Լրահոս

08.10.2011 10:29


Սարկոզին Պատվավոր լեգիոնի կոչում է հանձնել Մեհրիբանին, իսկ Վրաստանում հայտարարել՝ ՌԴ–ն խլել է վրացական տարածքի մի մասը

Սարկոզին Պատվավոր լեգիոնի կոչում է հանձնել Մեհրիբանին, իսկ  Վրաստանում հայտարարել՝ ՌԴ–ն խլել է վրացական տարածքի մի մասը

Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, ով Հայաստան կատարած պաշտոնական այցից հետո աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, առանձնազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Նախագահները գոհունակություն են հայտնել երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում հարաբերությունների բարեհաջող զարգացման առնչությամբ և քննարկել տարածաշրջանային հարցեր։Կարճատև այդ այցի ժամանակ (այն տևել է ընդամենը 2,5 ժամ) Ֆրանսիայի նախագահը Պատվավոր լեգիոնի կոչում է հանձնել նրա կնոջը՝ Մեհրիբան Ալիևային, ճաշել Իլհամ Ալիևի հետ, մասնակցել Ֆրանսիական վարժարանի հիմնարկեքի արարողությանը։ Պատվավոր լեգիոնի կոչումը շնորհվում է աշխարհում հայտնի հասարակական, պետական, քաղաքական, մշակութային և այլ ոլորտներում առանձնացած գործիչներին։

Այնուհետև Ֆրանսիայի նախագահն աշխատանքային այցով մեկնել է Վրաստան։ Նրան օդանավակայանում դիմավորել է Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին, այնուհետև նրան ուղեկցել Թբիլիսիի Ազատության հրապարակ՝ այդ երկրի բնակիչների հետ հանդիպման: Այնտեղ իր ելույթի ժամանակ Նիկոլա Սարկոզին հայտարարել է, որ Ռուսաստանը խլել է վրացական տարածքի մի մասը: «Ֆրանսիան շատ լավ է հասկանում, թե ինչ ցավ է ապրում Վրաստանն իր տարածքների կորստի համար։ Դա այնպիսի սուր ցավ է, ինչպես վերջույթների անդամահատումը,–ասել է Ֆրանսիայի նախագահը,–մենք պաշտպանում ենք Վրաստանի տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունն ու անկախությունը»։

Սարկոզին երեկ Երևանի ժամանակով 19:30–ին Թբիլիսիից մեկնել է Ֆրանսիա։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը