Քաղաքական

07.03.2023 12:05


ՔՊ-ն գրավում է դատական համակարգը․ նախկին պատգամավորը՝ դատարանի նախագահ․ «Հրապարակ»

ՔՊ-ն գրավում է դատական համակարգը․ նախկին պատգամավորը՝ դատարանի նախագահ․ «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը շարունակում է սիստեմատիկ կերպով դատական համակարգն իրեն ենթարկեցնելու, հին եւ փորձառու կադրերից ազատվելու եւ այնտեղ իր մարդկանց նշանակելու գործընթացը։ Մարտի 3-ին նախագահի հրամանով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է նշանակվել Արթուր Ռազմիկի Դավթյանը։ Դավթյանը նախկին իմքայլական պատգամավոր է, մինչ այդ եղել է Երեւանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ, նախկինում զբաղվել է փաստաբանական գործունեությամբ եւ մինչեւ 2022 թվականի հուլիսը երբեւէ դատավոր չի աշխատել։ 2022 թվականի հուլիսին 4-ին նա միանգամից նշանակվել է Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի հակակոռուպցիոն քաղաքացիական գործերի քննության դատական կազմի դատավոր։ Նշենք, որ այս կազմն է քննելու «Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին» օրենքի շրջանակներում հարուցված քաղաքացիական վարույթներով վճռաբեկ բողոքները։ Այսինքն՝ պետական միջոցները ետ բերելու հարցում վճռական խոսքը պատկանում է այս դատարանին։

Վճռաբեկ դատարանի պալատի նախագահի նշանակման հարցը կարգավորում է ՀՀ դատական օրենսգքրի 134-րդ հոդվածը։ Ըստ այդ հոդվածի՝ «Դատական դեպարտամենտը կազմում եւ Բարձրագույն դատական խորհրդին է ներկայացնում տվյալ պալատի բոլոր այն դատավորների ցուցակը, որոնք ունեն ոչ պակաս, քան երեք տարվա դատավորի փորձառություն, չունեն կարգապահական տույժ, չեն պաշտոնավարել տվյալ պալատի նախագահի պաշտոնում եւ Բարձրագույն դատական խորհրդի անդամ չեն»։ Նույն հոդվածի 2-րդ մասը, սակայն, սահմանում է, որ «դատավորի ոչ պակաս, քան երեք տարվա փորձառություն ունեցող դատավորների թիվը երեքից պակաս լինելու դեպքում սույն հոդվածի 1-ին մասով նախատեսված ցուցակը կազմելիս դատավորի առնվազն երեք տարվա փորձառություն ունենալու պահանջը չի կիրառվում»։ Այսինքն, հատուկ սողանցք են թողել Դավթյանին եւ այլ անփորձների դատարան խցկելու համար։ Ներկայում Վճռաբեկ դատարանի հահակոռուպցիոն պալատը կազմված է 8 դատավորից՝ Արթուր Դավթյան, Գեւորգ Գյոզալյան, Լիպարիտ Մելիքջանյան, Արման Կուրեխյան, Սերգեյ Չիչոյան, Արտակ Կրկյաշարյան, Դավիթ Վեքիլյան եւ Կարեն Բիշարյան։ Կիսաքաղաքական կազմ, որտեղ նախկին ԲԴԽ անդամ կա, Նիկոլ Փաշինյանին ժամանակին պաշտպանած փաստաբան, ԲԴԽ անդամ եւ այլք։

Ինչպես նշեցինք, Արթուր Դավթյանը դատավոր է դարձել 2022 թվականի հուլիսին եւ դատավորի՝ մեկ տարուց էլ պակաս փորձ ունի, դատավորի նույնքան փորձ ունեն Գեւորգ Գյոզալյանը, Լիպարիտ Մելիքջանյանը, Արտակ Կրկյաշարյանը։ Արմեն Կուրեխյանը դատավոր է նշանակվել հեռավոր 2008 թվականին եւ ունի դատավորի 15 տարվա ստաժ, պաշտոնավարել է թե՛ առաջին ատյանի, թե՛ վերաքննիչ դատարաններում։ Սերգեյ Չիչոյանը 1999 թվականից է աշխատում որպես դատավոր, ունի դատավորի 24 տարվա փորձ, նա եւս պաշտոնավարել է թե՛ առաջին ատյանում, թե՛ վերաքննիչում։ Մյուս դատավորը՝ Կարեն Բիշարյանը, դատավոր է դարձել 2021 թվականին, մինչ այդ եղել է Գլխավոր դատախազության հասարակական անվտանգության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետը։ Ինչ վերաբերում է Դավիթ Վեքիլյանին, ապա նա ԱԺ-ի կողմից Վճռաբեկ դատարանի դատավոր է ընտրվել 2022 թվականի դեկտեմբերի 21-ին, այսինքն՝ 3 ամիս առաջ, նախկինում քննիչ ու դատախազ է աշխատել։ Նշվածներից միայն Սերգեյ Չիչոյանը չէր կարող լինել Վճռաբեկ դատարանի պալատի նախագահ, քանի որ Բարձրագույն դատական խորհրդի անդամ է։

Բարձրագույն դատական խորհրդից փորձեցինք ճշտել, թե Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի թափուր տեղի համար, բացի Արթուր Դավթյանից, էլ ում թեկնածությունն են քննարկել, քանի որ օրենքը պահանջում է համապատասխան ցուցակ կազմել եւ քվեարկել։ ԲԴԽ-ից պատասխանեցին․ «Բարձրագույն դատական խորհրդի կողմից՝ Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահի ընտրության նպատակով, օրենքով սահմանված կարգով, դիտարկվել են դատավորներ Կարեն Բիշարյանի, Գեւորգ Գյոզալյանի, Արթուր Դավթյանի, Արման Կյուրեխյանի, Արտակ Կրկյաշարյանի, Լիպարիտ Մելիքջանյանի եւ Դավիթ Վեքիլյանի թեկնածությունները։ Խորհրդի կողմից իրականացված բաց քվեարկության արդյունքներով՝ 6 կողմ, 4 դեմ ձայներով Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի նախագահ է ընտրվել Արթուր Դավթյանը»։ Փաստորեն ԲԴԽ-ն, ցուցակում ունենալով Արման Կուրեխյանի անունը, ով դատավորի 15 տարվա ստաժ ունի, ընտրել է Արթուր Դավթյանին, ով դատավորի 9 ամսվա փորձ ունի, իսկ նախկինում էլ քաղաքական թիմի մաս է եղել։

Այս խորագրի վերջին նյութերը