Քաղաքական

01.10.2022 09:04


Բերդում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են. «Հրապարակ»

Բերդում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Բերդ խոշորացված համայնքում իշխանության նախաձեռնած քրեական հետապնդումները շարունակվելու են, որպեսզի ճնշումներով հասնեն նրան, որ զավթեն համայնքային իշխանությունը, ինչպես արեցին Վանաձորում։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 25-ին ՔՊ-ն Բերդում խայտառակ պարտություն է կրել։ «Զորավոր համայնք» դաշինքը` գործող համայնքապետ, մոտ մեկ տարի կալանավորված Հարություն Մանուչարյանի գլխավորությամբ, մոտ 1500 ձայն ավելի է ստացել ՔՊ-ից։ Եվ մանդատները բաշխվել են այսպես․ «Զորավոր համայնք»՝ 11, ՔՊ՝ 8, «Արժանապատիվ սերունդ»՝ 2 մանդատ։ Մանուչարյանը կալանավորված է, ուստի չի կարող ներկա գտնվել եւ քվեարկել ավագանու նիստում, որտեղ համայնքապետ պետք է ընտրվի։ Այսինքն՝ ԶՀ-ն փաստացի 10 մանդատ ունի։ Երեկ կալանավորվեց նաեւ համայնքապետի ԺՊ Սամվել Հովսեփյանը, ով ավագանու ցուցակի 2-րդ համարն է։ Այսինքն՝ Քննչական կոմիտեի միջոցով ուժերի հարաբերակցությունը դարձրին 9/10։

Եթե Հովսեփյանին չձերբակալեին, Մանուչարյանը կարող էր ինքնաբացարկ հայտնել, ցուցակից նոր մարդ կմտներ եւ 11 ձայնով կընտրեին համայնքապետ։ Իսկ սրանով ամեն ինչ արվում է, որ իշխանությունը խլեն հաղթած ուժից։ Հոկտեմբերի 10-ին նշանակված է ավագանու առաջին նիստը, ԶՀ-ն, ըստ ամենայնի, չի ներկայանա նիստին, եւ քվորումի բացակայության պատճառով նիստ չի կայանա։ Իշխանությունը որոշել է ճնշումների միջոցով մեկ մարդ գողանալ ընդդիմությունից եւ համայնքապետ ընտրել։ Իսկ հակառակ պարագայում՝ 20 օրից Նիկոլ Փաշինյանն իր ուզած մարդուն կնշանակի համայնքապետի ԺՊ»։

Այս խորագրի վերջին նյութերը