Աշխարհ

28.09.2022 08:00


Հայաստանի թիմը պարտվեց իռլանդացիներին և նահանջեց C լիգա (տեսանյութ)

Հայաստանի թիմը պարտվեց իռլանդացիներին և նահանջեց C լիգա (տեսանյութ)

Ազգերի լիգայի B լիգայի առաջին խմբի վերջին տուրի խաղում Հայաստանի հավաքականը Դուբլինում հյուրընկալվեց իռլանդացիներին։ Իսպանացի Խոակին Կապառոսի գլխավորած թիմը պարտվեց 2:3 հաշվով։

18-րդ րոպեին աչքի ընկավ անգլիական «Շեֆիլդ Յունայթեդի» 29-ամյա պաշտպան Ջոն Իգանը։ Գոլային փոխանցումն անկյունայինից կատարեց անգլիական «Պրեսթոնի» 30-ամյա կիսապաշտպան Ռոբերտ Բրեյդին։

52-րդ րոպեին դաշտի տերերի առավելությունը կրկնապատկեց Ուելսի «Սուոնսիի» 22-ամյա հարձակվող Մայքլ Օբաֆեմին։

69-րդ րոպեին ամերիկյան «Կոլամբուս Քրյուի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանին փոխարինեց լեհական «Պոգոնի» կիսապաշտպան Վահան Բիչախչյանը, որն անմիջապես սրեց խաղը։

71-րդ րոպեին Վահան Բիչախչյանի հարվածից հետո Իռլանդիայի հավաքականին գոլից փրկեց դարպասապահ Գեւին Բազունուն եւ ուղղահայաց դարպասաձողը, սակայն Հայաստանի թիմը շարունակեց գրոհը եւ Հայաստանի չեմպիոն Երեւանի «Փյունիկի» 32-ամյա կիսապաշտպան Արտակ Դաշյանը հեռվից գրավեց Իռլանդիայի թիմի դարպասը։

Երկու րոպե անց ռուսական «Կրասնոդարի» 22-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանն օգտվեց մրցակցի պաշտպաններից սխալից եւ միջին տարածությունից կատարած հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ 2:2:

89-րդ րոպեին VAR-ի կիրառումից հետո 11 մետրանոց նշանակվեց Դավիթ Յուրչենկոյի պաշտպանած դարպասին։ Սեփական տուգանային հրապարակում ձեռքով էր խաղացել Արտակ Դաշյանը։

Մրցավարի որոշման հետ բուռն անհամաձայնություն արտահայտելու համար հեռացվեցին Կիպրոսի «Անորտոսիսի» պաշտպան Հովհաննես Համբարձումյանն ու Արտակ Դաշյանը։ 11-մետրանոցն արդյունավետ իրացրեց Ռոբերտ Բրեյդին։

Երեւանում հունիսի 4-ին տեղի ունեցած թիմերի առաջին խաղում 1:0 հաշվով հաղթել էր Հայաստանի հավաքականը։

B լիգայի առաջին խմբում Հայաստանի հավաքականը 3 միավորով գրավեց վերջին տեղը եւ նահանջեց C լիգա։ Իռլանդիան նախավերջինն է՝ 7 միավոր։

Խմբի առաջատար Շոտլանդիայի հավաքականը 0:0 հաշվով խաղաց Ուկրաինայի թիմի հետ եւ 13 միավորով գրավեց առաջին տեղը՝ բարձրանալով A լիգա։ Ուկրաինան 11 միավորով գրավեց երկրորդ տեղը։

Ազգերի լիգա, 6-րդ տուր, B լիգա, առաջին խումբ

Իռլանդիա - Հայաստան՝ 3:2 (տեսանյութ)

Ջոն Իգան, 18, Մայքլ Օբաֆեմի, 52, Ռոբերտ Բրեյդի, 90+1, 11մ - Արտակ Դաշյան, 71, Էդուարդ Սպերցյան, 73

Հեռացումներ՝ Հովհաննես Համբարձումյան, 89, Արտակ Դաշյան, 90, երկրորդ դեղին քարտ

Շոտլանդիա - Ուկրաինա՝ 0:0

Աղբյուրը՝ sport.news.am

Այս խորագրի վերջին նյութերը