Կարծիք

10.10.2011 17:00


Կոնգրեսի հրաժեշտի «համերգը»

Կոնգրեսի հրաժեշտի «համերգը»

Ութ օր իր համակիրներին բաց երկնքի տակ պահելով՝ ՀԱԿ առաջնորդները, մասնավորապես Կոնգրեսի առաջնորդ Լեւոն Տեր-Պետրոսյանը նրանց կրկին տուն ուղարկեցին: ՀԱԿ-ը ոչ միայն ոչնչի չհասավ, այլ ավելի հեղինակազրկվեց եւ կորցրեց համակիրների եւս մի մասին:

Ի՞նչ էր ուզում ՀԱԿ առաջնորդը: Դժվար չէ հասկանալ, որ նա բոլորից լավ գիտեր, որ եթե նույնիսկ ութ ամիս մնային Ազատության հրապարակում, միեւնույնն է ոչինչ չէր փոխվելու, քանի որ մի քանի հարյուր համակիրով իշխանություններից ոչինչ չես կարող կորզել:

Ութօրյա հանրահավաքները եւ նստացույցը բոլորին ապացուցեցին, թե որքան ցածր է այսօր Կոնգրեսի վարկանիշը եւ 2008 թվականի համեմատ, որքան է նվազել Կոնգրեսի համակիրների թիվը: Եւ դժվար է հավատալ, որ Տեր-Պետրոսյանը չէր հասկանում, թե ինչ հետեւանքներ կարող է ունենալ անիմաստ շուրջօրյա բողոքի գործողությունը, որի հենց մեկնարկը մեծագույն խայտառակություն էր: Հենց առաջին իսկ րոպեներից ակցիան տապալվեց:

Մինչ Լեւոն Տեր-Պետրոսյանը ելույթ կունենար եւ կասեր, որ եկել է «հիմայի» ժամանակը, եւ որ իրենք պետք է խորհրդակցեն, արդեն լրատվամիջոցները տեղյակ էին, որ նախատեսվում է հինգրոպեանոց «խորհրդակցություն»: Դեռ չէին հասցրել հայտարարել շուրջօրյա բողոքի գործողությունների սկզբի մասին, երբ շտապեցին աշխարհով մեկ բացականչել, որ իրենք այլեւս Տիգրան Առաքելյանի կալանավորումը պատճառ չեն համարում «երկխոսությունն» առկախելու համար: Ավելին, դեռ Տիգրանին էլ հանձնարարեցին մի երկու տող գրի, որ իր պատճառով չի կարելի վտանգել երկրի վաղվա օրը: Մի խոսքով, առավել քան խայտառակ մեկնարկ: Բնականաբար, խայտառակ մեկնարկը պետք է նաեւ խայտառակ ավարտ ունենար:

Զարմանք է առաջացնում, որ մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք համառորեն սիրում են ապրել երազների աշխարհում: Նրանք լսում են, թե իրենց ինչ է ասում Տեր-Պետրոսյանը, լսում են եւ տեսնում, որ Տեր-Պետրոսյանն ընդամենը շաբաթների ընթացքում փոխում է իր սկզբունքները, կարդում եւ լսում են, թե ինչ է գրում Վիկիլիքսը իրենց առաջնորդի տարօրինակ պահվածքի մասին, ավելի քան հստակ լսում են, որ Տեր-Պետրոսյանն ասում է, թե Վիկիլիքսը ամեն ինչ ճիշտ է ներկայացրել եւ այդքանից հետո իրենք իրենց համոզում են, թե Տեր-Պետրոսյանն իշխանափոխություն է անում, եւ որ իրենք էլ մասնակցում են հեղափոխությանը: Այստեղ հսկայական գործ ունեն անելու հոգեբանները:

Եւ ութօրյա խայտառականության ավարտն այն աստիճան խայտառակ էր, որ իր փոքրաթիվ համակիրներին անգամ ոչինչ չուներ ասելու Կոնգրեսի առաջնորդը, որը բավարարվեց հաղորդավարի դերով եւ ընթերցեց Կոնգրեոսի հերթական հայտարարության տեքստը: Ընդ որում, այս հայտարարությունը եւս խայտառակություն է: Եւ իսկապես զարմանալ կարելի է, որ դեռ գտնվում են մարդիկ, որոնք Հայաստանում բարեփոխումների հույսը կապում են այս կառույցի հետ:

Ուշադրություն դարձրեք, որ հատուկ ընդգծվել է, թե ովքեր են ընդունել հայտարարության տեքստը, որ հետո, անհրաժեշտության դեպքում, Տեր-Պետրոսյանը դեմքի սառը արտահայտությւքամբ ասի, թե դուք այն ընդունեցիք:

Անդրադառնալով այս հայտարարությանը՝ կրկին անգամ ստիպված ենք արձանագրել, որ Կոնգրեսի ղեկավարությունը Սերժ Սարգսյանի շրջապատից ոչնչով չի տարբերվում: Երկուսն էլ առանց ամաչելու փորձում են թյուրմացության մեջ գցել ժողովրդին` նրանց կերակրելով հորինվածքներով: Այսպես, նույն հայտարարությունում նշված է, թե ութօրյա հանրահավաքներին մասնակցել է 100 հազարից ավելի մարդ: Մի՞թե ստերով առաջնորդվող մարդիկ գալով իշխանության՝ է՛լ ավելի մեծ ստերի հեղինակ չեն դառնալու: Մտքի մեծ թռիչք պետք է ունենալ հազիվ 5-6 հազարանոց հանրահավաքները ներկայացնել, որպես հարյուր հազարանոց, ավելի ճիշտ, ավելիք քան հարյուր հազարանոց: Այս փաստն էլ վկայում է Կոնգրեսի ներկայիս խեղճ ու կրակ վիճակի մասին:

Պարզվում է նաեւ, որ «այս երկարատեւ միջոցառման» ամենակարեւոր նվաճումը երկրում հաստատված վախի մթնոլորտի հաղթահարումն էր: Փաստորեն հետմարտիմեկյան իրադարձությունները, 2008թ. աշնանային բազմահազարանոց հանրահավաքները վախի մթնոլորտի հաղթահարման մասին չէին վկայում: Ստացվում է, որ այս խեղճ ու կրակ միջոցառումը պետք է վախի մթնոլորտը վերացներ: Բայց այս տողերը գալիս են վկայելու, որ այս հայտարարությաւն հեղինակները վախեցած են: Հնարավոր է մի օր անկեղծանան եւ խոստովանեն իրենց վախի պատճառները:

Եթե ճիշտ են այն խոսակցությունները, որ ՀԱԿ առաջնորդները վախենում են Ռոբերտ Քոչարյանից, ապա նրանք առնվազն պետք է դադարեն քաղաքականությամբ զբաղվելուց: Բայց եթե հիշենք, թե հատկապես երբ Տեր-Պետրոսյանը հիշեց «հիմայի» մասին, ապա ստացվում է, որ ճիշտ են նրանք, ովքեր պնդում են, թե Կոնգրեսի առաջնորդները պարզապես սարսափում են Ռոբերտ Քոչարյանից:

Ուշադրության  է արժանի նաեւ այն, որ շուրջօրյա հանրահավաքները սկսելուց առաջ Կոնգրեսի առաջնորդները հավաքվածներին համոզում էին, թե իրենց նպատակը իշխանափոխությունն է, իսկ հիմա պարզվում է, որ նպատակը եղել է վախի հաղթահարումը: Փաստորեն Կոնգրեսի ղեկավարները ցանկանում են խփել Չորրորդ գյուղի վախ բռնող տատիկի գործին: Բայց հայտարարության մեխը հետեւյալ հատվածն է. «Այս 8-օրյա շուրջօրյա հանրահավքներն ու նստացույցերը ցույց տվեցին, որ Հայաստանում Կոնգրեսն է միակ ուժը, որը սահմանադրական կարգով է հասնելու արտահերթ ընտրությունների եւ իշխանափոխության»: Կոնգրեսի տրամաբանությամբ եթե առաջնորդվենք, ապա ստացվում է, որ բոլոր նրանք, ովքեր կկարողանան Ազատության հրապարակում մի քանի վրան խփել եւ իրենց ընկեր-բարեկամներին էլ խնդրեն մի քանի օր այնտեղ գիշերեն, ապա կվերածվեն «միակ ուժի»:

Կոնգրեսը արդեն զառանցում է եւ սա փաստ է: Այս խայտառակ հավաքները ցույց տվեցին, որ Կոնգրեսը Հայաստանում այլեւս անելիք չունի: Ավելին, կարծես թե, Սերժ Սարգսյանն էլ է եկել այն եզրահանգման, որ Կոնգրեսն արդեն իրեն էլ պետք չէ: Իսկապես տխուր վիճակ է Կոնգրեսի համար: Հայտարարության հենց այս հատվածից նկատելի է, որ շուրջօրյա նստացույցն արվել էր բացառապես այն բանի համար, որ Սերժ Սարգսյանը կրկին նկատի իրենց եւ շարունակի «երկխոսել», իսկ վերջում էլ մի քանի պատգամավորական աթոռ խոստանա: Միջոցառումը տապալվեց: Նույնիսկ ամենամեծ ցանկության դեպքում հնարավոր չէ գրել, որ Կոնգրեսը եւս մեկ հնարավորություն կունենա միջամտել քաղաքական գործընթացներին:

Վարդան Մխիթարյան

Այս խորագրի վերջին նյութերը