Քաղաքական

02.10.2022 09:05


Աննա Հակոբյանի «պատերազմական» մանիպուլյացիան. ե՞րբ է ստեղծվել «Էրատո» ջոկատը, երբ մեկնել «մարտական առաջադրանքի»

Աննա Հակոբյանի «պատերազմական» մանիպուլյացիան. ե՞րբ է ստեղծվել «Էրատո» ջոկատը, երբ մեկնել «մարտական առաջադրանքի»

Հոկտեմբերի 1-ին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել է. «Երկու տարի առաջ մեր դեմ սանձազերծված անհավասար պատերազմի ընթացքում կանանց ջոկատ կազմեցի մեր զինվորի կողքին լինելու, նրան մենակ չթողնելու նպատակով»:

44-օրյա պատերազմի երկրորդ տարելիցից մի քանի օր հետո Աննա Հակոբյանի այս գրառումը թյուր տպավորություն կարող է ստեղծել, թե «Էրատո» ջոկատը ստեղծվել է պատերազմի առաջին օրերին և եղել թեժ կետերում: Սակայն իրականությունն այլ է:

Եվ այսպես՝ 2020-ի հոկտեմբերի 26-ին Աննա Հակոբյանը գրառում է անում ֆեյսբուքյան իր էջում:

«Վաղվանից 13 հոգանոց կանանց ջոկատը՝ այդ թվում ես ինքս, կսկսենք զինվորական պարապմունքներ։ Մի քանի օրից կմեկնենք մեր հայրենիքի սահմանները պաշտպանելու։

Մենք ո՛չ հայրենիք, ո՛չ արժանապատվություն չունենք թշնամուն զիջելու»:

Այնուհետ սրանից 10 օր հետո՝ 2020-ի նոյեմբերի 6-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է.

«Մեր ջոկատը տասնօրյա մարզումներից հետո պատրաստ է մարտական առաջադրանքի կատարման։ Ջոկատը կոչել ենք Հայոց թագուհի Էրատոյի անունով»:

Այսինքն, երբ Աննա Հակոբյանը նոր-նոր որոշում է զինվորական պարապմունքներ սկսել իր ջոկատի հետ, այդ ժամանակ արդեն զգալի տարածքներ էինք կորցրել՝ Մատաղիս, Թալիշ, Ջրական, Հադրութ, Կովսական՝ Զանգելան, Վարանդա՝ Ֆիզուլի, Սանասար՝ Կուբաթլու:

Իսկ երբ «Էրատո» ջոկատը պատրաստ էր մարտական առաջադրանք կատարելուն՝ նոյեմբերի 6-ին, վերը նշվածից բացի, էլի տարածքներ էինք կորցրել և կանգնած էինք Շուշին կորցնելու վտանգի առաջ:

Արդյոք «Էրատո» ջոկատը մասնակցե՞լ է Շուշիի մարտերին և փորձե՞լ է փրկել բերդաքաղաքը: Նման տեղեկություններ չկան, ավելին՝ մինչ այժմ պարզ չէ՝ «Էրատո» ջոկատը որտե՞ղ է մասնակցել թեժ մարտերի:

Պարզ չէ նաև, թե երբ արդեն ստորագրված էր կապիտուլյացիոն փաստաթուղթը, 2020-ի նոյեմբերի 10-ին այդ ո՞ր դիրքերը չէր շտապում լքել Աննա Հակոբյանը՝ իր ջոկատի հետ:

«Մոտ մեկ ժամ առաջ մեր դիրքեր «հրատապ» լուր եկավ, որ ես և իմ ջոկատը պետք է շտապ լքենք դիրքերը և վերադառնանք Երևան։

Ես պատասխանեցի, որ մինչև ամուսնուս հետ չխոսեմ, ոչ մի տեղ չեմ շարժվի։ Տեղափոխվեցի վայր, որտեղ հնարավոր է կապ հաստատել, և ինչպես և վստահ էի, ՀՀ վարչապետը՝ իմ ամուսինը ասաց, որ որևէ տեղ չգնամ։

Ինչպես նախորդ գրառման մեջ եմ նշել՝ մենք դիրք, հող, տուն, հայրենիք, ապագա չունենք զիջելու ոչ թշնամուն, ոչ էլ այս պահին ակտիվացած դավաճաններին»,- 2020-ի նոյեմբերի 10-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Աննա Հակոբյանը:

Նշենք, որ 168.amանդրադարձել էր, թե ինչն է Աննա Հակոբյանի համար ծառայել որպես խրամատ, և ինչ գորիսյան արկածներ է ունեցել «Էրատո» ջոկատը:

Աղբյուրը՝ 168.am

Այս խորագրի վերջին նյութերը