Կարծիք

21.04.2023 19:36


Փաշինյանը «Չարի վերջը» հեքիաթի աղվեսն է, որ հերթով տանում է կկվի ձագերին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Փաշինյանը «Չարի վերջը» հեքիաթի աղվեսն է, որ հերթով տանում է կկվի ձագերին․ «Կարճ ասած» (տեսանյութ)

Այսօր Երևանում բողոքի ակցիա էին անում Ազատ գյուղի զինվորական կացարան կոչվող խրճիթում կասկածելի հրդեհից զոհված զինծառայողների ծնողները։ 3 ամիս անցել է ողբերգական դեպքից, 15 զոհի ծնողներից ոչ մեկին չի տրվել պատասխան, բացատրություն, թե ինչ եղավ։ Նախաքննությունը գնում է այնպես, ինչպես հենց առաջին օրը ուղղորդել է Նիկոլ Փաշինյանը՝ կառավարության նիստում պատմելով դեպքը, ով բենզինը լցրեց, ով զաժիգալկան վառեց, ինչպես կանեստրը նետեց քնած զինվորների ուղղությամբ ու ինչ եղավ։ Այնինչ ծնողների մի մասը նշում է, որ հրդեհի ժամանակ իրենց երեխեքը քնած չեն եղել։ Ծնողներն ասում են, որ իրենց տղերքին սպանել են։ Կասկածում են, որովհետև որևէ ողջամիտ բացատրություն չունեն։ Ու իրենցից խուսափում են Նիկոլ Փաշինյանը, իր պաշտպանության նախարարը, որովհետև հիմնական հարցի պատասխանը չունեն՝ ինչո՞ւ պետք է զինվորը այդ պայմաններում լիներ, որ մի հատ էլ ինչ-որ մեկը բենզին այրեր ջեռուցելու համար։ Կառավարության շենքի հետնամուտքով Փաշինյանը գնում է, որ չհանդիպի այդ հուսահատ մարդկանց։ Նրանք էլ, որ որդի են կորցրել, իրենց սուգը առած՝ ընկել ու արդարություն են փնտրում, փողոց են փակում, բողոքի ակցիա են անում։

5 տարին լրանում է, ինչ Հայաստանում տեղի ունեցավ թավշյա հեղափոխությունը, որը հետագայում կպարզվեր, որ ընդամենը խուլիգանություն էր, որի անունը դրել էին հեղափոխություն։ Հիշեք դրանից առաջ բողոքի ցույցերի բովանդակությունը՝ ոռոգման ջուր տվեք, ծիրանը մթերեք, այսինչ հիմնարկը աշխատավարձը չի տալիս, այսինչ հիմնարկը լուծարում են, կարմիր գծեր, արագաչափեր և այլն։ Հեղափոխությունից հետո ու հատկապես վերջին երկու տարիներին հիմնահատակ շեղվել է ակցիաների տրամաբանությունը․ թվարկածներս կան, բայց դրանց ավելացել են սարսափելի բովանդակությամբ ակցիաներ՝ ինչո՞ւ զոհված զինծառայողների ծնողներին ծեծեցին ոստիկանները, ինչու հրդեհեցին մեր տղերքին, վերադարձրեք հայ գերիներին և այլն։ Բողոքի ցույց էին անում զոհերի հարազատները, որ հանդիպում ունենային Նիկոլ Փաշինյանի հետ ու հարցնեին՝ ինչի՞ մեր երեխեքի գլուխը կերաք։

Սևազգեստ դարձած մայրը շատ կարևոր բան ասաց, ասաց՝ «Ծնողներ, խնդրում եմ, հանուն ձեր երեխեքի, միացեք մեզ, մեզ համար չէ, ձեզ համար, որ վաղը դուք էլ մեր վիճակում չհայտնվեք ու չիմանաք ձեր էրեխեքն ինչ եղան»։ Շատ ճիշտ խոսքեր էին ու շատ ցավալի խորհրդանշում կա, որ հենց այդ ծնողն էր դա ասում։ Որդեկորույս մայրը դրանից առաջ ասում է․ «Էս ձեռքս կոտրվեր, որ երկու անգամ ձայն չտայի գերագույն․․․» (վիրավորում է, չեմ ուզում բառը կրկնել):

Ողբերգության մեջ հայտնված տիկինը Նիկոլ Փաշինյանին ձայն է տվել ոչ միայն 2018 թվականի արտահերթ ընտրությունների ժամանակ, այլև 2021 թվականի արտահերթ ընտրություններում՝ պատերազմից հետո։ Ի՞նչ վիճակ էր այն ժամանակ, երբ ինքը Նիկոլ էր ընտրում․ կարճ անդրադառնամ։ Ամբողջ փողոցներում վանկարկում էին Նիկոլ դավաճան, թշնամին 41 քառակուսի կիլոմետր խորացել էր Սյունիքում ու Գեղարքունիքում, պատերազմում զոհված 5000 մեր տղերքի ծնողների փոքր մասը, մի քանի հարյուրը, բողոքի ցույցեր էին անում դատախազության դիմաց, Ֆրանսիայի հրապարակում, Ազատության հրապարակում, Հանրապետության հրապարակում, Քննչական կոմիտեի դիմաց ու ամեն տեղ ու ասում էին՝ ժողովուրդ, եկեք մեր պայքարին միացեք, մեր կողքին կանգնեք, սա միայն մեր երեխեքի հարցը չի։ Մեզ համար չեք գալիս, ձեզ համար եք գալիս, ձեր էրեխեքի համար, որ վաղը դուք չհայտնվեք մեր կարգավիճակում, սևազգեստ չդառնաք։ Քա՞նի հոգի միացավ՝ քիչ։ Տրամաբանությունը հուշում էր, որ շատ ավելի շատերը պետք է միանային, վերջ ի վերջո, մենք կարեկցող ազգ ենք, մեկս մյուսի ցավով ապրող։ Ոչ միայն չմիացան, այլև գնացին ու մի թափ էլ ձայն տվեցին Նիկոլին։ Ուղիղ մեկ տարի առաջ՝ 2022-ի այս օրերին բողոքի ակցիաներից եռում էին փողոցները, էլի չմիացան, անտարբեր էին, նիկոլ էին պաշտպանում, ասում էին նախկիններն են՝ չեմ ուզում, էս չեմ ուզում, էն չեմ ուզում։ Հետո տեղի ունեցավ ողբերգությունների շարք, տարածքային կորուստներ, անտուն դարձած մարդիկ, ու այսօր սև հագած հերթական մայրն ասում է՝ եկեք միացեք, որ որդեկորույս ծնող չդառնաք։ Էլի չեն միանում։

Մարդը նստած էր տանը, ուներ աշխատանք, իր տղերքը ունեին աշխատանք կամ տղերքը դեռ բանակի տարիքի չէին, իր համար գործից գալիս էր տուն, մի հատ էլ բացում էր լրահոսը՝ տեսներ, թե ինչ է կատարվել օրը, ցույցերը ոնց են անցել, ում են բռնել-բաց թողել ու գնում էր քնելու՝ մտքում իր բացատրությունը ունենալով, որն ա ճիշտ, որն ա սխալ։ Ինքը ապահով էր, իր ընտանիքը ապահով էր, իր պատկերացնելով։ Հետո մեծ վնաս կրեց կառավարության ղեկավարի երեսից, միանգամից հականիկոլ դարձավ ու հարցնում է՝ էս ընդդիմությունն ի՞նչ ա մտածում, չի ուզո՞ւմ մի բան անի։ Պրոբլեմների, աղետների ընկալման, վտանգի գիտակցման մակարդակը զրո էր․ էն ժամանակ, երբ 10 հազար հոգի էին փողոցներ փակում, միանայիք, կփակեիք 100 փողոց, հիմա մնացել եք մենակ ու բնականաբար՝ 10 հոգով Ամիրյան փողոցն անգամ չեք կարողանում փակել։ Մենք քաղաքական պայքար չենք անում․ 44-օրյայի զոհերի հարազատները իրենց պայքարը սկսեցին եկեք չքաղաքականացնենք-ով, մի քանի օր առաջ արդեն հայտարարեցին քաղաքական պայքարի մասին։ Դա՛ է ճանապարհը։

Հարգելի ժողովուրդ, մարդիկ, ի վերջո, հասկանում են 2018-ի գարնանը, 2018-ի դեկտեմբերին, 2021-ի հունիսին իրենց գործած սխալը, բայց, ցավոք՝ շատերն այն ժամանակ են հասկանում, երբ Նիկոլի իշխանության ամբողջ թշվառությունը զգում են իրենց ընտանիքի վրա։ Մեկը կորցնում է տունը, մեկը կորցնում է հողը, մեկը կորցնում է աշխատանքը, մյուսը՝ զավակին, առողջությունը և այլն։ Նիկոլը «Չարի վերջը» հեքիաթի աղվեսն է, որ հերթով մոտենում է կկվին ու ձագերը տանում սպառնալիքով։ Էս սարն իմն ա, էս ծառն իմն ա, ձագդ տուր, հիմար կկու, թե չէ ծառդ կկտրեմ։ Նիկոլը էդ աղվեսն է, նա ասում է, որ սարն էլ է իրենը, ծառն էլ, ուզի՝ գերբից Մասիսը կհանի, Իջևանից մի հատ բլուր կդնի, ուզի՝ Սյունիքից կտա, ուզի՝ Սևանը կտա, կկվի ձագերին էլ հերթով կտանի, գլուխները կուտի, որովհետև նա է որոշում, թե ով ապրի, ով՝ ոչ։ Ու քա՞նի անգամ ձեզ պետք է ասեն, որ սարն էլ, ծառն էլ բոլորինս հավասար են, ինչու ես էդքան հիմար, որ հավատում ես խորամանկ աղվեսին։ Էդ աղվեսը հիմա էլ է վախեցնում, ձեր երեխեքին տվեք տանեմ, թող Տեղ գյուղում զոհվեն, Ջերմուկում զոհվեն, որ պահեմ Կոտայքը։

Կրկնում եմ, սրանք հերթով գալիս են ու հասնելու են բոլորիս։ Էդքան լուսավոր տղու գլուխ կերան, հիմա արդեն հասել են աղջիկներին, պարտադիր զինծառայություն են առաջարկում կանանց՝ կամավոր հիմունքներով։ Մի քանի օր առաջ զեկույց հրապարակեց, որ Հայաստանում սեռերի խիստ անհամամասնություն կա, 112 աղջկա համեմատությամբ 100 տղա է ծնվում, 5 հազարին էլ կոտորել են, ավելի է պակասել։ Երևի հիմա կոտորվելու հերթը աղջիկներինն է, որ բալանսը պահեն։ Հեգնում ենք, բայց ի՞նչ իմանաս ինչ կա նիկոլենց մտքում։

Կարճ ասած՝ սիրելի ժողովուրդ, այսօր առավել քան երբևէ հայ ժողովուդը պետք է համախմբվի․ զոհված զինվորի ծնողն ու դեռ դպրոցական տղա ունեցողի ծնողը, պետհիմնարկներում ու մասնավորում աշխատողը, գյուղաբնակն ու քաղաքաբնակը, միջնակարգ կրթություն ունեցողն ու գիտնականը, փայտահատն ու դերասանը, բոլոր-բոլորը պետք է գիտակցեն վտանգն ու համախմբվեն մեկ նպատակի շուրջ։ Դեռևս շանս կա կորուստների դեմն առնելու․ այլապես կանգնելու ենք հերթական կռախի առաջ, կորցնելու ենք ու գրենք մի նոր հեքիաթ աղվեսի ու կկվի մասին։

Սևակ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը