Քաղաքական

15.09.2022 01:32


Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին խորհրդարան (տեսանյութ)

Ընդդիմադիր պատգամավորները մուտք գործեցին խորհրդարան (տեսանյութ)
ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների պատգամավորները մուտք գործեցին խորհրդարան` Դեմիրճյան փողոցից։ Նրանք այնտեղ սպասելու են «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներին։ Այս մասին հայտարարեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։
Նա կոչ արեց հավաքվածներին չմոտենալ խորհրդարանի շենքին և դարպասներին։
«Շատ կարևոր պահ է։ Մեր նպատակն է, որ նրանք (ՔՊ–ականները,– խմբ.) գան ու իրենց գործն անեն»,-ասաց Մամիջանյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ իր հերթին ընդգծեց, որ իրավիճակը պատմական և օրհասական է: «Ընդդիմությունից 35 պատգամավոր պատրաստ է ստորագրել փաստաթուղթը և սկսել իմպիչմենտի գործընթաց, սակայն անհրաժեշտ է նաև 18 ստորագրություն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ներկայացուցիչներից»,-ասաց Սաղաթելյանը:
Նա իշխող խմբակցության ներկայացուցիչներին կոչ արեց միանալ վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացին և խոստացավ հրապարակել նրանց բնակության հասցեները։

Այս խորագրի վերջին նյութերը