեղարքունիք։ Արծվիկ Մինասյանը տեղեկացրեց, որ իրենք հանդիպելու են մեր հայրենակիցների հետ, բարձրաձայնելու են իրենց տեսակետները, լսելու են նաև նրանց մոտեցումները թե՛ անվտանգային, թե՛ սոցիալ-տնտեսական կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Ապա իրականացնելու են դրանցից բխող կոնկլրետ քայլեր ու նախաձեռնություններ։

Այս խորագրի վերջին նյութերը