Լրահոս

30.07.2011 10:10


Կենդանաբանական այգու WiFi–ը կենդանիների համար կարող է վայ–վայ դառնալ

Կենդանաբանական այգու WiFi–ը կենդանիների համար կարող է վայ–վայ դառնալ

Հուլիսի 29–ին Երևանի կենդանաբանական այգում տեղի է ունեցել այգու տարածքում անվճար WiFi կապի գործարկման մեկնարկի արարողությունը: WiFi կապն ունի վերբեռնման և ներբեռնման 10 Մբիթ/վրկ արագություն: Կենդանաբանական այգուց տեղեկացնում են, որ կապը հնարավորություն կտա նաև առաջիկայում գործարկել այգու ինտերակտիվ քարտեզը, որի միջոցով այցելուն կկարողանա ոչ միայն կողմնորոշվել տարածքում, այլև ստանալ հետաքրքրաշարժ և օգտակար լրացուցիչ տեղեկատվություն այգու և կենդանիների մասին:

Համացանցի առկայությունը հնարավորություն կտա այգու տարածքում ստեղծել փոքրիկ բացօթյա էլեկտրոնային գրադարան, որտեղ այցելուները կարող են հանրային WiFi կապի միջոցով ստանալ տեղեկատվություն վայրի բնության և կենդանիների մասին, դիտել թեմատիկ լուսանկարներ, տեսանյութեր և ֆիլմեր:

WiFi-ի գործարկման մեկնարկն ապահովում է նաև «Կենդանիների խնամակալություն» ծրագրի լիարժեք իրականացումը: Խնամակալության պլատինե մակարդակը (նվիրատվությունը` 100 հազար դրամ) խնամակալներին հնարավորություն է տալիս իրենց կենդանուն հետևել համացանցով՝ վանդակում տեղադրված տեսախցիկի միջոցով: Առաջին տեսախցիկը տեղադրված է Սպիտակ սիրամարգի վանդակում:

Կենսաբանները, սակայն, անհանգստություն են հայտնում, որ WiFi–ը կարող է բացասական ազդեցություն ունենալ այգու կենդանիների համար։ ԵՊՀ կենսաբանության ֆակուլտետի 2–րդ կուրսի ասպիրանտ Հեղինե Թորգոմյանը «7օր»–ի հետ զրույցում նշել է, որ առկա բնական դաշտերը քաղաքակրթության զարգացման հետ լրացվել են մարդու կողմից ստեղծված դաշտերով և ճառագայթներով, և դա նույնպես իր դերն ունի երկրի վրա կենդանի օրգանիզմների զարգացման գործընթացում:

–Ցանկացած սարքավորում, որն առաջացնում է հոսանք կամ աշխատում է փոփոխական էլեկտրական հոսանքով, ստեղծում է էլեկտրամագնիսական դաշտ, որը տարածության մեջ ցրվում է էլեկտրամագնիսական ալիքների տեսքով: Կենսաբանական հետազոտությունները ցույց են տվել, որ բոլոր օրգանիզմները, սկսած միաբջիջներից մինչև մարդը, զգայուն են տարբեր հաճախությամբ էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ: Զգայնությունը հատկապես մեծ է բազմակի կրկնվող գերթույլ էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ, այսինքն օրգանիզմների վրա էլեկտրամագնիսական դաշտը կարող է ունենալ կումուլյատիվ (կուտակվող) ազդեցություն,–նկատել է կենսաբանը:

Նա ավելացրել է, որ կենդանի օրգանիզմների ճառագայթահարումը հանգեցնում է տաքացման և հյուսվածքների վնասման:

Թույլ մագնիսական դաշտն անշուշտ իր ազդեցությունն ունի կենդանի օրգանիզմների վրա: Ճառագայթումը ազդում է նյարդային, էնդոկրին համակարգերի, սրտանոթային համակարգի, իմունային համակարգի, վերարտադրողական ֆունկցիանների վրա: Սակայն ուսումնասիրություններից ստացված տեղեկությունները չի կարելի շատ ստույգ և բացարձակ համարել: Դրանք պետք է ուսումնասիրել, որպեսզի ազդեցությունների դրական և բացասական կողմերի մասին իմացվի: Այս նույն ուսումնասիրությունների շրջանակներում առաջ է քաշվել նոր տերմին, այն է՝ գերզգայունություն այսպիսի էլեկտրամագնիսական ճառագայթման նկատմամբ: Տարբեր կենդանի օրգանիզմներ էլեկտրամագնիսական դաշտերի ազդեցության նկատմամբ զգայունության տարբեր շեմեր ունեն: Էլեկտրամագնիսական դաշտի նկատմամբ գերզգայունությունը չունի ոչ մի ախտաբանական սահմանում, և ոչ մի միջոց չկա այն պարզելու կամ չափումներ անելու համար: Որոշ գիտնականներ գտնում են, որ էլեկտրամագնիսական դաշտերը կարող են առաջացնել ԴՆԹ-ի մուտացիա ու շեղումներ, և այն կապ ունի քաղցկեղի առաջացման հետ: Սակայն այս վարկածը շատ ուսումնասիրությունների և նոր ապացույցների կարիք ունի: Հեռահաղորդակցման սարքավորումների շրջակայքում կենդանիների բնակվելը հավանաբար կարող է հանգեցնել դյուրազգացության, ազդել սրտանոթային համակարգի վրա, վերարտադրողական ֆունկցիայի վրա,–ավելացրել է Հ. Թորգոմյանը:

Ի դեպ, այս տարվա մայիսին ԵԽԽՎ մշտական հանձնաժողովը հաստատել է մարդու առողջության վրա էլեկտրամագինական ճառագայթների վնասակար ազդեցության մասին հաշվետվությունը։ ԵԽԽՎ–ն խորհուրդ է տվել դպրոցներում և հասարակական վայրերում սահմանափակել WiFi, WiMAX, 3G ցանցի անլար ինտերնետի օգտագործումը, մարդկանց տեղեկացնել էլեկտրամագնիսական և ռադիոհաճախականության ճառագայթման ազդեցության հնարավոր ռիսկերի մասին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը