Քաղաքական

15.05.2023 18:46


Բանակցային սեղանին Հայաստանի ճակատագիրն է. քաղաքագետ

Բանակցային սեղանին Հայաստանի ճակատագիրն է. քաղաքագետ

Բանակցությունները վաղուց արդեն վարվում են ոչ թե Արցախի, այլ Հայաստանի մասին, բանակցային սեղանին Հայաստանի ճակատագիրն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում մայիսի 15-ին ասել է քաղաքագետ Բենիամին Մաթեւոսյանը։

Նրա գնահատմամբ՝ Նիկոլ Փաշինյանը դեռեւս 2022թ. հոկտեմբերին Պրահայում Արցախը ճանաչել է Ադրբեջանի մաս, իսկ երեկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելն ընդամենը պաշտոնապես հայտարարեց այդ մասին։ Նա հիշեցրեց, որ Բրյուսելում անցած հանդիպումների արդյունքներով հայտարարվել է, որ արցախահայերին անվանել են էթնիկ փոքրամասնություն, հետո դա ներկայացվել է որպես տեխնիկական վրիպում կամ Միշելի անձնական դիրքորոշում, սակայն հետագա հայտարարություններում, բանակցությունների արդյունքներով, էթնիկ փոքրամասնություն տերմինն օգտագործվում է ամենուրեք, այսինքն՝ դա տեխնիկական վրիպակ չէր։

«Նույնը տեղի ունեցավ նաեւ այս անգամ, երբ ԵՄ կայքում փոխեցին թվերը (Ադրբեջանի տարածքը նշվել էր 89,6 քառակուսի կիլոմետր, իսկ հետո ուղղվել է 86,6 քառակուսի կիլոմետր – խմբ.)։ Ամեն բան գտնվում է այս տրամաբանության մեջ։ Նրանք տալիս են տեղեկություն, որը կա, իսկ հետո կատարում են փոփոխություն, հետո մենք տեսնում ենք, որ հետագա բանակցություններում կիրառվում է հենց այդ տրամաբանությունը»,- ընդգծել է Մաթեւոսյանը։

Նրա խոսքով՝ Ադրբեջանը հաղթաթուղթ է ստանում, որպեսզի փորձի հասնել հերթական զիջման Հայաստանից։ «Նրանք փորձելու են խորացնել Արցախի շրջափակումը եւ դիմելու են այլ գործողությունների։ Ստացվում է, որ արյունալի իրադարձությունները Տեղ գյուղում եւ այլ վայրերում ոչ այլ ինչ են, եթե ոչ՝ սահմանազատում ուժային միջոցներով»,-նշել է փորձագետը։

Նա ավելացրել է, որ քանի դեռ այս ամենը փաստագրված չէ, ամեն բան չէ, որ կորած է։ «Սակայն Հայաստանի ներկա իշխանությունների յուրաքանչյուր քայլ բարդացնում է իրավիճակն ապագայում փոխելու հնարավորությունը։ Եթե ասում են, որ ճանաչում են Հայաստանի տարածքային ամբողջականությունը, արդյոք դուրս են բերված ադրբեջանական զորքերը Հայաստանի զավթված տարածքներից։ Ադրբեջանը դա կանի միայն մարտական գործողությունների միջոցով։ Դա հասկանում են նաեւ Հայաստանի իշխանությունները»,-հավաստիացրել է քաղաքագետը։

Նա նշել է, որ Ադրբեջանին լայնամասշտաբ գործողությունների դիմելու հարցում խանգարում է երկու գործոն՝ ստորագրված փաստաթղթի բացակայությունը եւ ռուս խաղաղապահների առկայությունը։

«Ամեն բան հանգեցվում է նրան, որպեսզի 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությունը լիովին չեղարկվի։ Հայաստանը եւ Ադրեջանը համատեղ ջանքերով, ԵՄ եւ ԱՄՆ միջնորդությամբ, սաբոտաժի են ենթարկում այդ հայտարարությունը»,-ասել է փորձագետը։

Այս խորագրի վերջին նյութերը