Աշխարհ

03.10.2022 15:07


Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան. Կրեմլ

Ռուսաստանի կողմից միջուկային զենքի օգտագործումը հնարավոր է միայն դոկտրինի դրույթներին համապատասխան։ Այս մասին, արձագանքելով Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի հայտարարությանը, ասել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Հոկտեմբերի 1-ին, Կրասնի Լիմանից ռուսական զորքերի դուրսբերումից հետո, Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել էր, որ իշխանությունները պետք է «արմատական միջոցների» դիմեն։ Մասնավորապես, անհրաժեշտ է դիտարկել երկրի մի շարք շրջաններում ցածր արտադրողականության միջուկային զենքի կիրառման և ռազմական դրություն մտցնելու հնարավորությունը, ասել էր Կադիրովը:

«Մարզերի ղեկավարներն ունեն իրենց տեսակետը հայտնելու, գնահատականներ տալու լիազորություն։ Ի վերջո, նրանք Ռուսաստանի մի ամբողջ շրջանների ղեկավարներն են, այդ թվում՝ Ռամզան Կադիրովը, որը, ինչպես գիտեք, հատուկ ռազմական գործողության հենց սկզբից շատ բան է արել և մեծ ներդրում է ունեցել հատուկ գործողության մեջ»,-ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը։

Նրա կարծիքով՝ նույնիսկ դժվարին ժամանակներում զգացմունքները չպետք է գերիշխող դառնան։

Ռուսաստանը հոկտեմբերի 1-ին հայտարարել է ինքնահռչակ Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության Կրասնի Լիման քաղաքից զորքերը դուրս բերելու մասին։ Այնուհետ ՌԴ ՊՆ-ն հայտնել է, որ դա տեղի է ունեցել Ռուսաստանի զինված ուժերի և դաշնակից ուժերի շրջափակման սպառնալիքի պատճառով։

Նշենք, որ ըստ ՌԴ միջուկային դոկտրինի՝ Ռուսաստանի Դաշնությունը իրավունք է վերապահում օգտագործել միջուկային զենք՝ ի պատասխան իր և (կամ) իր դաշնակիցների դեմ միջուկային և զանգվածային ոչնչացման այլ տեսակի զենքերի օգտագործման, ինչպես նաև սովորական զենքով Ռուսաստանի Դաշնության դեմ ագրեսիայի դեպքում, երբ պետության գոյությանը վտանգ է սպառնում:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը