Կարծիք

23.04.2009 16:16


Անցյալ անկատար (Քոչարյանի նախագահության տարիների գնահատականը)

Անցյալ անկատար  (Քոչարյանի նախագահության տարիների գնահատականը)

         1 Երկարող նախաբան (մի՛ ձանրացիր, կամ մի՛ կարդա, ընթերցողդ հայոց վիրտուալ աշխարհիս)

            Ավարտին են մոտենում 2000-ական թթ-երը՝ մի տասնամյակ, որն ուրույն տրամաբանություն և ուրույն դեմք ունեցավ թե՛ համաշխարհային առումով, թե՛ ետսովետական տարածքում' տարբերվելով նախորդ, և, ինչպես երեւում է, նաև գալիք տասնամյակից (ապագա տարբերության վառ վկայությունը՝ տնտեսական ճգնաժամն է, որից աշխարհը, ըստ երևույթին, այլ է դուրս գալու քան նա է՛ այսօր):  

Հայաստանում այդ տասնամյակը համընկավ Ռ. Քոչարյանի նախագահության տարիների հետ (իհարկե, խոսքը քիչ թե շատ պայմանական համընկման մասին է, այլ ոչ թե ուղիղ տաս տարվա): Այսօր, մեր մոտ ակնհայտորեն անցումային փուլ է՝ մի կողմից շարունակվում է նախորդ շրջանի տրամաբանությունը (որն իր ժամանակավրեպության պատճառով վերածվում է օրեցօր ահագնացող մառազմի՝ «գիժ» դատավկանների վերջին պատմությունը թարմ ապացույց), մյուս կողմից էլ, կարծես, ուրվագծվում են նորի միտումները: Երկու պնդումն էլ հավասարապես վերաբերում է և՛ համաշխարհային, և՛ ներհայաստանյան իրավիճակներին: Հետևաբար, արժի փորձել վերհանել կարևորագույն կառուցվածքային տարրերը այն ժամանակահատվածի, որը, կներեք բառախաղի համար, արդեն անցել է, բայց դեռ չանցավ (հայերենի բայի անցյալ ժամանակների համակարգը օգնում է մեզ հասկանալ այս նրբերանգային տարբերությունը՝ «անցել է»-ն դրված է անցյալ ժամանակով, որն ունի «պերֆեկտային» բնույթ, այսինքն' նշանակում է գործողություն անցյալում, որի արդյունքները դեռ առկա են ներկայում, ինչի մասին վկայում է «է» օժանդակ բայի ներկա, այլ ոչ թե անցյալ («էր») ժամանակը, իսկ «անցավ»-ը անցյալ կատարյալով է, որը նշանակում է բուն անցյալ գործողություն):

Նման հետադարձ հայացքը պետք է օգնի ավելի լավ հասկանալ այսօրվա իրավիճակը՝ դրա հիմնական միտումները, հնարավոր զարգացումները և բոլորիս պատասխանատվությունը դրա համատեքստում: Խոսքն այստեղ սուբյեկտիվ գործոնների գնահատականների մասին չէ: Դրանք, փառք Աստծո, լավ թե վատ, բայց բազմիցս հնչեցվել են մեր ԶԼՄ-ներում: Սուբյեկտիվ գործոնները շատ կարևոր են, սակայն դրանք չեն, որ տվյալ դեպքում ինձ հետաքրքրում են: Դա նշանակում է, որ այս հոդվածի շրջանակներում Քոչարյանի և այլ հիմնական գործող անձանց անհատական հատկանիշները, որքան էլ դրանք էական լինեն, կարևոր չեն: Հոդվածի նպատական է՝ հասկանալ՝ որքանո՞վ էր քոչարյանական վարչակարգը համապատասխանում որոշակի օբյեկտիվ միտումներին արտաքին աշխարհում եւ Հայաստանի ներսում, եթե, իհարկե, համապատասխանում էր առհասարակ: Հասկանալով դա, կարելի է ավելի լավ հասկանալ, թե ի՞նչ է կատարում այսօր: Իհարկե, նյութս համապարփակ պատասխաններ տալուն չի հավակնում. սա ընդամենը փորձ է ուրվագծել որոշ հիմնախնդիրներ, որոնց շուրջ հետագայում, թերևս, հնարավոր լինի ծավալել բանավեճ: Անկեղծ ասած, նման փորձը ես շատ եմ կարևորում, քանզի կարծում եմ, որ հրապարակախոսական ու լրագրողական ոճերից դուրս գտնվող՝ ավելի վերացարկված դիտարկման կարիքը պակասում է մեր քաղաքականության մեջ: Երկար ու, գուցե, ձանձրալի նախաբանից հետո անցնենք բուն «բանին»:

            2. Բուն «բանը» (take 1) կամ terra postsovetica

             Ներքին իրավիճակը թե՛ իր առանձնահատկություններն ընդգծելու, թե՛ արտաքին աշխարհի հետ կապող ընդհանրությունները վերհանելու առումով, նախ անհրաժեշտ է այն տեղադրել ճիշտ արտաքին համատեքստի մեջ: Տվյալ դեպքում գործ ունենք երկու կարևոր համատեքստերի հետ՝ հետսովետական և ընդհանուր համաշխարհային, որոնց շրջանակներում պետք է փորձենք ներգծել 2000-ականների ներհայաստանյան իրավիճակը: Սկսենք առաջինից' հետսովետականից:

            Ակնհայտ է, որ հետսովետական տարածքի երկրները, չնայաց ամեն մեկի ընդգծված յուրահատկություններին, ունեն նաև զարգացման ընդհանուր օրինաչափություններ: Հարմարության համար ողջ հետսովետական տարածքը կարելի է պայմանականորեն բաժանել երեք խոշոր գոտու: Դրանք են՝ ա. «հետսովետական արևելքը»՝ Միջին Ասիայի երկրները, որոնց, թերևս, կարելի է կցել նաև Բելառուսը, բայց հանել՝ Ղրղզստանը,  բ. «հետսովետական արևմուտքը»' Մերձբալթիկա և գ. «անցումային» (գուցե՞ հարմար կլիներ կոչել՝ «եվրասիական») գոտի, որն ընդգրկում է մնացած երկրները՝ Մոլդովա, Ուկրաինա, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան և Ադրբեջան: Զուտ աշխարհագրական տեսակետից այս գոտու մեջ է մտնում նաև Բելառուսը, բայց քաղաքական առումով, ինչպես արդեն նշեցինք, ավելի հարմար կլիներ նրան «փոխատեղել» Ղրղզստանի հետ:  

Առաջին և երկրորդ գոտիների հետ ամեն ինչ բավականին պարզ է (ի նկատի ունենք 2000-ականների ընդհանուր պատկերը՝ առանց հնարավոր զարգացումները նոր փուլում դիտարկելով, հատկապես կապված տնտեսական ճգնաժամի հետ)՝ «արևմուտքում» քիչ թե շատ կայուն «ժողովրդավարություն» է (քանի որ ժողովրդավարություն եզրը շատ լայն ու պայմանական է, ավելի ճիշտ կլիներ ասել՝ ժամանակակից եվրոպական տիպի մրցակցային քաղաքական համակարգ), իսկ «արևելքում», առանձին երկրների միջև եղած բոլոր տարբերություններով հանդերձ (օրինակ, կայուն զարգացող Ղազախստան, եւ մառազմի մեջ թաթախված Թուրքմենստան), քիչ թե շատ կայուն ավտորիտարիզմ է՝ ավանդականության և արդիականության տարրերի փոխկապակցվածությամբ: Գոնե արտաքին հայացքի համար այս երկու գոտիներում չի երևում հասարակությունների և կառավարությունների այն համակարգային հակասությունը, որն այս կամ այն չափով բնորոշ է երրորդ գոտու երկրներին. «արևմուտքում» հասարակությունները բավականաչափ հասունացած են, որպեսզի քիչ թե շատ վերահսկեն և սահմանափակեն կառավարությունները, իսկ «արևելքում», հակառակը՝ հասարակությունները այնքան ցածր հասունության աստիճանի են, որ ավելի ճիշտ կլիներ խոսել ոչ այնքան բուն հասարակությունների, որքան նախնական համայնքային մտածողության մասին, որով ապահովվում է ավտորիտար վարչակարգերի կայուն վերարտադրությունը:

            Երրորդ՝ անցումային գոտին շատ ավելի բարդ տարածք է, և այս գոտում պայմանականորեն միավորված երկրներից յուրաքանչյուրը, ընդհանրություններով հանդերձ, աչքի է ընկնում ընդգծված առանձնահատկություններով:

Հրանտ Տեր-Աբրահամյան

շարունակելի

Այս խորագրի վերջին նյութերը