Հարցազրույց

20.12.2022 21:49


Հայաստանն ունի լծակներ, որոնք չի օգտագործում. Տարասովը՝ Լաչինի միջանցքի բացման մասին (տեսանյութ)

Հայաստանն ունի լծակներ, որոնք չի օգտագործում. Տարասովը՝ Լաչինի միջանցքի բացման մասին (տեսանյութ)

168TV-ի եթերում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն անդրադարձավ Լաչինի միջանցքի փակմանը, ռուս խաղաղապահների գործառույթներին ստեղծված իրավիճակում, ՄԱԿ ԱԽ-ում այս հարցի քննարկմանն ու Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան:

Նա նշեց, որ Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը Մոսկվայում մեծ անհանգստություն և զգուշավորություն է հարուցում:

Տարասովի խոսքով, միևնույն ժամանակ իրավիճակը պահանջում է կիրթ ախտորոշում, և պետք է հասկանալ՝ ի՞նչ է իրականում տեղի ունենում և ինչո՞ւ են հակամարտող կողմերն իրենց դրսևորում հենց այսպես, այլ ոչ թե այլ կերպ:

«Մենք՝ մի շարք ռուս վերլուծաբաններ, իրավիճակը դիտարկում ենք քառանկյուն ձևաչափում՝ Մոսկվա-Բաքու-Երևան-Բրյուսել: Մոսկվան մշտապես էպիկենտրոնում է, կրիտիկական իրավիճակներ են առաջանում հակամարտության գոտում, և բոլորը դիմում են Մոսկվային՝ և Փաշինյանը շփվում է Պուտինի հետ, Պուտինն է զանգում Ալիևին, և այլն, և այլն:

Հարցն այն է, որ վերջերս Սոչիում կայացավ ղեկավարների մակարդակով հանդիպում, թվում է, թե շատ հարցերի շուրջ քննարկումներ են եղել, պայմանավորվածություն, սակայն այս գործողությունները կրում են անտրամաբանական բնույթ, և մենք չենք կարողանում հասկանալ այս գործընթացի տրամաբանությունը, եթե չմիացնենք Բրյուսելին:

Իսկ քառանկյուն ձևաչափից դեռ որևէ ոք չի հրաժարվել, եթե Երևանը չի հրաժարվել բրյուսելյան հարթակից և ակտիվ երկխոսության մեջ է Արևմուտքի հետ, սա հայկական դիվանագիտության տակտիկան է, ապա ինչո՞ւ զանգեր չեն գնում Բրյուսել, Փարիզ՝ Բաքվի նկատմամբ ազդեցության համար: Հայաստանն ունի լծակներ, որոնք չի օգտագործում»,-նկատեց Տարասովը:

Ըստ նրա, կա գործողությունների ինչ-որ սխեմա, ինչ-որ մեկը փորձում է ինչ-որ մեկին ներքաշել էպիկենտրոն՝ ստիպելով «կրակից շագանակներ հանել» սեփական նպատակների իրագործման համար:

«Կարծում եմ՝ Բաքուն ցանկանում է ուժային ազդեցություն կիրառել Երևանի նկատմամբ, որպեսզի վերջինս համաձայնի Խաղաղության համաձայնագրի ստորագրմանն այն պայմաններով, որն Ադրբեջանն է ցանկանում: Հայաստանն էլ իր հերթին՝ դիմում է Ռուսաստանին: Այստեղ խնդիրների մի ամբողջ համակարգ է»,-գտնում է ռուս վերլուծաբանը:

Ինչ վերաբերում է ռուս խաղաղապահներին, ապա նա նշեց, որ խաղաղապահներն այնտեղ են նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն, և հենց ռուսական կողմն է բարձրացրել ռուս խաղաղապահների կարգավիճակի հարցը՝ հստակեցված չէ նրանց լիազորությունները, տեղակայման աշխարհագրությունը, սահմանային տեղակայվածությունը, մնացած պայմանականությունները մինչև համաձայնագրի ստորագրումը:

«Բացի ռուսական կողմից, խաղաղապահների կարգավիճակի հարցը որևէ կողմ չի բարձրացնում և շոշափում: Մեր խաղաղապահները հայտնվում են բարդ իրադրության մեջ, այսինքն՝ նրանց լիազորությունները, պարտավորությունները, ցուցումները, որոնք ստանում են Մոսկվայից, ու Բաքվի ու Երևանի պատկերացումներն այդ լիազորությունների վերաբերյալ չեն համապատասխանում: Մենք հայտնվում են էպիկենտրոնում, մեզ քննադատում են Բաքվում, Երևանում, իսկ իրավիճակը բարդ է»,-ասաց նա:

Իսկ իրականում Տարասովը գտնում է, որ Լաչինի միջանցքի գոտում ստեղծված իրավիճակի պատասխանատուն առաջին հերթին Երևանն ու Բաքուն են, քանի որ նրանք շփման մեջ են, հանդիպում են ԱԳ նախարարները, կա երկխոսություն առաջին դեմքերի մակարդակով, և նրանք լուծում են ոչ այն հարցերը, որոնք պետք է լուծել առաջին հերթին:

«Եթե չհստակեցվի խաղաղապահների կարգավիճակի հարցը, և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանն անընդհատ ստիպելու են մեզ շագանակներ հանել կրակի միջից»,-ասաց Ստանիսլավ Տարասովը:

Անդրադառնալով այս օրերին Մեծ Բրիտանիայի գաղտնի հետախուզական ծառայության MI-6-ի ղեկավար Ռիչարդ Մուրի այցին Երևան, հիշելով այս ամռանը նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզության ղեկավար Ուիլյամ Բըրնսի այցը Երևան՝ Տարասովն ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ Մուրը և Բըրնսն այցելում են Երևան, ոչ թե Բաքու կամ Մոսկվա:

Ըստ նրա, հետախուզության ղեկավարները հենց այնպես պատահական այցեր չեն կատարում:

«Նրանց նման օպերատիվ միջոցառումների մղում է արտակարգ նշանակության իրադարձությունները, որոնց, իհարկե, հնչեղություն չի տրվում: Բայց երևում է, որ պատրաստվում է ինչ-որ ակցիա կամ նախապատրաստվում է կանխարգելիչ ակցիա: ՀՀ իշխանությունները, բնականաբար, նրանց հետ շփվելով՝ տիրապետում են այդ տեղեկատվությանը, և ՀՀ իշխանությունների գործողություններում սա ինչ-որ կերպ պետք է արտացոլվի: Հնարավոր է, որ Փաշինյանը և նրա շրջապատը հակված են կոմպրոմիսային ինչ-որ որոշումների Բաքվի հետ երկխոսությունում»,-ասաց Տարասովը՝ շարունակելով, որ կա սցենար, պլան, որը բարդ է իմանալ:

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Այս խորագրի վերջին նյութերը