Հարցազրույց

02.09.2011 16:29


Ալեք Ենիգոմշյան.

Ալեք Ենիգոմշյան. Հարցազրույց ԱՍԱԼԱ–ի նախկին անդամ, «Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի  անդամ Ալեք Ենիգոմշյանի հետ –Այսօր ԼՂՀ անկախության օրն է։ Ի՞նչ ձեռքբերումներ ունեցանք այս 20 տարիների  ընթացքում։ –Նախ՝ շնորհավորում ենք Արցախի մեր հայրենակիցներին, բայց ասեմ, որ Արցախը՝ որպես անկախ պետություն, հայ ժողովրդի համար ինչ–որ  իմաստով անհեթեթ է, որովհետև Արցախը Հայաստանի մասն է կազմում։ Սա մեզ համար անբեկանելի սկզբունք է, բայց եթե դիվանագիտական պատճառներով Արցախի անկախությունը հռչակվել է, ապա դա ևս չպետք է Արցախի և Հայաստանի այսօրվա ղեկավարներին, ամբողջ հայ ժողովրդին մոռացնել տա, որ մեր 1988–ի շարժումն սկսվել է միացում սկզբունքով։ Այսօր ևս փաստացի միացում գոյություն ունի, և հիմնական խնդիրն այդ փաստն իրավական կարգավիճակի հասցնելն է։ Այս 20 տարիների ընթացքում ամենամեծ ձեռքբերումը եղել է նախկին ԼՂԻՄ–ի տարածքի ազատագրումն ադրբեջանական ուժերից և հատկապես նախապես հայաթափ եղած և Ադրբեջանի կողմից գրավված պատմական հայկական հողերի ազատագրումը, այսինքն՝ այն, ինչ մենք կոչում ենք ազատագրված տարածքներ։ Սա մեր ամենամեծ հաղթանակն է, որ Հայաստանն իրականացրել է ոչ միայն վերջին 20 տարիների, այլ երկարատև դարերի  ընթացքում։ –Իսկ ի՞նչ բացթողումներ ունենք։ –Բացթողումները շատ են։ Առաջինն այն է, որ պատերազմի դաշտում ձեռք բերված  հաղթանակը չդարձավ խաղաղ ժամանակների հաղթանակ այն առումով, որ առաջին հերթին այդ ազատագրված հողերը չյուրացվեցին հայ ժողովրդի կողմից իշխանությունների մեղքով։ Հայաստանի իշխանությունները և, ինչու ոչ, նրանց լծորդ Արցախի իշխանությունները հատուկ ռազմավարություն չմշակեցին այդ շրջանները  բնակեցնելու համար. հակառակը՝ նրանք բազմաթիվ անգամներ ինքնագոհ կերպով միջազգային հանրությանը, որպես դրական իրագործում, հավաստում էին, որ, ահավասիկ, տեսե՛ք, մենք այդ շրջանները չենք բնակեցրել։ Սա ամենամեծ բացթողումն է եղել։ –Ինչպե՞ս եք գնահատում Հայաստանի և Արցախի իշխանությունների վարած քաղաքականությունը։ –Ընդհանրապես այն քաղաքականությունը, այն համակարգը, որ տիրում էր Հայաստանի  Հանրապետությունում և Արցախում, առաջ է բերել ժողովրդի մեջ հիասթափության և հուսալքման այնպիսի իրավիճակ, որ ամենամեծ խնդիրը Հայաստանի համար դարձել է արտագաղթը, և դա մենք տեսնում ենք ոչ միայն ՀՀ–ում, այլ նաև Արցախում, և դա ամենամեծ բացթողումն ու ամենամեծ սպառնալիքն է, որ կախված է մեր  ժողովրդի և մեր  պետականության գլխին։ –Իսկ ի՞նչ սպառնալիքներ կան Հայաստանի և Արցախի առջև։ –Արտաքին սպառնալիքներին, ինչպես անցյալում, այնպես էլ հիմա, կդիմակայի հայ ժողովուրդը, կդիմագրավի իր ամբողջ ուժով, չնայած բարոյահոգեբանական այն վիճակին, որը տիրում է ժողովրդի մեջ, և, ցավոք, նաև զինված ուժերի շարքերում, որոնց ականատեսն  ենք լինում համարյա ամեն շաբաթ։ Չնայած դրան՝ ես վստահ եմ, որ ժողովուրդն իր զինյալ ուժերով և քաղաքացիական հասարակությամբ կկարողանա դիմագրավել ցանկացած  սպառնալիք, որը տվյալ պահին Ադրբեջանից կարող է գալ։ –Իսկ պատերազմի հավանականություն կա՞։ –Պատերազմի  հավանականությունը կախված է մեր դիմադրողական վիճակից։ Բոլորս էլ գիտենք, որ Ադրբեջանն այս վերջին տարիների ընթացքում անընդհատ կրկնապատկում է իր ռազմական բյուջեն և սպառազինությունը, և այն ժամանակ, երբ Ադրբեջանը վստահ լինի, որ կկարողանա թեկուզ մի քանի օրով ուժեղ հարվածներ  հասցնել Հայաստանին և հայկական զինուժին, կգնա այդ քայլին։ Ամբողջ խնդիրն այն է, որ, ներքին վիճակից ելնելով, դժվար թե Ադրբեջանը հասնի այդ աստիճանի, որ ինքն իրեն զգա այնքան ինքնավստահ, որ նման քայլի դիմի, սակայն դա մեզ բացարձակապես չպետք է մղի անտարբերության և հսկողության կորստի։ Սակայն մեր գլխավոր սպառնալիքը, ցավոք, սրտի ներսից է գալիս։ –Ի դեպ, ներքաղաքական ի՞նչ զարգացումներ եք կանխատեսում։ Առջևում նախընտրական տարի է։ –Այնքան ժամանակ, որ մենք ունենք նման երկիր՝ բոլոր բնագավառներում թուլացած և՛ նյութական, և՛ բարոյահոգեբանական իմաստով, անկախության (խոսքը ոչ թե Արցախի անկախության, այլ ընդհանրապես անկախության մասին է) ատրիբուտների հետզհետե կորցնելու պայմաններում հիմնական սպառնալիքն այս իրավիճակի շարունակությունն է դառնալու։ Ինչքան այս իրավիճակը շարունակվի Հայաստանում, այնքան արտաքին թշնամիների սպառնալիքները դիմադրելու հաջողության հավանականությունը կպակասի։ Ես չեմ ասում, թե մենք հասել ենք այդ փուլին, բայց ինչքան ներքին իրավիճակը շարունակվի մնալ, այն, ինչ հիմա է, այնքան մենք դժվարության մեջ կլինենք՝ դիմագրավելու արտաքին սպառնալիքին, և հակառակը՝ որքան հզորանանք, որքան շուտ փոխվի  համակարգը, այնքան մեզ համար  լավ կլինի։ Ինչ վերաբերում է ընտրություններին, անցած  առնվազն 15–16 տարվա փորձը ցույց է տվել, որ ընտրություններից ժողովուրդը ոչ մի հույս չպետք է ունենա, և ես կարծում եմ, որ ժողովրդի մեջ գնալով ավելի մեծ  թվով հայրենակիցներ հանգում են այն եզրակացության, որ ընդհանրապես ոչ մի ակնկալիք չի կարելի  ունենալ ընտրություններից։ Նման համակարգի ներսում, նման ռեժիմի իշխանության ներքո ընտրությունները ոչ մի արդար արդյունք չեն տա, և այդ պատճառով ես ոչ մի դրական արդյունք չեմ ակնկալում առաջիկա ընտրություներից՝ ո՛չ խորհրդարանական, ո՛չ էլ նախագահական։ Ես վստահ եմ, որ այդ ընտրությունների «արդյունքներն» ավելի են հիասթափեցնելու մեր ժողվորդին, և դա հանգեցնելու է  այն գիտակցության ավելի ամրապնդման, որ ներկա համակարգի տապալումը լինելու է միայն ժողովրդի ուժերով, և, ինչպես ասում են, ուղղակի  ժողովրդական միջամտությամբ, ժողովրդի անմիջական մասնակցությամբ։ Զրույցը  վարեց Հեղինե Հարությունյանը  

Այս խորագրի վերջին նյութերը