Հարցազրույց

20.09.2022 09:37


«Առնվազն 500 սնարյադ է մեր գյուղի վրա տրաքել. գյուղը ավերակների է վերածվել». Հակոբ Ավետյան (տեսանյութ)

«Առնվազն 500 սնարյադ է մեր գյուղի վրա տրաքել. գյուղը ավերակների է վերածվել». Հակոբ Ավետյան (տեսանյութ)

Գեղարքունիքի մարզի Գեղամասար խոշորացված համայնքի նախկին ղեկավար Հակոբ Ավետյանը 168TV«Ռեվյու» հաղորդման ընթացքում մանրամասներ ներկայացրեց ադրբեջանական վերջին ագրեսիայի վերաբերյալ:

«Այն, ինչ տեղի ունեցավ սեպտեմբերի 13-ի գիշերը ու հաջորդ օրը նույնպես շարունակվեց, ուղղակի բոլորիս ցնցեց: Մի հատ հուժկու հարված էր գյուղին ու զորամասին, անսպասելի էր, բնակիչները բոլորը տեղում էին: Ոչ ոք չէր պատկերացնի, նաև՝ ես, որ կարող է նման բան լինել, չնայած՝ միշտ էլ թուրքից սպասում ենք, որ կարող է հարված լինել, բայց ոչ այդ տիպի: Զորամասն էին թիրախավորել, բայց պատահական չէր, որ նաև բնակելի տներին խփեցին: Դա պայմանավորված էր նրանով, որ խուճապ առաջացնեն: Դա ավտոմատի պատերազմ չէ, որ իմանան՝ ոնց են դիրքավորվում, ոնց են պաշտպանվում: Ռումբերից ժողովուրդը խուճապի մատնվեց, հազիվ կողմնորոշվեցին՝ ով ոնց է փախչում:

Մարդիկ կային, որ մեքենաներ չունեին, ոտքով էին փախչում: Ես ինքս տանն եմ եղել, այդ պահին երեխաներս էլ քնած չէին, հենց կրակոցները եղան՝ առաջինը քայլն այն էր, որ մտանք նկուղ: Այնքան ինտենսիվ էր կրակը, որ 2 ժամ 15 րոպե հետո նոր համարձակվել եմ երեխաներին նկուղից հանել, որ գնանք: Անկանոն կրակներ էին ու բոլորը սնարյադներ էին: Առանց չափազանցնելու՝ առնվազն մի 500 սնարյադ գյուղի վրա է տրաքել, դեռ չեմ խոսում զորամասի մասին»,-ընդգծեց նա:

Ավետյանի խոսքով՝ գյուղի բնակիչները հրաշքով են փրկվել. «Ոնց որ Աստված պահեց բնակիչներին, որ զոհ չունեցանք: Ունեցանք մեկ վիրավոր, կան թեթև վնասվածքներ ունեցողներ: 30-ից ավելի տուն հիմնահատակ քարուքանդ է եղել Սոթքում: Դրանից ավելի տներ տարբեր աստիճանի վնասներ են ստացել: Եվ այդ պայմաններում, որ զոհ չունեցանք, ուղղակի հրաշք էր: Մարդ կա, որ տնից դուրս է եկել ու անմիջապես տեսել է, որ իր տունը պայթեց, մարդ է եղել, որ տան մեջ են եղել, տունը պայթել է, բայց եղել են այն սենյակում, որը չի քանդվել, կամ եղել են դրսի խոհանոցում՝ տունն է քանդվել: Այսպիսի զուգադիպություններ են եղել, որոնց արդյունքում զոհեր չենք ունեցել: Բայց գյուղը ավերակների է վերածվել»:

Նա իր համագյուղացիներին կոչ է անում խուճապի չմատնվել. «Մեր բնակավայրերը չպետք է լքվեն: Մեր պետությունը կարող է ստիպել, որ այս ամենը չկրկնվի, եթե կրկնվեց, այդ տարածքներում մարդ չի մնա: Տնից ոչ մի իր դուրս չեմ բերել, որովհետև դա մեկ ուրիշ խուճապ կառաջացնի: Ես չգիտեմ՝ վաղը ինչ կարող է լինել, բայց իրերը դուրս չեմ բերում: Եթե պետք է տունը պայթի, թող մի երկու բազմոց, աթոռ էլ հետը վնասվի»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Այս խորագրի վերջին նյութերը