Կարծիք

01.11.2022 13:24


«Անձրևանոցային» դիվանագիտություն

«Անձրևանոցային» դիվանագիտություն

Սոչիի անձրևային եղանակը շատ խորհրդանշական ստացվեց։ Փաշինյան–Պուտին–Ալիև եռակողմ բանակցություններում Ալիևը սեփական անձրևանոցով էր պաշտպանվել թրջվելուց, իսկ Փաշինյանը՝ Պուտինի անձրևանոցով։

Ինքնիշխանությունից խոսող Փաշինյանն անձրևանոց է փնտրում, որ տակը մտնի։ Բրյուսելում մտնում է Միշելի անձրևանոցի տակ, Փարիզում՝ Մակրոնի, Վաշինգտոնում՝ Բայդենի, Սոչիում՝ Պուտինի, հոգու խորքում՝ Էրդողանի։

Սոչիի բանակցությունները Պուտինի համար շատ ծանր էին։ Ծանր էին, քանզի դժվար է պաշտպանել Ռուսաստանի շահը (նաև Հայաստանի շահը՝ մնացորդային սկզբունքով) և միաժամանակ պահել արբիտրային կարգավիճակն այն դեպքում, երբ Հայաստանն «էն գլխից» լվացել է ձեռքերն Արցախից ու համաձայնել ադրբեջանական առաջարկներին։

Դժվար է արբիտրություն անել ու դիվանագիտական հավասարկշռություն պահպանել մի դեպքում, երբ կողմերից մեկը կռիվ չի տալիս ու շատ հաճախ հանդես է գալիս հակառակ կողմին ձեռնտու դիրքորոշմամբ։ Ստացվում է՝ երկուսը մեկի դեմ։

Սոչիում Հայաստանը ոչ թե թղթե շերեփով էր, այլ առանց շերեփի։ Փաշինյանը նախապես էր հայտարարել, որ ինքն օգտվելու է ռուսական շերեփից․ ինչ թափվի դրանից ու տակն ինչ մնա, ինքը գոհ կլինի։

Ի՞նչ արձանագրվեց Սոչիում ու ի՞նչ է սպասվում։

1. Նիկոլ Փաշինյանը Պուտինի հետ արարողակարգային հանդիպման ընթացքում կարդում էր նախապես գրված տեքստը, որպեսզի իր պլանավորածից ավել–պակաս բաներ չասեր, համ էլ՝ հայկական լսարանի առաջ հետագայում հակառուսական մանիպուլյացիաների ու սեփական «կռուտիտների» հնարավորություն ստանար։

2. Հայաստանը Սոչիում գործնականում ներկայացուցիչ չուներ, քանզի Փաշինյանը տարբեր հարթակներում Արցախի հարցում «այո» է ասել Ալիևի բոլոր պահանջներին՝ այդպիսով զրկելով Հայաստանին բանակցային սուբյեկտայնությունից ու լրջագույն խնդիրներ առաջացնելով Ռուսաստանի համար։

Բացի այդ՝ Փաշինյանը նախապես հայտարարեց, որ ինքը պատրաստ է ստորագրել այն, ինչն առաջարկել է Ռուսաստանը և մնում է, որ Ռուսաստանը կարողանա դա անցկացնել։ Այսինքն՝ լվաց ձեռքերը ու քաշվեց մի կողմ։

3. Եռակողմ փաստաթղթում Լեռնային Ղարաբաղի թեման ընդամենն արձանագրվում է անուղղակիորեն՝ 2020–ի նոյեմբերի 9–ի հայտարարությանը հղում անելով։

Արցախում խաղաղապահների ժամկետի երկարաձգման հարց չկա։ Գերիների վերադարձման հարցն անուղղակի է շոշափված («հումանիտարիզմի» թեմայով), և Ադրբեջանը զրո պարտավորություն է վերցրել իր վրա։ ՀՀ տարածքից ադրբեջանական զորքերի դուրս բերման հարց չկա։ Այսինքն՝ Սոչիում ոչ մի էական հարց Երևանը չի լուծել։ Լուծել է Բաքուն՝ անցանկալի ձևակերպումներից ու պարտավորություններից խուսափելով։ Լուծել է Ռուսաստանը՝ արձանագրելով իր դերակատարումը և «փչացնելով» վաշինգտոնյանը։

4. Ռուսաստանն այնքան ուժեղ չէ, որ Ադրբեջանին ամեն ինչ պարտադրի իր ուզածով (Պուտինը հայտարարեց, որ համատեղ տեքստի նախնական տարբերակից որոշ բաներ հանվել են․ դժվար չէ կռահել, թե հատկապես ինչին է դեմ եղել Ալիևը), բայց այնքան թույլ չէ, որ իր դոմինանտ դերակատարումը հայ–ադրբեջանական հարաբերություններում չընդունեն Հայաստանն ու Ադրբեջանը։

Պուտինի թուլությունն Ալիևի հետ բանակցություններում պայմանավորված է Փաշինյանով։ Վերջինս համաձայնել է Ալիևի առաջարկած սկզբունքներին, համաձայնել է, որ Արցախը պետք է լինի Ադրբեջանի կազմում ու բավական հեռու է գնացել Վաշինգտոնյան տարբերակի ուղղությամբ։

Ինչպես հայտնի է, Ալիևն Աստանայում հայտարարեց, որ Պրահայում Փաշինյանի, Մակրոնի, Միշելի ներկայությամբ ինքն արձանագրել է, որ Ղարաբաղի թեման այլևս փակված է, այն Ադրբեջանինն է և ղարաբաղցիների հետ Բաքուն կհարաբերվի իր ներքին օրենսդրության շրջանակներում։ Ալիևը հատուկ շեշտեց, որ Պրահայում որևէ մեկի մոտ իր ասածները տարընթերցման տեղիք չեն տվել։ Սա նշանակում է, որ Պուտինի ցանկացած պահանջ և առաջարկ, որոնք կարող էին նաև հայկական կողմին ձեռնտու լինել, Սոչիի բանակցություններում հանդիպել է Ալիևի հակադարձմանը՝ «Նիկոլը համաձայնել է Ղարաբաղը ճանաչել որպես Ադրբեջանի մաս, ինչո՞ւ պետք է ես համաձայնեմ, որ Ղարաբաղի խնդիր դեռ կա, կամ ինչո՞ւ պետք է համաձայնեմ ռուս խաղաղապահների ժամկետի երկարացմանը, երբ այդ տարածքը Նիկոլը ճանաչում է ադրբեջանական» թեմաներով։

Ալիևի հաղթաթուղը Սոչիում եղել է Նիկոլ Փաշինյանը, ով ասում է, որ եթե Մոսկվան Բաքվին համոզի, ապա ինքը ամեն ինչի տակ կստորագրի։ Իսկ դա նշանակում է, որ բանակցություններում Երևանը պասիվ է եղել, ինչն էականորեն թուլացրել է Պուտինի բանակցային դիրքերը։

5․ Գոնե այս պահին Պուտինին հաջողվել է, ՌԴ շահերից ելնելով, կանգնեցնել հայ–ադրբեջանական հարաբերությունների կարգավորման Վաշինգտոնյան պլանը։ Թե ինչ կլինի առաջիկայում, մեզանից է կախված։

Արցախն իր միասնական «ոչ»–ն ասաց Ադրբեջանի կազմում հայտնվելու և Հայաստանի պետականության կորստի հեռանկարին։ Խոսքը հիմա Հայաստանինն է։ Նոյեմբերի 5–ին նշանակված հանրահավաքի գլխավոր մեսիջը հենց դա է լինելու՝ միասնություն դրսևորել Արցախի ժողովրդի հետ և «ոչ» ասել Հայաստանի ոչնչացման ծրագրին։

Սոչիում Հայաստանը ստացավ որոշակի ժամանակահատված՝ ներքաղաքական փոփոխությունների հասնելու համար։ Եթե այդ ժամանակահատվածում փոփոխություններ չլինեն, ապա կրկին կլինեն սահմանային միջադեպեր ու կրկին առաջ կգա Վաշինգտոնյան պլանը։ Ամեն ինչ դեռևս հայ ժողովրդի ձեռքերում է։

Անդրանիկ Թևանյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը