Քաղաքական

14.06.2022 17:40


Պատկան մարմիններն անհետևանք են թողնում ՔՊ-ական պատգամավորի՝ կնոջը ծեծելու մասին հրապարակումները

Պատկան մարմիններն անհետևանք են թողնում ՔՊ-ական պատգամավորի՝ կնոջը ծեծելու մասին հրապարակումները

Հունիսի 10-ին Politik.am-ը հրապարակել էր հոդված այն մասին, որ ԱԺ ՔՊ-ական պատգամավոր Ռուստամ Բաքոյանն իր նախկին քաղաքացիական կնոջ նկատմամբ ֆիզիկական բռնություն է գործադրել:

Կնոջ փոխանցմամբ Ռուստամ Բաքոյանը համատեղ կյանքի ընթացքում բազմաթիվ անգամներ ֆիզիկական բռնության է ենթարկել նրան: Նա նաև պատմել է, որ Բաքոյանին կարճ ժամանակով տվել է իր 13 հազար 500 դոլար արժեցող ժամացույցը, որը, ըստ նրա, պատգամավորը փորձել է իրենով անել, բայց երբ հասկացել է, որ կինը չի լռելու և դիմելու է ոստիկանություն՝ հետ է վերադարձրել։

Հրապարակումից օրեր անց կինը կրկին կապվել է լրատվամիջոցի հետ, խնդրել է հերքում տեղադրել, ասել է որ ներողություն է խնդրում Բաքոյանից, հարցին թե ի՞նչ եղավ այս ընթացքում, ասել է՝ որ մանրամասնել չի ցանկանում:

Չի ասել, թե ինչն է հերքում՝ Բաքոյանի հետ քաղաքացիական ամուսիններ են, թե ոչ, ծեծել է, թե ոչ, եթե չի ծեծել, ապա ով է ծեծել։

Ազգային ժողովում լրագրողների հարցերին ի պատասխան իշխանական պատգամավորը ևս անդրադարձել էր դեպքին՝ ասելով, որ դատախազությունը կպարզի մանրամասները:

Yerevan.Today-ը կապ հաստատեց դատախազության հետ՝ պարզելու, թե գործին ինչ ընթացք է տրվել։ Դատախազությունից միայն պատասխանեցին, որ հրապարակմանն ընթացք տրվել է, կնոջ հերքումն էլ կկցվի, կստուգվի։ Անցել է 4 օր, սակայն գործը դեռ որևէ մարմնի չի ուղարկվել: Հարցերին՝ ինչպե՞ս են ստուգելու, ինչպե՞ս է ապահովվելու կնոջ անվտանգությունը կամ հաշվի առե՞լ են հանգամանքը, որ այս ընթացքում պատգամավորի կողմից կարող էր ճնշում գործադրվել կնոջ նկատմամաբ՝ հերքելու կամ այլևս չխոսելու համար, պատասխաններ չստացանք:

Տեղեկատվություն փորձեցիք ճշտել նաև ոստիկանությունից, թե ի՞նչ քայլեր են արվում կնոջ անվտանգությունն ապահովելու համար՝ ոստիկանի կցում, թիկնապահ, ուղեկցում և այլն՝ հաշվի առնելով, որ Բաքոյանն իշխանական պատգամավոր է, ազատության մեջ է գտնվում և կարող է ճնշումներ գործադրի և որ հնարավոր է՝ արդեն գործադրվել է, ինչի արդյունքն էլ տիկնոջ հերքումն է: Պարզ դարձավ, որ ոստիկանությունում ոչինչ չի ձեռնարկվել, քանի որ տիկինը հաղորդում չի ներկայացրել այդ մասին, իսկ մամուլի հրապարակումը դեռ հաղորդում չէ։

Կապ հաստատեցինք Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանի աշխատակազմի հետ։ Պաշտպանի գրասենյակից միայն ասացին, որ իրենց համապատասխան դեպարտամենտը հետևում է իրադարձություններին, բայց քանի որ հերքում է եղել, իրավապահների կողմից ուսումնասիրություն է կատարվում, դեռևս որևէ հստակ բան չեն կարող ասել:

Մեր ճշտող հարցին՝ ՄԻՊ-ը հաշվի առե՞լ է, որ այս ընթացքում կարող էր ճնշում լինել կնոջ նկատմամաբ, ստացանք նույն պատասխանը, որ համապատասխան մասնագետները այդ հարցի շուրջ հետևում են իրավիճակին: Ինչ վերաբերում է հարցին, թե այդ ինչ մեխանիզմներով են հետևում իրադարձություններին, գրասենյակից դժվարացան պատասխանել՝ ասելով՝ մանրամասների համար գրավոր հարցում ուղարկեք:

Ստացվում է՝ ՀՀ պետական ատյաններում ջրվում է կնոջ ծեծի թեման։ Այսպես ասած՝ ինքը, իր կինը ինչ ուզում է՝ թող անի։

Փաստացի՝ դատախազությունը, ոստիկանությունը, մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը ամբողջությամբ մատնված են անգործության։ Այս դեպքով։ Իշխանական պատգամավորի դեպքով։

Հետաքրքիր է՝ եթե պարզվեր, որ ընդդիմադիր որևէ պատգամավոր նույն անպատկառությունն է ցուցաբերել և ծեծել է կնոջը, արդյո՞ք հիմա կլիներ ազատության մեջ, քա՞նի հոդվածներով գործ կհարուցվեր, Արթուր Դավթյանը ԱԺ ամբիոնից չէ՞ր կարդա անձեռնմխելիությունից զրկելու և կալանքի թույլտվության միջնորդությունը, որպեսզի պատգամավորը չմնար ազատության մեջ և կնոջ վրա ճնշում գործադրեր։ Էլ չասենք` պետական Հանրային ալիքը ինչ սրտաճմլիկ տեսանյութեր կթողարկեր, նույն պաշտոնյաների մեկնաբանություններով։ Ոստիկանները քա՞նի ուղեկցող կկցեին կնոջը՝ ամուսնուց պաշտպանվելու համար։ Սակայն ամենից տարօրինակը նա է, որ մի ամբողջ Գլխավոր դատախազություն, ՀՀ Ոստիկանություն, ՄԻՊ աշխատակազմ, անգործություն ցուցաբերելով, լծված են մի պատգամավորի հետ կապված սկանդալը ծածկադմ3ոց անելու գործին։

Աղբյուրը՝ yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը