Հարցազրույց

30.09.2011 16:29


Ռաֆիկ Պետրոսյան

Ռաֆիկ Պետրոսյան

Հարցազրույց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռաֆիկ Պետրոսյանի հետ

–Ասվում է, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որոշել է, որ գործարարներն այլևս չպետք է լինեն խորհրդարանում, հետևաբար նաև՝ ՀՀԿ–ի նախընտրական ցուցակում։ Բայց գործարարները հիմնականում ասում են, որ իրենք խորհրդարանից հրաժարվելու մտադրություն բոլորովին էլ չունեն։

–Հանրապետության նախագահն այդ մասին բացահայտ չի խոսել ոչ մի բառ։ Այդ մասին խոսակցությունների ժամանակ մի օր ԱԺ նախագահն է ասել, որ այն մարդիկ, ովքեր նիստերին չեն մասնակցում, գալիս են միայն հազվագյուտ դեպքերում՝ կոճակ սեղմելու համար, ավելի լավ է՝ չլինեն հաջորդ գումարման խորհրդարանում։ Մեր բոլորի ցանկությունն է, որ այդ գործարարները, ինչպես քաղաքակիրթ երկրներում է ընդունված, իրենց ներկայացուցիչներին ուղարկեն ԱԺ, ովքեր կմասնակցեն օրենսդրական գործունեությանը, և նրանց միջոցով իրենց շահերի օգտին լոբբինգ անեն։

–Բայց միայն գործարարնե՞րն են կոճակ սեղմողներ։ Կան ո՛չ գործարարներ, ովքեր խորհրդարան են գալիս կոճակ սեղմելու համար։

–Այո՛, կան ոչ գործարարներ։ Բայց ես էլ եմ կարծում, ու մեծամասնության կարծիքն էլ այն է, որ ավելի լավ կլինի՝ գործարարները գնան աշխատեն, ավելի շատ բարիք ստեղծեն, աշխատատեղեր բացեն, իրենց շահույթն էլ ավելանա, ու չգան հենց այնպես դառնան իշխանության անդամ։ Եթե գործարարությունը, օրենսդրական մարմինը և կառավարությունը սերտաճում են, դրանից վտանգ կա։

–2007–ին դրա մասին ՀՀԿ–ն չգիտե՞ր։

–Դե, Մոսկվան միանգամից չեն կառուցել։ Աստիճանաբար մենք գնում ենք դրան։

–Խոսակցությունները, որ գործարարները չպետք է լինեն հաջորդ գումարման խորհրդարանում, ծավալվեցին այն դեպքերից հետո, երբ կառավարությունը տնտեսության համար ոչ բարենպաստ մի շարք օրինագծեր ներկայացրեց, իսկ հատկապես գործարար պատգամավորները դրանց կա՛մ դեմ քվեարկեցին, կա՛մ էլ այնպես ընդդիմացան, որ դրանցում ստիպված դրական փոփոխություններ կատարեց կառավարությունը։

–Դա ես իմ մաշկի վրա զգացել եմ, երբ պետաիրավական հանձնաժողովի նախագահն էի, և մենք օրենք էինք քննարկում հարկ վճարելուց խուսափողների նկատմամբ քրեական պատասխանատվությունը խստացնելու վերաբերյալ, և ա՛յն գործարարները, ովքեր տարիներ շարունակ եղել էին պատգամավոր և ամբիոնից մի բառ չէին խոսել, սկսեցին ակտիվանալ և վեր կենալ, ամբիոնից խոսել, թե ինչու եք բարձրացնում պատիժը։ Գաղտնիք չէ, որ այսօր ԱԺ–ի մեծամասնությունը, եթե ոչ 70 տոկոսը, համենայնդեպս, 50 տոկոսից ավելին, զբաղվում է գործարարությամբ։ Թե նրանք քանի՞ տոկոսն են կազմում ՀՀԿ–ում, չեմ կարող ասել։ Բայց Սահմանադրության պահանջին համապատասխան՝ իրենք իրենց ունեցվածքն ուրիշներին հանձնեցին հավատարմագրային կառավարման, իբր թե իրենք չեն ղեկավարում այդ բիզնեսը։ Բայց ո՞ւմ հայտնի չէ, որ եթե գործարարը շահագրգռված է իր գործերով, նրա մտքում բոլոր դեպքերում իր բիզնեսն է։ Դրա համար էլ կա՛մ շատ դեպքերում չի գալիս, կա՛մ էլ ընդհանրապես չի գալիս։ Իսկ առողջ մտածող մարդկանց կարծիքն այն է, որ գործարարներն իրենց ներկայացուցիչներին ուղարկեն ԱԺ, իսկ իրենք զբաղվեն գործարարությամբ։

–Իրավիճակն այնպիսին կլինի, որ մենք պետք է ընտրություն կատարենք վատի և վատագույնի միջև։ Այսինքն, եթե մենք հիմա ունենք մի խորհրդարան, որտեղ որոշ ոչ նպաստավոր օրինագծեր երբեմն չեն անցնում գործարարների շնորհիվ, թեկուզ նրանք այդ պահին իրենց անձնական շահն են հետապնդում, Ձեր ասած սցենարի պարագայում կունենանք մի խորհրդարան, որտեղ այդ նոր երիտասարդները կլինեն, կոպիտ ասած, կատարածուներ, ինչպես Սովետական Միության ժամանակ, երբ բերում էին կթվորուհիներ, բանվորուհիներ, և ինչ ասում էին, նրանք կողմ էին լինում։

–Մենք դեմ ենք կթվորուհիներ, բանվորուհիներ բերելուն։

Այսինքն, այդ դեպքում մենք կունենանք ավելի կառավարելի խորհրդարան։

Ո՛չ։ Չհասկացող մարդն օրենքն ավելի շատ և շուտ է խախտում, քան հասկացող մարդը։ Օրինակ՝ իրավաբանները վախենում են օրենքը խախտելուց։

–ՀՀԿ–ում այժմ ճեղքեր կա՞ն։

–ՀՀԿ–ում որևէ ճեղք չկա, անկեղծ եմ ասում։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր չի բացառել, որ կվերադառնա մեծ քաղաքականություն, և նշել է 3 գործոն, որոնք իրեն կարող են դրդել այդ քայլին։ Առաջին՝ երկրի տնտեսական վիճակի և մարդկանց բարեկեցության զգալի և կայուն բարելավման բացակայությունը, և, որպես հետևանք, փակուղային տրամադրությունների և արտագաղթի աճը։ Այսինքն, այն, ինչ մենք հիմա ունենք։

–Իսկ ո՞վ է հաշվարկել՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահ եղած ժամանակ էր շատ մարդ արտագաղթո՞ւմ, թե՞ հիմա։

–Վիճակագրություն կա։

–Վիճակագրությունը կա, մենք չենք համեմատել երբեք։ Կարծում եմ, որ այն տարիներին մոտ մեկ միլիոն հայ Հայաստանից գնաց՝ սկսած Լևոն Տեր–Պետրոսյանի ժամանակներից։

–Խոսքը Քոչարյանի նախագահության տարիների մասին է։

–Քոչարյանի տարիներինը ես չեմ հաշվարկել, չգիտեմ։

–Լավ, երկրորդ կետը, որ նշել է Ռ. Քոչարյանը՝ հասարակության տարբեր շերտերի կողմից իր՝ մեծ քաղաքականություն վերադարձի պահանջարկը։ Ըստ որոշ հարցումների՝ Ռոբերտ Քոչարյանն ավելի շատ ձայն ունի, քան Սերժ Սարգսյանը։ Այսինքն, այս կետն էլ է առկա այսօր։

Հնարավոր չէ։ Հասարակությունը եթե համեմատություն է անցկացնում, պետք է տեսնի, որ Սերժ Սարգսյանն այսօր ցանկանում է հանրապետությունում ստեղծել հասարակական միասնություն, հանդուրժողականություն, մյուս կողմին ընդառաջ գնալու կարողություն և այլն։ Բացի դրանից, նա արդյունավետ ձևով զբաղվում է և՛ արտաքին քաղաքականությամբ, և՛ Ցեղասպանության հարցերով, և՛ ԼՂ–ի հակամարտության լուծմամբ։

–Ռոբերտ Քոչարյանի ժամանակ այդ հարցերով չէին զբաղվում։

–Ռոբերտ Քոչարյանի ժամանակ էլ էին զբաղվում, հիմա էլ են զբաղվում։ Բայց հիմիկվա նկատմամբ նախկինի առավելությունը ես չեմ տեսնում։

–Երրորդ կետը՝ իմ ներքին համոզվածությունն առ այն, որ ես կարող եմ արմատական ձևով բարելավել իրավիճակը: Այս հայտարարությունը, կարծում եմ, գալիս է ապացուցելու, որ Ռոբերտ Քոչարյանն այդ համոզվածությունն ունի։ Նրա վերադարձը մեծ քաղաքականություն ՀՀԿ–ի ներքին մթնոլորտի վրա ինչպե՞ս կանդրադառնա։

–ՀՀԿ–ն միահամուռ է։ Գուցեև Քոչարյանի թեկնածության առաջադրման դեպքում ՀՀԿ–ական որոշ առանձին մարդիկ անցնեն նրա թեկնածության պաշտպանությանը։ Հնարավոր է։ Այնպես, ինչպես հնարավոր է, որ մյուս կուսակցություններից անցնեն մեր կողմը։ Բայց այն առաջին կետը, որ պարոն Քոչարյանը խոստանում է, որ կլուծի տնտեսական բոլոր հարցերը, այս վիճակից կհանի մեզ և արտագաղթը կդադարեցնի, ինձ մոտ կասկած է առաջացնում՝ դժվար թե հաջողացնի այդ բոլորն անել։

–Այսինքն, ՀՀԿ–ն երբեք չի՞ սատարի Ռոբերտ Քոչարյանին։

–Եթե գա, դառնա Հանրապետական կուսակցության անդամ, և քաղխորհուրդն էլ որոշի, որ պաշտպանում է Ռոբե՛րտ Քոչարյանի թեկնածությունը, շարքային կուսակցականներն, իհարկե, կպաշտպանեն։ Իսկ այսօր ՀՀԿ–ի թեկնածուն Սերժ Սարգսյանն է։ Եթե այլընտրանք լինի, իմ ձայնը ես տալու եմ Սերժ Սարգսյանին, որովհետև երկրի ներքին հարցերը հնարավոր է լուծել միայն հանդուրժողականության, հասարակական միասնության  պայմաններում։ Եվ այդ միասնության քայլերը կատարել է Սերժ Սարգսյանը՝ Հանրային խորհուրդ ստեղծելով։

–Բայց այդ խորհուրդները ձևական բնույթ են կրում...

–Այսօր Հանրային խորհուրդը մեծ դեր է խաղում հանրապետության առջև կանգնած տարատեսակ հարցերի լուծման պարագայում։

Օրինակ՝ մեկ հարց կարո՞ղ եք ասել, որ Հանրային խորհուրդը լուծել է։

–Մենք միշտ ստանում ենք օրենքների նախագծերի կապակցությամբ Հանրային խորհրդի կարծիքները։

–Ռոբերտ Քոչարյանը ո՞ր կուսակցության վրա հենվելով կարող է գալ մեծ քաղաքականություն։

–Եթե կոալիցիայի անդամ կուսակցություններից որևէ մեկը նրա թեկնածությունն առաջադրի, կնշանակի, որ կոալիցիան քայքայվում է, որովհետև ունենալու են տարբեր թեկնածուներ։ Այդ դեպքում կոալիցիան չի գործի այն կազմով, որն այսօր կա։ Այդ դեպքում իրավիճակը կսրվի, որովհետև եթե հիմա բոլոր քաղաքական ուժերը միևնույն նպատակին են ուղղում իրենց կարողությունները, այն ժամանակ տարբեր մարդկանց օգտին են ուղղելու իրենց քարոզչությունը, և անպայման հակասություններ, կոնֆլիկտներ կառաջանան։

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը