Քաղաքական

13.09.2022 15:19


Օգտվելով ՌԴ-ի իրավիճակից, Ադրբեջանը նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին. Կոնստանտին Զատուլին

Օգտվելով ՌԴ-ի իրավիճակից, Ադրբեջանը նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին. Կոնստանտին Զատուլին

«Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է խաղաղության հասնել Ադրբեջանի և Հայաստանի միջև»,-«Խոսում է Մոսկվան» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է Պետդումայի ԱՊՀ հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինը: Ռուս պատգամավորը նաև հավելել է՝ հիմա դա անելը հեշտ չէ, քանի որ Բաքվի թիկունքում կանգնած է Թուրքիան։

Նախօրեին Հայաստանը դիմել էր Ռուսաստանին՝ Ադրբեջանի հետ սահմանին իրավիճակի սրման պատճառով։ Զատուլինը կարծում է, որ Ադրբեջանն օգտվում է Ուկրաինայում տեղի ունեցող ռազմական գործողություններում Ռուսաստանի մասնակցությունից և նոր «վերջնագիր» է ներկայացնում Հայաստանին։

«Հրետակոծությունները, ցավոք, տխուր իրողություն են, որ ուղեկցում են հայ-ադրբեջանական հարաբերությունները՝ երկար տարիներ, բայց հատկապես՝ երկու տարի վաղեմության պատերազմից ի վեր։ Այս պատերազմից հետո Ադրբեջանը օգտագործում է բոլոր ճանապարհներն ու միջոցները՝ Ղարաբաղի համար պայքարում Հայաստանի պարտությունից հնարավորինս շատ օգուտներ քաղելու համար։ Ադրբեջանին՝ շրջանների հանձնումից հետո, սա արդեն մի շարք հետևանքների է հանգեցրել, բայց Ադրբեջանին, ըստ ամենայնի, դա ամբողջությամբ չի բավարարում. նա ավելին է ուզում և օգտագործում է այն հանգամանքը, որ ուկրաինական իրադարձությունների մեջ ներքաշված Ռուսաստանը բարդ իրադրության մեջ է՝ իր պահանջները ներկայացնելու համար, որոնք շատ նման են վերջնագրի։ Ինձ թվում է, որ մենք քաղում ենք երկու տարի առաջ տեղի ունեցածի հետևանքը: Կարծում եմ, որ այստեղ դեռ պետք է հասկանանք Թուրքիայի դերը, որը, որպես կանոն, կանգնած է Ադրբեջանի բոլոր գործողությունների հետևում»։

Պատգամավորը կարծիք է հայտնել նաև, որ ՌԴ-ն ձեռնպահ կմնա ռազմական գործողություններին միջամտելուց, բայց պետք է «սանձի Ադրբեջանին»: Ըստ նրա, ռուսական խաղաղապահ ուժերի առկայությունն Արցախի տարածքում արդեն իսկ ուժի կիրառում է: Կոնստանտին Զատուլինը նաև կարծիք է հայտնել, որ ՌԴ-ն պետք է ամեն ինչ անի, որպեսզի ձեռնպահ մնա ռազմական գործողություններում անմիջական ներգրավվածությունից, բայց պետք է ամեն ջանք գործադրի՝ Ադրբեջանից «հանգիստ վարքագիծ» ստանալու համար. «Բայց այն պայմաններում, երբ Թուրքիան կանգնած է Ադրբեջանի թիկունքում, դրան դժվար է հասնել։ Ռուսաստանը դիվանագիտական ճանապարհով փորձում է առաջընթաց գրանցել խաղաղության պայմանագրի ուղղությամբ»:

Ավելի վաղ Հայաստանը հայտարարել էր, որ անցած գիշեր ադրբեջանական զինուժը հրետանու և անօդաչու թռչող սարքերի միջոցով գնդակոծել է երկրի տարածքը։ Կան զոհեր և վիրավորներ:

Ավելի ուշ, ռուսական աղբյուրները տեղեկացրեցին, որ Մոսկվայի ժամանակով ժամը 9:00-ից Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադարի մասին պայմանավորվածության մասին։ Հայկական կողմը պաշտոնապես չի հաստատել հրադադարի մասին լուրը, «Սիվիլնեթի» լրագրողները տեղեկացնում են, որ 12.50-ի դրությամբ Սոթքի ուղղությամբ հրետակոծությունները շարունակվում են: Ներքին Հանդի համայնքապետ Խաչատուր Բաղդասարյանն էլ հայտնում է, որ ադրբեջանական կողմը Ներքին Հանդի ուղղությամբ շարունակում է կիրառել հրետանի։

Աղբյուրը՝ aravot.am

Այս խորագրի վերջին նյութերը