Քաղաքական

18.05.2022 20:12


Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ  է արձակվում

Առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանն ազատ  է արձակվում

Այսօր վաղ առավոտյան ձերբակալված Գարիկ Գալեյանը՝ 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Գալեյանի հայրը, ազատ է արձակվում ԱԺ ընդդիմադիր պատգամավորների երաշխավորությամբ: ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության շենքի մոտ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Ղազինյանը զոհված զինծառայողների ծնողներին ասաց.

«Վարույթ իրականացնող մարմինը նախ ընդառաջ գնաց մեր նահատակված հերոսների ծնողների պահանջին, ապա նաև հավատարիմ մնաց իր մարդ կերպարին և տեսակին։ Հասկացան, որ Գարիկ Գալեյանը չի կարող գտնվել ձերբակալության մեջ։

Բոլորիդ անչափ շնորհակալություն, որ կանգնեցիք, մնացիք ձեր ընկերոջ համար։ Հանգիստ շունչ քաշեք, շուտով ձեր ընկերը կլինի մեր կողքին»։

168.am-ի հարցին՝ գրավո՞վ է Գարիկ Գալեյանն ազատ արձակվում, Արթուր Ղազինյանը պատասխանեց, որ եթե կիրառվում է պատգամավորական երաշխավորագիրը, ապա կիրառվում է նաև որոշակի գումար, որպես դրա հիմք, սակայն այս դեպքում նախաքննական մարմինը գոնե իրենց չի տեղեկացրել, որ կիրառվել է պատգամավորական երաշխավորագիր։

«Գուցե կկիրառվի ստորագրություն չբացակայելու մասին, պարզ է, մեղադրանքը կմնա, գործի քննությունը կիրականացվի։ Մանրամասներն այս պահին չեմ կարող ասել։ Եթե գրավ կիրառեն, ապա բոլորս պատրաստ ենք մեր սեփական միջոցներից որպես գրավ ներդնել այն գումարի չափով, որի դեպքում մեր ընկերն ազատ կլինի»,- հավելեց Արթուր Ղազինյանը։

Նշենք, որ Գարիկ Գալեյանի առողջական վիճակը կեսօրից հետո վատացել էր, նրան տեղափոխել էին հիվանդանոց։

Այս խորագրի վերջին նյութերը