Աշխարհ

20.10.2022 14:42


Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Կովսականում օդանավակայանի բացման արարողությանը (տեսանյութ)

Ալիևն ու Էրդողանը մասնակցել են օկուպացված Կովսականում օդանավակայանի բացման արարողությանը (տեսանյութ)

Թուրքիայի և Ադրբեջանի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Իլհամ Ալիևը հինգշաբթի կարմիր ժապավեն են կտրել՝ նշելով Զանգելանի (Կովսական) միջազգային օդանավակայանի բացումը, հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Էրդողանը հույս է հայտնել, որ նոր օդանավակայանը կծառայի ի շահ Ադրբեջանի և ամբողջ աշխարհի։

Պետությունների ղեկավարները շրջել են թուրքական ընկերությունների մասնակցությամբ մեկուկես տարում կառուցված օդանավակայանի տարածքում։

Նշենք, որ սա Արցախյան երկրորդ պատերազմից հետո օկուպացված տարածքներում Ադրբեջանի կողմից կառուցված երկրորդ օդանավակայանն է:

Ադրբեջան կատարած այցի շրջանակներում Էրդողանին ուղեկցում են Թուրքիայի խորհրդարանի փոխխոսնակ Ջելալ Այդընը, արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գյուղատնտեսության և անտառային տնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին, տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Ադիլ Քարաիսմայիլօղլուն, Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության (AKP) փոխնախագահ Բինալի Յըլդըրըմը, ԱԶԿ-ի խոսնակ Օմեր Չելիքը, նախագահի աշխատակազմի հաղորդակցության բաժնի ղեկավար Ֆահրեթթին Ալթունը և նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը։

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը