Մեկնաբանություն

29.08.2011 14:28


Միջազգային կենտրոններից մինչև կովի պտուկներ

Միջազգային կենտրոններից մինչև կովի պտուկներ

«Երկխոսական» թոհուբոհի մեջ կարծես մոռացության է մատնվել Տիգրան Սարգսյանի թեման։ Ավելի ճիշտ՝ մեր տնտեսության մեջ տիրող անմխիթար վիճակը և այդ ամենում վարչապետի դերը։

Եթե հիշում եք, ամիսներ առաջ Սերժ Սարգսյանն իր մոտ խորհրդակցություն էր հրավիրել ու հանձնարարել վարչապետին «X» ժամկետում կոնկրետ արդյունքներ տալ, իսկ գների մասով էլ ապահովել մարդկանց աչքին սովոր մակարդակ։

Հիմա այդ «X» ժամկետը ոչ միայն լրացել է, այլ վաղուց անցել է, բայց վարչապետը որևէ նշանակալի քայլով ու դրական արդյունքով աչքի չի ընկել, բացի գյուղացիների համար կովի համապատասխան հատվածը լվալու մասին դասախոսություններ կազմակերպելն ու գյուղամիջում հարցազրույց տալը։

Բա ու՞ր մնաց օլիգարխների ու օլիգոպոլիաների դեմ պայքարը (շաքարը կտրուկ թանկացրած Լֆիկ Սամոյի ականջը կանչի), բա ու՞ր կորան դրսից բերած վարկերը, բա ու՞ր է խոստացված գնանկումը։ Եվ վերջապես, ի՞նչ եղան թմբկահարված միջազգային կենտրոնները։

Մեզ ասում էին, թե Ռուսաստանից բերված վարկով փոքր ու միջին բիզնեսը կզարգացվի, բայց ունեցանք հակառակ պատկերը, իսկ վարկերի օգտագործման ուղղությունների և արդյունավետության մասին կարելի է դատել արդյունքներով, իսկ ավելի ճիշտ՝ դրանց բացակայությամբ։

Եթե կյանքին նայենք միայն վարչապետական խոստումների ու քարոզչական փուչիկների պրիզմայով, ապա ամեն ինչ կարգին է ու օլիգարխների դեմ էլ գիշեր–ցերեկ պայքար է մղվում։ Սակայն իրականությունն այն է, որ մեր երկրի ամենախոշոր օլիգարխներից մեկը հենց Տիգրան Սարգսյանն է, ով իր կորեյկոյական էությունից ելնելով՝ հանդես է գալիս տերտերական իմիջով, որպեսզի յուրօրինակ ալիբի ապահովի և «օլիգարխների դեմ ենք պայքարում» թեմայով դեմագոգիայով զբաղվի. մենք փոքր պետության մեջ ենք ապրում և բոլորը բոլորի մասին գրեթե ամեն ինչ գիտեն, և դժվար է թաքցնել ակնհայտը։

Իրականություն է նաև այն, որ այս երեք տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը կրճատվեց մոտ 25 տոկոսով, ինչը մեծապես պայմանավորված է իշխանության վարած քաղաքականությամբ, քան արտաքին գործոններով։ Փոխարենը համապատասխան հետևություններ անելու և հասկանալու, որ բյուջեն ինքնանպատակ լցնելը ոչնչացրեց փոքր ու միջին բիզնեսը և տնտեսությունը բերեց այս վիճակին, վարչապետն ու իր թիմը հակառակն են անում։ Տեղեկություններ կան այն մասին, որ հաջորդ տարվա համար նախատեսվում է բյուջեի ծախսային մասն ավելացնել 150 միլիարդ դրամով։ Եթե այս տեղեկությունները հաստատվեն և պարզվի, որ Սերժ Սարգսյանն ու Տիգրան Սարգսյանը գնում են այդպիսի քայլի, ապա դա իսկական սպառնալիք կդառնա ՀՀ ազգային անվտանգությանը, քանի որ տնտեսվարողները վերջնականապես կքամվեն, իսկ երկրի արտաքին պարտքը կհասնի կարմիր գծից այն կողմ։ Այդ սպառնալիքը կրկնակի է դառնում, եթե հաշվի ենք առնում այն, որ մեր երկիրը «սառը» պատերազմի մեջ է գտնվում Ադրբեջանի հետ և, հետևաբար, տնտեսությանն այդպիսի հարվածներ հասցնելը հավասարազոր է պետական դավաճանության։

Թե որքան կտևի այս ամենը՝ կախված է Հայաստանի ժողովրդից։ Քանի դեռ մենք հանդուրժում ենք դիլետանտիզմը, մարտնչող կղերականությունը, ագահությունը և փարիսեցիությունը, այնքան շարունակելու ենք ճաշակել «բարեշրջիչների» վարած կուրսի դառը պտուղները։ Կարծում եմ, որ չարժե այսքան համբերատար լինել։

Կարեն Հակոբջանյան

Այս խորագրի վերջին նյութերը