Քաղաքական

16.02.2023 10:51


Միրզոյանը Թուրքիայում չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ. թուրքագետ

Միրզոյանը Թուրքիայում չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ. թուրքագետ

Թուրք գործընկերոջ` Չավուշօղլուի հետ հանդիպման ժամանակ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, հաշվի առնելով այդ երկրում առկա իրավիճակը, կարևորագույն թեզեր չհնչեցրեց և երկկողմ հարաբերությունների կարևորագույն կետերի վրա շեշտադրում չարեց։ Sputnik Արմենիայի հետ զրույցում այդ տեսակետը հայտնեց թուրքագետ Մհեր Աբրահամյանը։

ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանն այսօր մեկնել է Թուրքիա։ Նրա գլխավորած պատվիրակության կազմում էր նաև Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը: Թուրքիայում Արարատ Միրզոյանը հանդիպել է թուրք գործընկերոջ Մևլութ Չավուշօղլուի հետ։ Կողմերը պայմանավորվել են արագացնել ցամաքային հաղորդակցության բացումը։

«Երբ արտգործնախարարների հանդիպման ժամանակ խոսվեց դիվանագիտական հարաբերություններ հաստատելու և սահմանը բացելու մասին, ՀՀ արտգործնախարարը չհնչեցրեց «առանց նախապայմանների» եզրույթը, իսկ Չավուշօղլուն թեև հայտարարեց, որ Հայաստանը բարեկամության ձեռք է մեկնել Թուրքիային, այդուհանդերձ հիշեցրեց Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման նախապայմանի մասին»,-ասաց Աբրահամյանը։

Թուրքագետը հիշեցրեց` Միրզոյանն ամենևին չնշեց այն մասին, որ այսօր Արցախում առկա է հումանիտար աղետ, որի հետ, որոշ ուսումնասիրությունների համաձայն, առնչություն ունի նաև Թուրքիան, և շրջափակում իրականացնող, այսպես կոչված՝ ադրբեջանցի բնապահպանների կողքին կան նաև թուրք գործիչներ։ ՀՀ արտգործնախարարը չխոսեց նաև այն մասին, որ Արցախի հետ մեզ կապող ճանապարհը պետք է բացվի։

«Միրզոյանին ուղղված Չավուշօղլուի հաճոյախոսությունն ընդամենը դիվանագիտական ժեստ է, նա չվարանեց հիշեցնել Հայաստանին, որ 1988 թվականի երկրաշարժի ժամանակ Թուրքիան օգնություն է ուղարկել` չնշելով աղետի վայրի տեղանունը, մինչդեռ այն ժամանակ կար ոչ թե անկախ Հայաստան, այլ Խորհրդային Միություն, և Թուրքիան հարաբերվել է ԽՍՀՄ–ի հետ»,–նշեց մեր զրուցակիցը։

Աբրահամյանի դիտարկմամբ` Թուրքիան աղետալի երկրաշարժից հետո պատրաստվում է համապետական ընտրությունների, հետևաբար այս ընթացքում ավելի քիչ ուշադրություն կհատկացնի Հայաստանին, սակայն մեր արտգործնախարարությունը պետք է ավելի ակտիվ աշխատի և Թուրքիային հատկացրած մարդասիրական օգնություն ցուցաբերելու հանգամանքն օգտագործի գոնե Լաչինի միջանցքը բացելու համար։

Այս խորագրի վերջին նյութերը