Քաղաքական

02.06.2022 22:26


Դատարանը մերժեց ազատ արձակել Գյումրիի միջադեպի գործով կալանավորված երիտասարդներին

Դատարանը մերժեց ազատ արձակել Գյումրիի միջադեպի գործով կալանավորված երիտասարդներին

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Ռոման Սմբատյանի նախագահությամբ, անփոփոխ թողեց Գյումրիում տեղի ունեցած միջադեպի գործով մեղադրյալներ Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Գևորգ Մուրադյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը, հայտնում է «Փաստինֆո»-ն։

Հիշեցնենք, որ մայիսի 8-ին ընդդիմադիր գործիչների նախաձեռնությամբ Գյումրիում հանրահավաք էր տեղի ունեցել, նույն օրը Գյումրու Երևանյան խճուղում գտնվող հասարակական տրանսպորտի կանգառում միջադեպ-վիճաբանություն էր եղել․ 74, 56, 72 և 84 տարեկան տղամարդիկ հայհոյանքներ էին հնչեցրել երիտասարդների հասցեին, ձվեր նետել նրանց ուղղությամբ, ինչն էլ վիճաբանության առիթ էր դարձել։

Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ, որով մեղադրյալներ են համարվում Տարոն Մանուկյանը, Գոռ Սարգսյանը, Հոսիեկ Սարկիսյանը, Արսեն Մարտոյանը, Գոռ Մաթևոսյանը, Գևորգ Մուրադյանը և Վելիխան Խլղաթյանը։

Այսօր կայացել է դատական առաջին նիստը, որի ընթացքում դատարանը, դատաքննության նախապատրաստման փուլում, քննարկել է կալանքի տակ գտնվող անձանց խափանման միջոցը վերահաստատելու կամ փոխելու հարցը։

Քիչ առաջ դատարանը հրապարակել է որոշումը՝ անփոփոխ թողնելով նրանց նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը։

Այս խորագրի վերջին նյութերը