Քաղաքական

16.06.2022 14:50


Քի Վեսթի տարբերակով Ադրբեջանն Արցախը՝ Շուշիով և Հադրութով, Լաչինի միջանցքով ճանաչում էր Հայաստանի մաս. Խամոյան (տեսանյութ)

Քի Վեսթի տարբերակով Ադրբեջանն Արցախը՝ Շուշիով և Հադրութով, Լաչինի միջանցքով ճանաչում էր Հայաստանի մաս. Խամոյան (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանն ավանդույթ ունի բանակցային պրոցեսի նրբությունները ճշտելու Իլհամ Ալիևից, որին որակում էր՝ կիրթ և կառուցողական, տեսանք հետո, թե Փաշինյանի այս կիրթ և կառուցողական գործընկերն ինչ բերեց հայ ժողովրդի գլխին։ Այս մասին այսօր՝ հունիսի 16-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից Ազգային ժողովում ԼՂ բանակցությունների վերաբերյալ արված երեկվա հայտարարությանը։

Նշենք, որ Փաշինյանը հայտարարել է, թե 1998 թվականին բանակցային սեղանին է հայտնվել տարածքների փոխանակման փաթեթը, որի էությունն այն է, որ Հայաստանը ստանում է Լեռնային Ղարաբաղը, իսկ դրա դիմաց Ադրբեջանին տալիս է Մեղրիի շրջանը։ Փաշինյանի տեսանկյունից՝ այդ տարբերակը քննարկելու Երևանի համաձայնությունը, ըստ էության, նշանակում էր, որ Հայաստանը, թերևս այն ժամանակ, ԼՂ-ն ճանաչում էր Ադրբեջանի կազմում։

«Հաշվի առնելով այն պարզ ճշմարտությունը, որ բանակցությունները վարած նախկին երեք նախագահների թողած բանակցային պրոցեսի նրբությունները Նիկոլ Փաշինյանը ճշտում է Իլհամ Ալիևից։ Հիշում եք՝ հանդիպումներից մեկի ժամանակ երբ լրագրողները հարցրին, թե ինչ էր նա խոսում Ալիևի հետ, ասում էր՝ նա ինձ պատմում էր բանակցային պրոցեսի նրբությունները։ Այս պայմաններում գուցե տրամաբանական է բանակցային պրոցեսի աղավաղումները, որոնք այս ընթացքում թույլ է տվել Փաշինյանը։ Ղարաբաղյան հակամարտության մասին բանակցային իր գիտելիքներն ինչպես տգետ կային, այդպես տգետ էլ մնացին։ Կամ նա բանակցային փաստաթղթերը կարդացել և չի հասկացել, կամ կարդացել և հասկացել է այն, ինչն իրեն հետո բանավոր զրույցի ժամանակ՝ դա եղել է վերելակում կամ սենյակում, պատմել է Իլհամ Ալիևը»,-նշեց Խամոյանը։

Պատգամավորի խոսքով՝ բանակցային պրոցեսի թողած առավելությունների կամ բացթողումների մասին կարելի է դատել նրանով, թե երկրի ղեկավարն ինչպիսի ժառանգություն է ստացել և ինչ է թողել.

«1998 թվականին երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ստացել է բանակցային պրոցես, և Լիսաբոնի տխրահռչակ գագաթնաժողովից հետո միջազգային հանրությունը, այդ թվում՝ ԵԱՀԿ Մինսկի համանախագահող երկրները ճանաչում էին Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ Արցախ՝ Ադրբեջանի կազմում։ Բանակցային համառ պրոցեսից հետո՝ 10 տարիների ընթացքում նախագահ Քոչարյանն իր հաջորդին է փոխանցել բանակցային փաթեթ՝ Մադրիդյան սկզբունքներ, որտեղ այդ նույն միջազգային հանրությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ-երկրները ճանաչել են Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը»։

Ագնեսա Խամոյանն ասաց, որ Նիկոլ Փաշինյանը շարունակում է առաջ տանել այն թեզը, որ նա բանակցային վատ ժառանգություն է ստացել, սակայն դա, ըստ պատգամավորի, տրամաբանական կլիներ, եթե 44-օրյա պատերազմը տեղի ունենար օրինակ՝ Փաշինյանի՝ վարչապետի պաշտոնը ստանձնելուց մեկ կամ երկու ամիս անց. «Պատերազմը տեղի է ունեցել 2 տարի անց, իսկ նա ինչո՞վ էր նա զբաղված 2 տարվա ընթացքում։ Երբ Խորհրդարանում հարցնում էին՝ բանակցային պրոցեսից ի՞նչ կարող եք հայտնել, երբ Լավրովը 2019-ին հայտարարում էր, որ փուլ առ փուլ փաթեթն է դրված բանակցությունների սեղանին, ինքն ու իր ապարատը ստում էին հայ ժողովրդին, հայտարարում էր՝ ինչ ուզեմ, այն էլ կբանակցեմ»։

Անդրադառնալով Քի Վեսթում մշակված տարբերակին՝ Խամոյանն ասաց, որ Ադրբեջանն Արցախը Շուշիով և Հադրութով, Լաչինի միջանցքով ճանաչում էր Հայաստանի մաս. «Ադրբեջանը դրա դիմաց ստանում էր ճանապարհ, բայց դրանք ընդամենը ստորգետնյա անցումներ պետք է լինեին։ Ադրբեջանի նախագահը՝ հայր Ալիևը շատ հստակ չէր համաձայնվել այդ տարբերակին, որով Նիկոլ Փաշինյանի մեկնաբանմամբ, երկրորդ նախագահը Արցախը ճանաչում էր Ադրբեջանի մաս»։

Այս խորագրի վերջին նյութերը