Լրահոս

14.08.2022 14:49


«Սուրմալու» առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ և 60 տուժած (տեսանյութ, թարմացվող)

«Սուրմալու» առևտրի կենտրոնում հզոր պայթյուն է տեղի ունեցել․ կա 2 զոհ և 60 տուժած (տեսանյութ, թարմացվող)

Օգոստոսի 14-ին, ժամը 13։23-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի է ունեցել պայթյուն։

Հրդեհի բարդության «Թիվ 2» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ, ավտոսանդուղք, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ խմբերը և Հոգեբանական աջակցության բաժնի հերթապահ հոգեբանը։

Ըստ նախնական տվյալների՝ տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ․ կան տուժածներ։

Հայտարարվել է հրդեհի բարդության «Թիվ 3» կանչ․ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ևս չորս մարտական հաշվարկ։

***

Երևանի Սուրմալու առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով ժամը 14։25-ի դրությամբ Շտապօգնություն ծառայության մեքենաներով մայրաքաղաքի հիվանդանոցներ են տեղափոխվել 11 տուժածներ։ Այս մասին Արմենպրեսին հայտնեց Շտապօգնություն ծառայություն ընկերության տնօրեն Թագուհի Ստեփանյանը։

Սուրմալու առևտրի կենտրոնում պայթել է հրավառությունների նյութերի համար նախատեսված պահեստը։ ԱԻՆ-ի մասնագետներն ու փրկարարները տեղում են և փորձում են փլատակների տակից դուրս բերել վիրավորներին։ Զոհերի մասին հստակ տեղեկատվություն դեռ չկա։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով, ըստ նախնական տվյալների, կա մեկ զոհ և քսան տուժած։ Հայտնում է ԱԻՆ–ը։

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների թիվը հասել է 30-ի: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ԱԻՆ մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը:

Նա նշեց, որ այս պահին պայթյունի վայրում իրականացվում են հրդեհաշիջման և որոնողական աշխատանքներ, չի բացառվում, որ փլատակների տակ տուժածներ լինեն:

***

ԱԻՆ-ից հայտնում են, որ կա մեկ զոհ և երեսունչորս տուժած։

Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքները ղեկավարում Է ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը․ դեպքի վայրում են գտնվում ՓԾ տնօրեն, փ/ծ գնդապետ Արմեն Գասպարյանը, ԱԻ նախարարի և ՓԾ տնօրենի տեղակալները։

Հրդեհաշիջման աշխատանքներն իրականացվում են չորս տեղամասով․ աշխատանքներին ներգրավված են Երևանի քաղաքապետարանի տասնչորս ջրատար, ութ բեռնատար և երեք տրակտոր։

Պայթյունի հետևանքով տուժածները տեղափոխվել են «Արմենիա» ՀԲԿ, «Շենգավիթ», «Սուրբ Աստվածամայր» և «էրեբունի» ԲԿ-ներ։

Երևան քաղաքի և հարակից մարզերի ՓԾ ստորաբաժանումներում իրականացվում է ուժեղացված ծառայություն»-ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ հոսպիտալացված տուժածների վերաբերյալ տեղեկություն կարելի է ստանալ «911» թեժ գծի միջոցով։

***

«Սուրմալու» շուկայում պայթյունի հետևանքով տուժած քաղաքացիների վերաբերյալ տվյալներ է հայտնում Առողջապահության նախարարությունը։

Ժամը 16:30-ի դրությամբ «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 51-ի:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ» և «Իզմիրլյան» բժշկական կենտրոններում:

Կա 1 զոհ:

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունի հետևանքով մահացածը 40-45 տարեկան տղամարդ է։ Տեղեկությունը լրագրողների հետ զրույցում հայտնեց ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը։

Նրա խոսքով` հայտնի չէ, թե մահացածն այցելու էր, թե վաճառող։

«Նոր երկու կնոջ՝ երկու քույր էին, կարողացանք փլատակների տակից դուրս բերել։ Նրանք բավականին ծանր վիճակում տեղափոխվեցին հիվանդանոց։ Մինչ այդ էլի տեղափոխվածներ կային, նաև իրենց ոտքով են գնացել հիվանդանոց»,-ասաց Փամբուխչյանը։

***

Այս պահի դրությամբ պայթյունից տուժածների թիվը հասել է 57-ի, տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Նրանցից 36-ի վիճակը մասնագետները միջին ծանրության են գնահատում: Ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի չունենք, մյուսների վիճակը գնահատվում է բավարար:

55-ից 20-ը ստացել է առաջին օգնությունը ու դուրս գրվել:

Իսկ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում բուժում ստացող 5-ամյա երեխան վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է հիվանդասենյակ:

***

«Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունի հետևանքով փլատակների տակից փրկարները գտել են 1 քաղաքացու դի: Պայթյունի հետևանքով զոհերի թիվն այս պահի դրությամբ երկուս է:

Ինչպես հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը, տարբեր բժշկական կենտրոններ տեղափոխված տուժածների թիվը հասել է 60-ի: Նրանցից 36-ի վիճակը մասնագետները գնահատում են միջին ծանրության, 22-ը հետազոտվելուց հետո դուրս են գրվել:

Հոսպիտալացվածները գտնվում են «Արմենիա», «Էրեբունի», Թիվ 1 համալսարանական հիվանդանոց, «Սուրբ Աստվածամայր», «Շենգավիթ», «Իզմիրլյան», «Աստղիկ» և «Նաիրի» բժշկական կենտրոններում:

Պայթյունի հետևանքով հոսպիտալացվածների թվում կա նաև մեկ հղի: Կնոջ և պտղի կյանքին վտանգ չի սպառնում: Բժիշկները նրանց առողջական վիճակը բավարար են գնահատում:

Առողջապահության նախարարի տեղակալներ Արտակ Ջումայանն ու Արմեն Նազարյանը տարբեր բժշկական կենտրոններում տեսակցել են պայթյունից տուժած քաղաքացիներին, այդ թվում` հոսպիտալացված 5-ամյա երեխային ու նրա մորը:

Այս խորագրի վերջին նյութերը