Քաղաքական

09.09.2022 17:53


«Մենք ոստիկաններին չենք վիրավորել». Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր երգողը մանրամասներ է պատմում միջադեպից

«Մենք ոստիկաններին չենք վիրավորել». Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր երգողը մանրամասներ է պատմում միջադեպից

Հայրենասիրական երգեր երգած ու Ազատության հրապարակից երեկ ուշ երեկոյան բերման ենթարկված Գագիկը NEWS.am-ի հետ զրույցում պատմում է, որ ինքն ու իր հետ բերման ենթարկված մյուս երկու քաղաքացիները չեն վիրավորել ոստիկաններին։

Գագիկի խոսքով՝ «Ստարմուս» միջազգային փառատոնի շրջանակում կազմակերպված համերգից հետո, ժամը 23։00–ից 23։15–ի սահմանում, ինքը, եղբայրն ու ընկերները տեսնելով, որ մի խումբ երիտասարդներ Ազատության հրապարակում հայրենասիրական երգեր են երգում ու պարում, որոշել են միանալ նրանց, իսկ կարճ ժամանակ անց ոստիկանները սկսել են հրմշտել։

«Ոստիկանները հրմշտում էին մեզ հետ երգող ու պարող մյուս քաղաքացիներին, ասելով, թե հասարակական կարգ են խախտում, լռության ժամ է։ Չհասկացա, թե ինչ կատարվեց, որ ոստիկանները սկսեցին հրմշտել, անմիջապես դադարեցի երգելը, փորձեցի իրենց կանգնեցնել, բայց չստացվեց, ոչ մեկին էդտեղից չէի ճանաչում։ Ես ոստիկաններից հարգալից ձևով փորձում էի հասկանալ, թե ինչ է կատարվում, ես հարգում եմ բոլոր նրանց, ովքեր ծառայում են Հայաստանի Հանրապետության դրոշին, քաղաքացու խաղաղ անդորրն են ապահովում, ինքս էլ ծառայել եմ ու շատ լավ գիտեմ, թե ինչ է նշանակում ծառայությունը, բայց ոստիկանության փոխգնդապետը կոպիտ էր խոսում ինձ հետ, մի պահ ասաց՝ երկարացնում ես ու հենց առաջինն ինձ բերման ենթարկեցին»,–պատմեց Գագիկը՝ շեշտելով, որ իրենք չեն վիրավորել ոստիկաններին։

«Այդ միջադեպը տևել է 3 րոպե, մինչդեռ «Օպերային» հարակից սրճարաններից գիշերվա մինչև հազարը հնչում է «արաբաթուրքական» երաժշտություն, որի դեմ ոստիկանները ոչինչ չեն ձեռնարկում, բայց հայրենասիրական երգեր երգելն իրենց համար պատճառ էր, որ մեզ բերման ենթարկեն, պատճառաբանելով, թե ոստիկանության ծառայողին վիրավորել են»,– նշեց Գագիկը։

Նրա խոսքով՝ բերման ենթարկելիս իրենց նկատմամբ բիրտ ուժ է կիրառվել, ինչի հետևանքով երեքն էլ մարմնական վնասվածքներ են ստացել։

«Ինձ մինչև ոստիկանական մեքենա հասցնելը՝ հարվածել են։ 44–օրյա պատերազմի հետևանքով ես ողնաշարի հետ կապված խնդիր ունեմ, ես շատ ժամանակ ու ռեսուրս եմ ծախսել այդ խնդիրը բուժելու համար, իսկ էսօր ես ունեմ էն պատկերը, որը մինչ բուժումն էր, ու դա ոստիկանի կողմից կիրառված բիրտ ուժի հետևանքով է։

Երբ ինձ բերման ենթարկեցին, եղբայրս փորձեց օգնել, բնականաբար, նրան էլ բերման ենթարկեցին, նախ պառկեցրին, ապա ձեռնաշղթաներ հագցրեցին, մյուս քաղաքացու հագուստը պատառոտված էր, երեքս էլ մարմնական վնասվածքներ ենք ստացել»,–նշեց Գագիկը։

Կենտրոնի ոստիկանության բաժնում Գագիկը դեպքի առնչությամբ բացատրություն է տվել ու նշել, որ ոստիկանության ծառայողի նկատմամբ վիրավորանք չի հնչեցրել։

Այս խորագրի վերջին նյութերը