Քաղաքական

19.03.2023 19:30


Արևմուտքի կողմից մեր պետությունների միջև վեճ գցելու անամոթ փորձերի ֆոնին՝ մեծ նշանակություն ենք տալիս գալիք բանակցություններին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման մասին

Արևմուտքի կողմից մեր պետությունների միջև վեճ գցելու անամոթ փորձերի ֆոնին՝ մեծ նշանակություն ենք տալիս գալիք բանակցություններին. ՌԴ ԱԳՆ-ն՝ Լավրով-Միրզոյան հանդիպման մասին

Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մարտի 20-ին կհանդիպի Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Միրզոյանի հետ, որն աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա։ Առաջիկա հանդիպումը Մոսկվայի և Երևանի միջև ավանդական սերտ շփումների շարունակությունն է բոլոր մակարդակներում։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ:

«Նախարարները նախատեսում են համալիր քննարկել ռուս-հայկական համագործակցության ներկա վիճակը և դրա զարգացման հետագա քայլերը, այդ թվում՝ Ռուսաստանի և Հայաստանի ղեկավարների 2022 թվականի ապրիլի 19-ի համատեղ հայտարարության դրույթների իրագործման շրջանակներում, որն ամրագրել է երկկողմ փոխգործակցության արտոնյալ դաշնակցային բնույթը և ռազմավարական ուղղվածությունը։

Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարները մանրամասն կանդրադառնան տարածաշրջանային օրակարգին՝ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի միջև ամենաբարձր մակարդակով 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թ. հոկտեմբերի 31-ի պայմանավորվածությունների կատարման պրիզմայով։

Դիտարկվելու են ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, համագործակցության ամրապնդման հեռանկարները, ինչպես նաև միջազգային ունիվերսալ տարբեր հարթակներում, առաջին հերթին՝ ՄԱԿ-ում գործողությունների համակարգումը։

Կկայանա երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների կողմից առաջին անգամ նապատրաստված «Ռուսաստանի Դաշնություն և Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի և համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը։

Հայաստանը Ռուսաստանի ամենամոտ դաշնակիցներից է, ռազմավարական գործընկերը Հարավային Կովկասում։ Հիմնվելով բարեկամության պատմական արմատներ ունեցող ամուր ավանդույթների, մեր ժողովուրդների անփոփոխ համակրանքի և մտերմության վրա՝ Մոսկվան և Երևանը կառուցել են բազմակողմ վստահելի հարաբերություններ։

Մենք շարունակում ենք կատարելագործել պայմանագրա-իրավական դաշտը, որը ներառում է ավելի քան 200 փաստաթուղթ: Համակարգային աշխատում ենք տանում դրանց գույքագրման վրա...

Մենք գալիք բանակցությունները դիտարկում ենք որպես վստահելի երկխոսություն պահպանելու և դաշնակցային կապերի ամբողջ շրջանակը զարգացնելու համատեղ աշխատանքի շարունակություն։ Մենք դրանց մեծ նշանակություն ենք տալիս արևմտյան երկրների կողմից մեր պետությունների միջև վեճ գցելու և տարածաշրջանում կառուցվող անվտանգության ճարտարապետությունը խաթարելու անամոթ փորձերի ֆոնին»,-ասվում է հաղորդագրության մեջ:

***

Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություններից է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման խթանումը 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի և 2022 թվականի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն։ Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության և կայունության ապահովման, վստահության վերականգնման և Բաքվի և Երևանի միջև լիարժեք համագործակցության ապահովման հիմնական պայման։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության՝ ԶԼՄ-ների համար հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է վաղը Մոսկվայում ՌԴ-ի և ՀՀ-ի ԱԳ նախարարների հանդիպմանն ընդառաջ:

«Ռուսական խաղաղապահ զորախումբը նպաստում է իր պատասխանատվության գոտում անվտանգության պահպանմանը: Խաղաղապահներն օգնում են փախստականների վերադարձին, խաղաղ կյանքի հաստատմանը, ականազերծմանը, միջնորդում են ռազմագերիների և կալանավորների փոխանակման հարցում, ինչպես նաև մարդասիրական պարագաներ են տրամադրում Լեռնային Ղարաբաղի բնակիչներին։

Ռուսական ջանքերի կարևորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։ Հայ և ադրբեջանցի գործընկերների հետ համատեղ Եռակողմ աշխատանքային խմբի շրջանակում, որը համանախագահում են փոխվարչապետները, իրականացվում է կոնկրետ ենթակառուցվածքային նախագծերի փաթեթի համաձայնեցում, ինչը հնարավորություն կտա երկաթուղային և ավտոմոբիլային հաղորդակցություն հաստատել, ինչպես նաև կնպաստի տնտեսական կապերի վերականգնմանը։

Մենք կողմ ենք հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման հարցով երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակությանը։ Սահմանազատման գործընթացի մեկնարկը նպատակ ունի նպաստել սահմանային միջադեպերի դադարեցմանը։ Ռուսաստանը կողմերի խնդրանքի դեպքում կտրամադրի անհրաժեշտ խորհրդատվական օգնություն։

Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդելու հարաբերությունների հիմնարար սկզբունքները, հիմքեր դնելու երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության համար։ Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այս չափազանց կարևոր գործընթացին՝ ելնելով տարածաշրջանային կայունության շահերից։

Հումանիտար ոլորտում շփումները կոչված են ամրապնդելու վստահությունը Երևանի և Բաքվի միջև։ Ռուսական կողմը կշարունակի աջակցել քաղաքացիական հասարակության, խորհրդարանականների և փորձագիտական շրջանակների փոխգործակցությանը՝ ուղղված հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանը»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը