Քաղաքական

06.08.2022 10:59


«Եթե Արցախի իշխանությունները խելքի չգան, մենք Արցախ չենք ունենալու». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

«Եթե Արցախի իշխանությունները խելքի չգան, մենք Արցախ չենք ունենալու». Մետաքսե Հակոբյան (տեսանյութ)

«Ինտենսիվ կրակոցներ չկան, բայց այնպես չէ, որ հրադադարի ռեժիմը չի խախտվում: Ադրբեջանը խախտում է հրադադարի ռեժիմը, կայուն լարվածություն կա, բայց մարտական գործողություններն այն ինտենսիվությամբ չեն, որ մի քանի օր առաջ էր»,-168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Երեկ կառավարության նիստին Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ շեշտեց, որ Ադրբեջանը չի կատարում իր պարտավորությունները, բայց նաև նշեց, որ, եթե ՌԴ խաղաղապահ զորախումբը, Ադրբեջանը երաշխավորեն շփման գծի անձեռնմխելիությունը, ԼՂՀ պաշտպանության բանակը մարտական հերթապահություն իրականացնելու անհրաժեշտություն չի ունենա։

Մետաքսե Հակոբյանից հետաքրքրվեցինք՝ եթե Ադրբեջանը նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները չի կատարում, ի՞նչ երաշխիք տալու մասին է խոսքը, ո՞րն է այս հայտարարության և առհասարակ այս իշխանությունների նպատակը:

«Նիկոլ Փաշինյանը պարտադիր իրար հակասող մտքեր է ասում: Երեկվանը ևս ցնցող հայտարարությունների շարք էր, էլի տարօրինակ չէր, որովհետև գիտակից մարդիկ հասկանում են, որ այդ անձը երբևէ որևէ պատահական խոսք, արտահայտություն չի անում, ամեն բան լավ պլանավորված է, և այն ձևակերպումները, որ ինքն ադեկվատ չէ, ուղղակի էմոցիոնալ է, չեն համապատասխանում իրականությանը: Երեկ ես ևս ուշադրություն դարձրի նրա այդ հայտարարությանը, և նա դա կրկնեց մի քանի անգամ: Ես հիշում եմ, որ ամիսներ առաջ նման հայտարարություն արեց, որ գալու է մի ժամանակ, որ Հայաստանում ևս կարիք չի լինելու ունենալ նման բանակ, որ մենք ունեցել ենք կամ դեռևս ունենք, սահմանը հսկելու են սահմանապահները: Իր այս հայտարարությունից հետո պետք է սպասել հաջորդ քայլերին: Ադրբեջանից ի՞նչ է գնում, որ խոստումներ տա՝ ոչինչ: Իրենք սինքրոն աշխատում են: Նիկոլ Փաշինյանն այսօր ասաց՝ վաղը իրենք կհայտարարեն, որ, իհարկե, երաշխիքներ տալիս են: Ես չեմ կարծում, որ սա այն դեպքն էր, որ պետք է զարմանայինք, սա այն դեպքն էր, որ էլի իրենք մեկը մյուսին հաստատեցին. Ադրբեջանը պահանջեց, Նիկոլ Փաշինյանը հաստատեց, ուղղակի խնդրեց, որ երաշխիքներ հնչեն: Պետք է սպասենք, որ մոտ օրերս այդ երաշխիքները կհնչեն»,-ի պատասխան՝ ասաց Հակոբյանը:

Նրա խոսքով՝ այն, ինչ երեսուն տարի թշնամին ցանկանում էր անել, անում է գործող իշխանությունների ձեռամբ, այսինքն՝ բաժանել Արցախն ու Հայաստանը. «Մեր հանրությունը պետք է գիտակցի, որ սա հենց Հայաստանի և Արցախի կործանումն է լինելու: Այն պահից, երբ Հայաստանն ու Արցախը կբաժանվեն իրարից, կսկսվի մեր երկու հայկական պետությունների կործանումը: Ելնելով այն հանգամանքից, որ այլևս որևէ պատասխանատվություն չեն կրում, Փաշինյանն էլ ամփոփեց այն միտքը, որ այլևս ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորը չէ, մնում է, որ Արցախի իշխանությունները խելքները գլուխները հավաքեն: ՀՀ իշխանությունները բացահայտ ասում և անում են, որևէ շփում ՀՀ և Արցախի իշխանությունների մեջ չկա: Եթե Արցախի իշխանությունները խելքի չգան, չգիտակցեն, չինքնակազմակերպվեն, մենք Արցախ չենք ունենալու: Վերջին ժամանակների գործընթացները հենց դրան են տանում»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը