Հարցազրույց

21.05.2022 11:26


«Երբ այդքան մարդ վաղ առավոտից հավաքվի՝ 2-3 օրվա խնդիր է լինելու Փաշինյանի հրաժարականը». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

«Երբ այդքան մարդ վաղ առավոտից հավաքվի՝ 2-3 օրվա խնդիր է լինելու Փաշինյանի հրաժարականը». Տիգրան Քոչարյան (տեսանյութ)

Մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանը խայտառակություն է համարում այն, որ ընդդիմադիր պատգամավորներին և մի խումբ լրագրողների այսօր թույլ չտվեցին մասնակցել Freedom House միջազգային կազմակերպության կողմից կազմակերպված «Հայկական ժողովրդավարությունը» թեմայով ֆորումին:

«Երևանի կենտրոնում տեղի է ունենում Հայաստանում ժողովրդավարության հաջողություններին նվիրված համաժողով, որին մասնակցում է Նիկոլ Փաշինյանը, որը Հայաստանն անվանում է ժողովրդավարության բաստիոն, մասնակցում է նաև նրա քաղաքական տանիքը՝ Լին Թրեյսին, որը հայտարարում է, որ 2018թ. Հայաստանում դեմոկրատիան հաղթել է, իսկ 2021թ. այդ հաղթանակը վերահաստատվել է, փառք տիրոջը և Նիկոլ Փաշինյանին: Այդ ժողովրդավարության ֆորումին չեն հրավիրում ընդդիմադիր լրատվամիջոցներին և ընդդիմադիր պատգամավորներին: Այնուհետև, երբ ժողովուրդը գալիս է այդ հյուրանոցի մոտ, որպեսզի իր ձայնը հասցնի ֆորումի մասնակիցներին, թե Հայաստանում ինչպիսի ժողովրդավարություն է տիրում, հատկապես՝ ոստիկանության վերջին գործողությունների հետ կապված, ժողովրդին դիմավորում են ժողովրդավար կարմիր բերետները և ժողովրդաբարո ներս չեն թողնում: Պատգամավորները մի կերպ են կարողանում մտնել հյուրանոց, հասնում են մինչև ժողովրդավարության դուռը, այնտեղ դուրս է գալիս ամենաժողովրդավար ուժային աշխատողը, որը սիրում է քացով ընդդիմադիրներին խփել, և չի թողնում ընդդիմադիր պատգամավորներին մտնել ժողովրդավարության մթնոլորտով տոգորված դահլիճ, որպեսզի իրենք իրենց կարծիքը հայտնեն»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց նա:

Տիգրան Քոչարյանի խոսքով՝ համաժողովին ներկա մարդիկ ուղղակի այսօր հաստատեցին, որ որևէ աղերս չունեն ժողովրդավարության հետ. «Իրենք թույլ տվեցին, որ ապագայում իրենց հետ նույնպես վերաբերվեն ժողովրդաբարո, ինչպես իրենք վերաբերվում են այսօր ընդդիմության հետ»:

Նա նկատեց՝ Արևմուտքը նախկինում բավականին խելացի էր, իսկ հիմա իրեն վատ է պահում. «Այստեղ դեսպանի հետ կապված կիքս են տվել, և կարծեմ պատմության մեջ առաջին անգամ է, որ հայկական սփյուռքի կառույցները պահանջում են դեսպանին հետ կանչել: Զավեշտալին այն է, որ Լին Թրեյսին հայկական ադմինիստրացիայի դեսպան է. մենք այնքան անհետաքրքիր ենք ԱՄՆ-ի համար, որ նույնիսկ դեսպանին չեն փոխում, այսինքն՝ նույնիսկ հնարավոր է, որ սա իր գծով է ինչ-որ բաներ անում, կամ խնդրել են, որ անի»:

Մեդիափորձագետի խոսքով՝ փողոցային շարժումը չի մարում, կան ձեռքբերումներ. «Պրակտիկան ցույց է տալիս, որ երբ կա շատ մարդ, կան նշանակալի հաջողություններ: Հաջողությունն այն է, որ փողոցն ընդդիմության ձեռքում է, որ շարժումը չի մարում, ընդդիմությունը կարողանում է որոշակիորեն նախաձեռնություն ցուցաբերի, այսինքն՝ նախկինում իշխանությունն էր թելադրում օրակարգը, հիմա հիմնականում ընդդիմությունն է թելադրում իր օրակարգը, և առնվազն արտաքին աշխարհը տեսնում է, որ Փաշինյանը լեգալ է, բայց լեգիտիմ չէ՝ ինչ-որ բան անելու համար: Այսինքն՝ երբ հիմա գնում ու ինչ-որ տեղ ասում է՝ ես տղա եմ, իրեն ասում են՝ փողոցը հակառակ բանն է ասում, այդ պատճառով էլ Մհեր Գրիգորյանը Փաշինյանի հետ Մոսկվա չի գնացել, այդ պատճառով էլ Արցախի նշաձողի իջեցման մասին այլևս խոսակցություն չկա:

Իշխան Սաղաթելյանը, երբ ասում է երկիշխանության մասին, որոշակի երկիշխանություն կա, որովհետև փողոցը չի պատկանում Նիկոլ Փաշինյանին, փողոցային շարժումը չի մարում, ավելին, օրեր են լինում, երբ մինչև 30-40 հազար մարդ է հավաքվում: Երբ այդ քանակը առավոտվանից կհավաքվի, իմ կարծիքով՝ երկու-երեք օրվա խնդիր է լինելու Փաշինյանի հրաժարականը: Փաշինյանին կարող եմ ուրախացնել՝ ոստիկանությունն իրենից հոգնել է, սովորական ոստիկանների հետ որ շփվում ես, բավականին հոգնած վիճակ է, ասում են՝ արագացրեք՝ ինչ անում եք»:

Այս խորագրի վերջին նյութերը