Կարծիք

23.05.2022 13:41


Բրյուսելյան դավադրություն

Բրյուսելյան դավադրություն

Բրյուսելում տեղի ունեցած Փաշինյան–Ալիև–Միշել եռակողմ հանդիպման արդյունքները հետևյալն են․

1․Բանակցություններն ընթացել են Ադրբեջանի ներկայացրած 5 սկզբունքների և թուրք–ադրբեջանական թելադրած օրակարգի շրջանակներում։ Պաշտոնական Երևանի ներկայացրած 6–կետանոց պատասխանը նույնիսկ քննարկման առարկա չի դարձել, քանզի որևէ խոսք չկա Լեռնային Ղարաբաղի հակամարտության և կարգավիճակի մասին։

2․Բանակցային բառապաշարից դուրս են մնացել «Լեռնային Ղարաբաղ» և «Ղարաբաղյան հակամարտություն» եզրերը։

Շարլ Միշելի տարածած հայտարարության մեջ օգտագործվել է «Ղարաբաղի էթնիկ հայկական բնակչություն» (the ethnic Armenian population in Karabakh) ձևակերպումը։ Դա նշանակում է, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Արցախը ներառել Ադրբեջանի կազմի մեջ և հիմա ընդամենը խոսվում է արցախահայերի՝ որպես Ադրբեջանի էթնիկ փոքրամասնության իրավունքների մասին։ Սա իհարկե նորությւոն չէր, քանզի Ադրբեջանին ներկայացրած 6–կետանոց նամակում պաշտոնական Երևանը նույնպես խոսում է Ադրբեջանի կազմում արցախահայության իրավունքների և անվտանգության մասին։

3․ Բավական խուճուճ, քողարկված ձևակերպում է ստացել անկլավների հարցը և հստակեցվել միջանցքի հարցը։

«Նրանք համաձայնության են եկել Արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի և Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցման, ինչպես նաև երկու երկրների հաղորդակցության ենթակառուցվածքների միջոցով միջազգային տրանսպորտի սկզբունքների շուրջ»,–նշված է Միշելի հայտարարության մեջ (They agreed on the principles governing transit between western Azerbaijan and Nakhichevan, and between different parts of Armenia via Azerbaijan, as well as international transport through communications infrastructure of both countries)։

Ի՞նչ է նշանակում «Հայաստանի տարբեր շրջանների միջև Ադրբեջանի տարածքով տարանցում», եթե ոչ այնպիսի իրավիճակ, ինչպիսին ունեցանք Գորիս–Կապան 21–կիլոմետրանոց հատվածում։ Ինչպես հայտի է, այդ կտորը հանձնվեց Ադրբեջանին՝ Փաշինյան–Ալիև բանավոր փոխհամաձայնության արդյունքում։ Հիմա պայմանավորվել են նույնն անել Տավուշի և Արարատի մարզերում, բայց արդեն ԵՄ–ի հովանու ներքո և խուճուճ ձևակերպումների օգնությամբ։

4․Միշելի հայտարարության աշխարհաքաղաքական մեխն այն էր, որ Արևմուտքն ուզում է դուրս մղել Ռուսաստանին Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորման, սահմանազատման ու սահմանագծման գործընթացից և ի վերջո՝ Արցախից։ Չկա որևէ խոսք ռուսական խաղաղապահների մանդատի մասին։ Ավելին՝ արցախահայությունը դիտարկվում է Ադրբեջանի կազմում բնակվող ազգային փոքրամասնություն, որի իրավունքներն ու անվտանգությունը պետք է ապահովի Բաքուն։

5․ Արևմուտքը, Թուրքիան ու Ադրբեջանը շտապում են Նիկոլ Փաշինյանից ստանալ բոլոր զիջումները, քանի դեռ Հայաստանի ներքաղաքական կյանքը չի հանգեցրել փոփոխությունների։ Պատահական չէ, որ հստակեցվել են Բրյուսելի հովանու ներքո սպասվող հանդիպումների ու քայլերի ժամանակացույցերը։ Ամեն ինչ պլանավորվել է արագացված տեմպերով։

6․ Բրյուսելը պատրաստակամություն է հայտնել աջակցել կողմերին՝ իրենց ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու հարցում։ Սա «թարգմանաբար» նշանակում է, որ Հայաստանում է՛լ ավելի է ինտենսիվացվելու «Հողերը տանք, խաղաղ ապրենք», «Ղարաբաղը հանձնենք, խաղաղ ապրենք», «Թուրքը մեր հարևանն է, ռուսներն են միշտ մեզ խանգարել», «Ադրբեջանի սահմանը բացենք լավ ապրենք» և նմանատիպ այլ քարոզչակոդերի տարածումը։

․ ․ ․

Հայ ժողովուրդը մեկ տարբերակ ունի բրյուսելյան դավադրությունը, Հայաստանի ու Արցախի դեմ ուղղված քայլերը վիժեցնելու՝ պայքարել։ Վիժեցնելու թիվ մեկ նախապայմանն իշխանափոխությունն է։

Նիկոլ Փաշինյանի հեռացումը և ազգային իշխանության ձևավորումը հնարավորություն կտա խուսափել կատաստրոֆայից։ Մեր պետությունն ու ժողովուրդը դեռևս ժամանակ ունեն խուսափելու վատագույնից։ Առայժմ հարցերը կարող են լուծվել Երևանում։ ՀՀ քաղաքացուց և քաղաքական էլիտայից է կախված գործի հաջողությունը։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը