Քաղաքական

30.01.2023 09:33


Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին

Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ․ Խրամչիխին

Հայաստանում տեղակայվող ԵՄ քաղաքացիական երկարաժամկետ առաքելությունը լուրջ մտահոգություններ է առաջացրել Մոսկվայում։ Օրերս ՌԴ ԱԳՆ-ն ոչ միայն հանդես եկավ հայտարարությամբ, այլև հաջորդիվ իր ամենշաբաթյա բրիֆինգի ժամանակ թեմային անդրադարձավ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Ամփոփելով ՌԴ ԱԳՆ դիրքորոշումը, կարելի է ասել, որ Մոսկվան համարում է՝

  • ՀՀ տարածքում տեղակայվելիք առաքելությունը պետք է համաձայնեցվեր Ադրբեջանի հետ, այլապես այն կարող է ապակառուցողական լինել,
  • ՀԱՊԿ-ը պատրաստ է օպերատիվ կարգով դիտորդական առաքելություն տեղակայել ՀՀ-ում,
  • Ըստ իրադարձությունների զարգացման, ռուս խաղաղապահներն ու սահմանապահները կարող են արձագանքել ԵՄ դիտորդների քայլերին,
  • ԵՄ առաքելության քողի տակ գործում է ՆԱՏՕ ռազմաքաղաքական դաշինքը։

Ռուս ռազմաքաղաքական վերլուծաբան Ալեքսանդր Խրամչիխինն ասաց, որ ռուսական կողմի լարված արձագանքի պատճառն այն է, որ Հայաստանը, լինելով ՀԱՊԿ անդամ, դիտորդներ է խնդրել աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնից և մերժել ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը։

Սա, ըստ նրա, նշանակում է, որ Հայաստանն աշխարհաքաղաքական ընտրություն է կատարում, և Մոսկվան դրան արձագանքում է դիվանագիտական հայտարարությամբ։

«Այն դիվանագիտական մանիպուլյացիաները, թե Հայաստանը չի մերժել ՀԱՊԿ առաջարկը, չեն ընդունվում։ Տպավորությունը հստակ է, որ աշխարհաքաղաքական շրջադարձի փորձ է տեղի ունենում, և ամենևին պարտադիր չէ դրա համար դուրս գալ ՀԱՊԿ-ից։ Ինչո՞ւ են Երևանում ջղաձգվում, երբ Մոսկվայից նման հայտարարություններ են հնչում, չէ՞ որ Երևանից ևս բազմաթիվ քննադատություններ են հնչում՝ ուղղված ՌԴ-ին»,-ասաց Խրամչիխինը։

Ինչ վերաբերում է հայտարարություններում Ադրբեջանի հետ համաձայնեցման անհրաժեշտության մասին ՌԴ ԱԳՆ պնդումներին՝ Խրամչիխինը գտնում է, որ սա պետք է դիտարկել ընդհանուր զարգացումների տրամաբանության մեջ։

«Ադրբեջանի հետ համաձայնեցնելը պարտադիր չէ, բայց ցանկալի։ Բայց փաստ չէ նաև այն, որ Ադրբեջանը մեծ ոգևորությամբ ընդունելու էր ՀԱՊԿ դիտորդների լուրը։ Ի վերջո, Ադրբեջանը ԵՄ դիտորդների փաստին անդրադարձավ, բայց ոչ այնքան կոպիտ՝ չցանկանալով սրել ԵՄ-ի հետ հարաբերությունները։ Իսկ ՌԴ դրությունը բարդ է, Ադրբեջանը գոնե հրապարակավ և պաշտոնապես չի քննադատում Ռուսաստանին, իսկ Հայաստանի դիրքավորումը Ռուսաստանին գցում է ադրբեջանամետ դաշտ, սա ակնհայտ է։ Երբ Ադրբեջանը չի անում հրապարակայնորեն ՌԴ-ի համար տհաճ հայտարարություններ, նույնը չի անում նաև ՌԴ-ն։

Այո, ադրբեջանական մամուլում կան հակառուսական ուղղություններ, այդ թվում՝ շատ մերձիշխանական աղբյուրներում, սակայն դա, ի վերջո, պետք է տարանջատել պաշտոնական քաղաքականությունից»,-նման կարծիք հայտնեց Խրամչիխինը։

Նա այն կարծիքին է, որ ԵՄ քաղաքացիական առաքելության գլխավոր նպատակը ոչ թե ռեգիոնալ խնդիրները կարգավորելն է, այլ աշխարհաքաղաքական հարցեր լուծելը, որն էլ հմտորեն արվում է։

«Այսինքն՝ եթե ՀԱՊԿ-ի փոխարեն՝ ԵՄ առաքելությունն է գալիս, պարզ է, չէ՞, ինչ է տեղի ունենում, և և այդպես շարունակ քիչ-քիչ տեղի է ունենում Հարավային Կովկասից ՌԴ-ի դուրսմղում։

Ես չեմ կարծում, թե Ռուսաստանը սրանով դուրս կմղվի, և այդ գործընթացն այդքան պրիմիտիվ է։ Ռուսաստանում ինքնին փոփոխություններ են, ՌԴ արտաքին քաղաքականությունը և առաջնահերթությունները, այդ գործընթացներից ևս շատ բան է կախված»,-ասաց Խրամչիխինը։

Մանրամասները՝ 168.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը