Հարցազրույց

26.07.2022 19:51


Իմ ասածը չի նշանակում, որ այլևս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը և վերադառնալու ենք խորհրդարան. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Իմ ասածը չի նշանակում, որ այլևս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը և վերադառնալու ենք խորհրդարան. Իշխան Սաղաթելյան (տեսանյութ)

Եթե ընդդիմությունը գնա խորհրդարան, գնալու է բացառապես իր օրակարգով, մեր մոտեցումների մեջ ոչինչ չի փոխվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով իր աղմուկ հանած հայտարարությանը, թե ընդդիմությունը սեպտեմբերին իր օրակարգով վերադառնալու է Ազգային ժողով:

«Մեր օրակարգը շատ հստակ է՝ Հայաստանի անվտանգությունը եւ Արցախը: Մենք այլեւս չենք պատրաստվում այլ օրակարգով լինել խորհրդարանում: Ակնհայտ է, որ ԱԺ-ում կա խորհրդարանական ճգնաժամ: Մենք չենք խուսափելու անհրաժեշտության դեպքում խորհրդարան վերադառնալուց, ինչպես հունիսի 3-ին էր, երբ մենք մեր օրակարգով գնացինք խորհրդարան, եւ բացակա էր քաղաքական մեծամասնությունը: Մենք որեւէ կերպ կաշկանդված չենք, երբ նպատակահարմար կգտնենք մեր ձեւավորած օրակարգով գնալ խորհրդարան, մենք կգնանք, բայց դա չի ենթադրում, որ մենք ունենք որոշում, որ այլեւս չենք բոյկոտելու ԱԺ աշխատանքը եւ վերադառնալու ենք խորհրդարան»,-ասաց Սաղաթելյանը՝ հավելելով, որ իրենց բոլոր նախաձեռնությունները մերժվել են քաղաքական մեծամասնության կողմից:

Նա ընդգծեց, որ ԱԺ աշխատանքը բոյկոտելու պահանջը ձեւավորված է իրենց ընտրողների կողմից. «Այն, որ ասում են՝ ընտրողները ձեզ քվե են տվել, որ գնաք, աշխատեք, ընտրողները մեզ տվել են օրակարգ այս իշխանություններին հեռացնելու, ուժեղ ու անվտանգ Հայաստան կերտելու համար։ Այդ օրակարգը մենք պարտավոր ենք սպասարկել՝ լինի ԱԺ-ում, թե դրանից դուրս»,-ասաց Սաղաթելյանը:

***

Խորհրդարանական ընդդիմությունն ինչ-որ փուլում վարչապետին իմպիչմենթի ենթարկելու օրակարգով կգնա խորհրդարան, բայց դա չի լինի սեպտեմբերին:

«Սեպտեմբերին վստահ ոչ, բայց ինչ-որ մի փուլի այո»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

«Արցախն ու Հայաստանը փրկելու համար անհրաժեշտ է հեռացնել այս իշխանություններին, իսկ դրա ճանապարհը լայն ժողովրդական ճակատ ճնշման տակ սրանց հեռացմանը հասնելն է: Հեռացման երկու ճանապարհ կա՝ հրաժարական եւ պաշտոնանկություն: Այս երկու գործիքներն էլ մեզ համար ընդունելի են:

Երբ հասնենք այդ մակարդակին, համաժողովրդական լայն ընդվզումը լինի, երկու ճանապարհով էլ հնարավոր է հասնել իշխանությունների հեռացմանը: Մենք ասել ենք, որ օգոստոսի երկուսից սկսած մեր գործիքակազմին ավելանալու է նաեւ պաշտոնանկությունը: Երբ, որ օրը հանդես կգանք այդ նախաձեռնությամբ, այն օրը, երբ դրա համար լինեն բավարար պայմաններ: Կլինի սեպտեմբերին, հոկտեմբերին, թե նոյեմբերին, կյանքը ցույց կտա»,-ասաց նա:

Սաղաթելյանը նշեց, որ այս փուլում շատ ակտիվ նախապատրաստական աշխատանքների մեջ են, առաջիկա հանրհավաքին կախտորոշեն իրենց անցած ճանապարհը, իսկ սեպտեմբերից ավելի կազմակերպված եւ ավելի լայն թափով կմտնեն պայքարի մեջ:

Անդրադառնալով իրեն եւ Վահե Հակոբյանին պաշտոնակ անելուն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Եթե իրենց թվում է, որ այդ քայլերով կարող են կաշկանդել մեր գործունեությունը, սխալվում են, որովհետեւ դա իրենց համար է պաշտոնը շատ կարեւոր հարց: Մենք ունենք շատ ավելի կարեւոր մանդատ՝ մեր ժողովրդի վտահությունը»:

Այս խորագրի վերջին նյութերը