Լրահոս

15.09.2011 10:29


Դիվանագետները փորձում են պաղեստինցիներին համոզել պետականության ճանաչման հարցով դիմում չներկայացնել ՄԱԿ–ին

Դիվանագետները փորձում են պաղեստինցիներին համոզել պետականության ճանաչման հարցով դիմում չներկայացնել ՄԱԿ–ին

Ինչպես հայտնում է «BBC»–ն, եվրոպական և ամերիկյան բարձրաստիճան դիվանագետները Մերձավոր Արևելքի խնդրում միջնորդական առաքելության նոր մրցափուլ են սկսել՝ փորձելով կանխել Պաղեստինի ինքնիշխանության՝ պետականության ճանաչման հարցով ՄԱԿ–ի դիմումը։

ԱՄՆ ներկայացուցիչներ Դենիս Ռոսն ու Դևիդ Հեյլը, ԵՄ–ի միջազգային հարցերով բարձրագույն ներկայացուցիչ Քեթրին Էշթոնը, ինչպես նաև մերձավորարևելյան քառյակի հատուկ ներկայացուցիչ Թոնի Բլեերը ժամանել են տարածաշրջան, որպեսզի փորձեն վերսկսել խաղաղ բանակցությունները։

Պաղեստինցիները մտադիր են այս ամիս հայտ ներկայացնել ՄԱԿ–ին։

Իսրայելը զգուշացնում է, որ եթե դա տեղի ունենա, ապա պետք է սպասել «կոշտ և ծանր հետևանքների»։

Ամերիկյան դիվանագետները Իսրայել  են ժամանել չորեքշաբթի, հանդիպել վարչապետ Բենյամին Նատանյահուի և պաշտպանության նախարար Էհուդ Բարաքի հետ։

Հինգշաբթի նրանք պետք է ուղևորվեն Հորդանան գետի արևմտյան ափեր, որպեսզի հանդիպեն պաղեստինյան ղեկավար Մահմուդ Աբբասի հետ։

Քեթրին Էշթոնը Նատանյահուի  հետ հանդիպումներ է ունեցել նաև  առավոտյան և հայտարարել, որ մտադիր է երկարացնել իր այցը հետագա բանակցությունների համար։

–Ես հույս ունեմ, որ մոտակա օրերին մեզ կհաջողվի հասնել այնպիսի արդյունքի, որը թույլ կտա սկսել բանակցությունները,–ասել է նա։

Վերլուծաբանների խոսքերով՝ եթե ՄԱԿ–ում Պաղեստինի հանրապետության ճանաչման հարցը հասնի քվեարկության, Եվրամիության 27 անդամ երկրներն իրենց կարծիքներով կարող են բաժանվել. ոմանք կպաշտպանեն պաղեստինյան հայտը, իսկ ոմանք էլ կփորձեն խանգարել դրան։

Հաղորդվում է, որ չորեքշաբթի ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնն արդեն հասցրել է խորհրդակցել Մերձավոր Արևելքի վերաբերյալ բանակցությունների, այսպես կոչված, «քառյակի» (ՄԱԿ, ԱՄՆ, Եվրամիություն և Ռուսաստան) ներկայացուցիչներ բարոնուհի Էշթոնի և Թոնի Բլեերի հետ։

Հիշեցնենք, որ Պաղեստինի և Իսրայելի միջև բանակցությունները տապալվել են շուրջ  մեկ տարի առաջ։ Այդ օրվանից Պաղեստինի ինքնիշխանությունը սկսել է 1967թ. սահմաններով և Աևելյան Երուսաղեմ մայրաքաղաքով պաղեստինյան հանրապետության ճանաչման արշավը ՄԱԿ–ում։

ՄԱԿ–ի գլխավոր  ասամբլեայի հիմնական նստաշրջանն սկսվելու է սեպտեմբերի 21–ին Նյու Յորքում։

Չորեքշաբթի Իսրայելի արտգործնախարար Ավիգադոր Լիբերմանը զգուշացրել էր, որ պաղեստինյան հանրապետության ճանաչման դեպքում աշխարհին ծանր հետևանքներ են սպասվում։

–Միակողմանի որոշման կայացման պահից սկսած կզգացվեն դաժան ու ծանր հետևանքները։ Ես հույս ունեմ, որ մենք չենք հասնի դրան, և որ  բոլոր որոշումների ընդունման ժամանակ  կաշխատի առողջ դատողությունը,–ասել է նա։

Որոշ իսրայելցի քաղաքական գործիչներ, ովքեր կապված են ուժային կառույցների հետ, արդեն կոչ են արել  մասնակիորեն անեկսիայի ենթարկել արևելյան ափը, եթե ՄԱԿ–ում պաղեստինցիները բարձրացնեն  պետականության ճանաչման հարցը։

Այս խորագրի վերջին նյութերը