Լրահոս

30.08.2011 15:41


Արմեն Պողոսյանը Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներն աբսուրդային է համարում

Արմեն Պողոսյանը Ահարոն Ադիբեկյանի հաշվարկներն աբսուրդային է համարում

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, «Սոցիոմետր» ՀԿ–ի նախագահ, սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանը հայտարարել էր, թե սեպտեմբերի 1–ին մեկ երեխայի համար անհրաժեշտ նվազագույն սպառողական զամբյուղը կազմում է 17 հազ. դրամ։

«7օր»–ը «Հայաստանի սպառողների  ասոցիացիա» ՀԿ–ի նախգահ Արմեն Պողոսյանից փորձել է պարզել, թե որքանով է այս թիվն իրատեսական։

Մեզ հետ զրույցում Արմեն Պողոսյանը  աբսուրդային է համարել այս թիվը։

–Բանն այն է, որ  այս նվազագույն հաշվարկները ծայրահեղության սահմանն են մատնանշում։ Խոսքն այստեղ արժանավայել ապրելու մասին չէ, այլ ծայրահեղության սահմանի մասին է։ Եթե անդրադառնանք ուսումնական տարվա պատրաստվածությանը, ապա կտեսնենք, որ այստեղ կան բաղադրիչներ, որոնք շատ դժվար է 17 հազ. դրամի մեջ տեղավորել։ Իհարկե, կա նաև 3 հազ. դրամանոց վերնաշապիկ, բայց դա քանի՞ օր կհագնի երեխան։ Կամ նույն գրենական պիտույքները եթե դիտարկենք, ապա կտեսնենք, որ ճիշտ է՝ առնձին մեկ տետրը էժան է թվում, բայց ամբողջն իրար հեն արդեն բավական թանկ է կազմում,–ասել է նա։

Ըստ Արմեն Պողոսյանի՝ կան չափանիշներ, որոնք պետք է հաշվի առնել, օրինակ՝ երեխան անպայման մի հագուստը մյուսով փոխելու  հնարավորություն պետք է ունենա, այլ ոչ թե միշտ նույնը հագնի, այն էլ՝  անորակը։

–Այս հաշվարկը այն տրամաբանությունից է ելնում, որ կարելի է ամեն իչից մեկական գնել, բայց այդպիսի բան չի կարող լինել։ Մեր  կյանքը չոր  հաշվարկ չէ։ Թվաբանական հաշվարկը մի բան է, իսկ  արժանավայել ապրելը՝ այլ բան է։ Եթե մենք այս տրամաբանությամբ շարժվենք, կստանանք ծիծաղելի թվեր, որոնք իրականության հետ կապ  չունեն։ Չէ՞ որ երեխան սթրես է տանում, երբ իր իրերից որևէ մեկը հենց առաջին օրը պատռվում է։ Մեզ, օրինակ, դիմել էին, որ ծնողը օգոստոսի 31–ին գնել էր պայուսակ, և սեպտեմբերի 1–ին այն պատռվել էր։ Իհարկե, հետո մենք կարողացանք փոխարինել  այդ պայուսակը, բայց երեխայի սթրեսը, այդ ապրումները, ընկերների մոտ ամոթով մնալը չենք կարող փոխհատուցել,–ասել է նա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը