Քաղաքական

20.05.2022 09:22


Դավիթ Արղամանյանը չի քննի Իգոր Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը

Դավիթ Արղամանյանը չի քննի Իգոր Խաչատուրովին կալանավորելու մասին միջնորդությունը

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու՝ Իգոր Խաչատուրովի, վերաբերյալ կալանքի միջնորդությունը քննող դատավոր Դավիթ Արղամանյանն ինքնաբացարկ հայտնեց՝ բավարարելով փաստաբան Միհրան Պողոսյանի միջնորդությունը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց փաստաբան Պողոսյանը։

«Հիմա արդեն գործողություններ են իրականացվելու՝ դատարանի նախագահին արագ բերման ենթարկելու, նորից գործի մակագրում իրականացնելու, նոր դատավոր ներգրավելու, որպեսզի նոր դատավորը նորից սկսի գործի քննությունը»,-ասաց Պողոսյանը։

Փաստաբանը Դավիթ Արղամանյանին ի սկզբանե միջնորդել էր ինքնաբացարկ հայտնել այն հիմքով, որ իրեն գործը մակագրվել է ոչ թե համակարգչային եղանակով, այլ ձեռքով։ Դատավորն այդ միջնորդությունը մերժել էր, որից հետո Միհրան Պողոսյանը մեկ այլ հիմքով կրկին միջնորդություն էր ներկայացրել ինքնաբացարկ հայտնելու։ Մասնավորապես, 2020 թվականին Դավիթ Արղամանյանի հայրը, որը հանդիսանում է Վերաքննիչ դատարանի դատավոր, քննելով Արմեն Գևորգյանի հարազատների վերաբերյալ բողոքը, ինքնաբացարկ էր հայտնել այն հիմնավորմամբ, որ իր որդին՝ Դավիթ Արղամանյանը, մասնակցել է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ իրականացվող բողոքի ակցիաներին.

«Սույն դեպքում Դավիթ Արղամանյանը չհերքեց այդ հանգամանքը, նշեց, որ մասնակցել է բողոքի ակցիաներին։ Մենք որպես փաստարկ ներկայացրինք այն հանգամանքը, որ այդ նույն քրեական գործով, որով քաղաքական ակցիաների էր մասնակցում Դավիթ Արղամանյանը, ամբաստանյալ է հանդիսացել նաև Իգոր Խաչատուրովի հայրը՝ Յուրի Խաչատուրովը»,-ասել էր Միհրան Պողոսյանը։

Նշենք, որ դատավոր Արղամանյանը 2018 թվականի իշխանափոխության օրերին հայտնի դարձավ որպես թմբկահար։ Արղամանյանը «Իմ քայլը» դաշինքի իրավախորհրդատուն էր, ինչպես նաև ակտիվ «իմքայլական»։ Խաչատուրովի փաստաբանը վստահ է, որ դատարանն օբյեկտիվ քննություն չի կարող իրականացնել։ Իգոր Խաչատուրովը ձերբակալվել է մայիսի 17-ին «Դիմադրություն» շարժման անհնազանդության ակցիաներին մասնակցելիս։ Ըստ Քննչական կոմիտեի՝ Խաչատուրովը ոստիկանի նկատմամբ բռնություն է գործադրել։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը