Կարծիք

13.10.2022 07:45


Իրականում լուռ է ԲՐՅՈՒՍՈՎԸ․ զանգիս արձագանքել են՝ չեն ուզում քաղաքականացնել

Իրականում լուռ է ԲՐՅՈՒՍՈՎԸ․ զանգիս արձագանքել են՝ չեն ուզում քաղաքականացնել

ԲՐՅՈՍՈՎՑԻՆԵՐԻՆ, որը վերաբերում է բոլոր ուսանողներին

Ողջ օրը ցանկանում էի գրել։ Հոգիս կրծում էր երկմտումը։ Այսօր բրյուսովցիների արդարացի ընդվզմանն ի՞նչ արձագանքեի։ Այն, որ Հայրենիքը կորցնելու վտանգի մասին բարձրաձայնելիս այդ հրաշք ուսանողներից գրեթե որեւէ մեկը չարձագանքե՞ց, մեր գործընկեր Լիլիթ Գալստյանը երբ փորձում էր հանուն Հայրենիքի, հանուն Արցախի հայտարարության տակ ստորագրություն հավաքել ու դասախոսների մեծագույն մասը խուսափե՞ց, չմասնակցե՞ց, ավելին՝ նախկիններին քննադատե՞ց։

Չեմ անի դա։ Քանի որ Բրյուսովն ինձ համար շատ հարազատ է։ Իրականում, մենք այսօր Հայրենիք, Արցախ, Պետականություն կորցնելու վիհի առաջ ենք, քանի որ «բա դու՜ու՜ու՜ք...» չարախնդող հայտարարության հեղինակ ենք միշտ եղել։

Բրյուսովն ինձ համար դասավանդածս համալսարանն է։ Ու ամենակարեւորը՝ Բյուսովում Հայաստանում լրագրության լավագույն ֆակուլտետն է գործում, որի ամեն տարվա շրջանավարտ պրակտիկանտներից առնվազն մեկ-երկուսն ընդունվել են «Երկիր Մեդիա» աշխատանքի։ Բրյուսովցի դասախոսներից են եղել, որ Դիմադրության շարժման երթերին միշտ ներկա են եղել։ ՈՒ կարիք չկա այպանել Համալսարանը, եթե, ցավոք, ուսանողներն անտարբեր են եղել։ Դա մեր ժողովրդի ողբերգությունն է։ Դժբախտությունն է։

Ինչու Մայր Բուհն այլ կե՞րպ է վարվել։ Ոչ, նրանք էլ են անտարբեր եղել ու կան։ Նրանք անտարբեր են, երբ Հայրենիք է կորսվում, երբ անարդարություն է տեղի ունենում, ուսանող են հեռացնում քաղաքական պատճառներով։ Մայր Բուհից հետ չեն մնում մնացած ուսումնական հաստատությունները։ Բոլորն էլ որոշել են ապրել արհեստական կոմֆորտ տարածքում։

Պոլիտեխնիկն է իր հրաշք այգին ճաղավանդակներով շրջափակում (երբ մեր սահմանի ամրաշինական աշխատանքները զրոյական մակարդակի են)։ Երեւի որոշել են, որ թշնամուն այդ դիրքերում են կանգնեցնելու։ Կամ իշխանական մի երիտասարդի (Ավլինյանի է ազգանունը) քմահաճույքով, նույն պոլիտեխնիկցի դասախոսները ծաղրածուի հագուստ են հագնելու ու հանրային ծաղրուծանակի արժանանալու։

Գյուղինստիտուտում համակերպվեցին, որ իրենց ուսխորհրդի նախագահը գործ սարքող է լինելու ու Ավետիք Չալաբյանի գլխին սարքելու է գաղտնի ձայնագրությամբ ու սադրանքով։

Բժշկականի ռեկտորը «բարեգութ» տեսքով հազարավոր զոհերի պատճառ դարձած տիկնանց ու պաշտոնյաների է պարբերաբար դիմավորելու ծաղկեփնջերով,

Բոլորը նախկինում հանրապետականացումից դժգոհելուց հետո, ամեն մեկի վզին մի քանի չկայացած, անուս պաշտոնյա են դրել իբրեւ խոհրդի նախագահ ու անդամ։

Լուռ են մի քանի տարի առաջ բոլոր ԲՈՒՀ-երում գորգերով ընդունվող Ապրիլյան պատերազմի հերոս վետերեանները։ Դե՜ ամեն մեկը գործի է։ Ասում են՝ իրավունք չունեն հրապարակային գործունեություն ծավալել։

ՈՒ ԱՀԱՎՈՐԸ։ Իրականում լուռ է ԲՐՅՈՒՍՈՎԸ։ Այսօր զանգիս արձագանքել են՝ չեն ուզում քաղաքականացնել։ Բայց ես Հայրենիքիս պաշտպանությունը, Հայրենիքիս մի բեկոր Բրյուսովի պաշտպանությունը քաղաքական չեմ համարում։ Սա առոչինչ է։ Դրա համար էլ՝ լինելու եմ առաջին շարքերում։ Պարտքս է։ Առանց դրա ապրելս արդեն իմաստազուրկ է։

Իրենց իրավունքները պաշտպանող երիտասարդները, դստերս տարիքի աղջնակները կարող են մտածել, որ դա քաղաքականություն չէ, բայց հո լավ գիտեմ, որ դա է քաղաքականությունը։ ՈՒ վերջում։ Պապանձվեն բոլորը, որոնք իրենց անմակարդակ պատկերացումներով Բրյուսովը համարում են «կանանոց» ու ծաղրում Համալսարանին։ Այնտեղ ուսանել ու շարունակում են ուսանել արժանապատիվ մարդիկ, մեր դստրերի տարիքի աղջնակներ, մեր որդիների տարիքի երիտասարդներ, որոնք, վստահ եմ՝ կփոխեն երկիրը։

ՈՒ չեմ կարող չասել՝ #առանցնիկոլհայաստան

Գեղամ Մանուկյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը