Քաղաքական

23.05.2023 10:57


Փաշինյանը դավաճանաբար խախտում է Սահմանադրությունը. «Հրապարակ»

Փաշինյանը դավաճանաբար խախտում է Սահմանադրությունը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է․ Նիկոլ Փաշինյանի՝ երեկ կայացած ասուլիսի ընթացքում «Հրապարակը» վերջինիս հարցրեց, թե ինչպես է պատրաստվում Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, երբ ՀՀ Գերագույն խորհրդի որոշմամբ Արցախը չի կարող լինել Ադրբեջանի կազմում, որ դա Հայաստանի Հանրապետության եւ հայ ժողովրդի նպատակներին դեմ է, ուստի նաեւ Սահմանադրությանն է դեմ, որովհետեւ Սահմանադրությունն իր ուժը ստանում է Գերագույն խորհրդի որոշումից ու Անկախության հռչակագրից։ Նիկոլ Փաշինյանն էլի հիշեց նախկիններին ու նրանց թողած բանակցային ժառանգությունը՝ փորձելով ներկայացնել, թե Սահմանադրությունը, Գերագույն խորհրդի որոշումն ու Անկախության հռչակագիրը նախկինում էլ են խախտվել։

«Սահմանադրության հետ կապված՝ Դուք շատ կարեւոր հարց եք բարձրացնում, բայց էլի պիտի ասեմ բաներ, որոնք բազմիցս ասել եմ։ 1989 թվականին Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը որոշում են կայացրել Լեռնային Ղարաբաղի եւ Հայաստանի միավորման վերաբերյալ։ 1990 թվականին ՀՀ-ն ընդունել է Անկախության հռչակագիրը՝ հղում անելով նաեւ այդ որոշմանը։ 1991 թվականին Լեռնային Ղարաբաղը հայտարարել է անկախություն, ումի՞ց է հայտարարել այդ անկախությունը․ տարբերակ 1՝ ՀՀ-ից։ Եթե այդ տարբերակն է, Գերագույն խորհրդի եւ մարզային խորհրդի որոշումը խախտվե՞լ է, թե՞ ոչ, եթե խախտվել է, ապա ինչո՞ւ խախտողները պատասխանատվության չեն ենթարկվել։ Եթե Ադրբեջանից է անկախացել, ապա Ադրբեջանից անկախություն հռչակելու պարագայում Գերագույն խորհրդի եւ մարզային խորհրդի որոշումները խախտվե՞լ են, թե՞ չեն խախտվել, որովհետեւ եթե վերամիավորվել ենք ՀՀ-ի հետ, ումի՞ց ենք անկախություն հռչակում․․․»,- ասաց Փաշինյանը։

Սահմանադրագետ Վարդան Պողոսյանին հարցրինք՝ ճի՞շտ է ասում Նիկոլ Փաշինյանը, երբ պնդում է, որ 1991 թվականին, երբ ԼՂ-ն իր անկախությունը հռչակել է, դրանով խախտվել են 1989 թվականի Գերագույն խորհրդի եւ ԼՂ Ազգային խորհրդի որոշումները։

«Փաշինյանը, ինչպես միշտ, մանիպուլացնում է, գուցե ինքը չի հասկանում, երբեմն ինձ մոտ կասկածներ են առաջանում իր մտավոր ունակությունների վերաբերյալ, բայց հնարավոր է, որ մանիպուլացնում է։ Այդ երկու տարբերակն էլ միեւնույն արդյունքին են հանգեցնում՝ Հայաստանի համար կործանարար մի քաղաքական գործընթացի։ Ուրեմն եկեք տեսնենք, թե ինչ է տեղի ունեցել 1989 թվականին ու դրանից հետո։ 1989 թվականի դեկտեմբերի 1-ին դեռեւս գոյություն է ունեցել ԽՍՀՄ-ը, եւ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդն ու Արցախի Գերագույն խորհուրդը համատեղ որոշում են ընդունել Հայաստանի եւ Արցախի վերամիավորման մասին, բայց դա եղել է որպես նպատակ, իրենք չեն ասել՝ այսօրվանից ՀԽՍՀ-ն ու Արցախը մեկ միասնական հանրապետություն են, այդպիսի բան չի եղել, դա նպատակ է եղել։ Ընդամենը այդ որոշմամբ ՀԽՍՀ Գերագույն խորհուրդը ճանաչել է Արցախի ինքնորոշման փաստը, եւ այդ նույն որոշման մեջ նպատակ է դրվել՝ քայլեր ձեռնարկել վերամիավորման վերաբերյալ։ Եթե քայլեր ես ձեռնարկում վերամիավորման վերաբերյալ, դա արդեն իսկ հուշում է այն մասին, որ վերամիավորումը դեռեւս տեղի չի ունեցել, այսինքն՝ պետք է տեղի ունենա գործընթաց, որը պետք է հանգեցներ ԽՍՀՄ շրջանակներում ՀԽՍՀ-ի եւ ԼՂԻՄ-ի միավորմանը։ Բայց 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը շատ կարեւոր մեկ այլ նշանակություն ունի, որն իր ակտուալությունը չի կորցրել։ Այդ ակտուալությունը կայանում է նրանում, որ հստակ ամրագրվել են հայ ժողովրդի՝ իրարից բաժան-բաժան արված երկու մասերի վերամիավորման ձգտումն ու ցանկությունը, այդ ձգտումն ու ցանկությունը որեւէ մեկը չի վերացրել, ընդհակառակը՝ հաստատվել է 1990 թվականի օգոստոսի 23-ի հռչակագրով՝ 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմանը վկայակոչմամբ, եւ էլ ավելի է ամրապնդվել 1995 թվականի Սահմանադրության նախաբանով, որը, երբ հղում է անում ՀՀ անկախության հռչակագրին, առանձնացնում է հռչակագրի երկու հիմնական ուղղություն՝ 1. Հայոց պետականության հիմնարար սկզբունքներն են՝ իրավական, ժողովրդավարական պետություն լինելը, 2. հայ ժողովրդի ազգային նպատակները։ Ուրեմն այդ համազգային նպատակները չեն փոխվել, եւ այդ համազգային նպատակներից մեկն Արցախի հետ վերամիավորման գաղափարն է, հետեւաբար, ՀՀ Սահմանադրությունը Փաշինյանը կոպտորեն խախտում է, ես կասեի՝ դավաճանաբար խախտում է, որովհետեւ մանիպուլացնելով Հայաստանի ու Արցախի հանրությանը, ուզում է տպավորություն ստեղծել, թե Արցախի անկախության 1991 թվականի ակտը իբր թե խախտում է 1989 թվականի որոշումը։ Չէ՞ որ այդ 2 տարվա մեջ տեղի են ունեցել այնպիսի իրադարձություններ, որոնք հանգեցրել են նրան, որ ԽՍՀՄ փլուզման եզրին ԼՂՀ-ն սկզբում կատարել է 1 ընտրություն՝ դուրս գալով Ադրբեջանական ԽՍՀ-ի կազմից 1991 թվականի սեպտեմբերի 2-ին։ Այստեղ է ուղիղ պատասխանը Փաշինյանի մանիպուլյատիվ այն հարցին, թե ումից է անջատվել Արցախը․ Արցախն անջատվել է Ադրբեջանական ԽՍՀ-ից՝ 1991 թ․-ի սեպտեմբերի 2-ին, եւ անջատվել է ԽՍՀՄ-ից՝ 1991 թվականի դեկտեմբերի 10-ի հանրաքվեով»,-պատասխանեց Պողոսյանը։

Փաշինյանի հաջորդ պնդումը վերաբերում էր նրան, որ երբ հայկական կողմը բանակցել է Արցախում ապագայում տեղի ունենալիք հանրաքվեի մասին, դրանով կասկածի տակ է դրել Արցախում 1991 թվականին տեղի ունեցած հանրաքվեն, հետեւաբար՝ այդտեղ եւս խախտվել է Սահմանադրությունը։ Փաշինյանի այս պնդմանը Վարդան Պողոսյանն արձագանքեց․

«Նորից անհեթեթություն է Փաշինյանի ասածը, որովհետեւ ո՛չ կազանյան փաստաթուղթը, ո՛չ էլ հետագա փաստաթղթերում, ո՛չ դրանից առաջ Մադրիդյան փաստաթղթերում որեւէ ձեւով խոսք չի եղել այն մասին, որ Հայաստանը ճանաչում է Արցախը որպես Ադրբեջանի մաս եւ հետո էլ ցանկանում է, որ Արցախը հանրաքվեի միջոցով անջատվի Ադրբեջանից։ Նման բան երբեւէ չի եղել, եւ խնդիրն ընդամենը այն է, որ կար հակամարտություն, եւ հակամարտության լուծման համար կողմերը փորձում էին ինչ-որ լուծումներ գտնել։ Լուծումներից մեկը եղել է Հայաստանի համար այն կոմպրոմիսային տարբերակը, որ միջանկյալ կարգավիճակի վերջում անցկացվի հանրաքվե, որտեղ Արցախը, ըստ էության, վերջակետ կդնի այդ հակամարտությանը։ Եթե կողմերի միջեւ համաձայնություն ձեռք բերվեր, ապա այդ հանրաքվեն ընդամենը վերահաստատելու էր այն կամքը, որն Արցախի ժողովուրդն արտահայտել էր 1991թ․-ի դեկտեմբերի 10-ի հանրաքվեում։ Նորից եմ ընդգծում․ որեւէ փաստաթղթում ՀՀ-ն իր անկախության ողջ ժամանակահատվածում, մինչեւ Փաշինյանի՝ իշխանության գալը, ո՛չ ուղղակի եւ ո՛չ էլ անուղղակի երբեւէ չի հայտարարել, որ Արցախն Ադրբեջանի մաս է կազմում։ Ընդհակառակը՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ի սկզբանե ուղղված է եղել նրան, որ ճանաչվի Արցախի ինքնորոշման իրավունքը, եւ ՀՀ-ն երբեք չի ճանաչել Արցախը որպես Ադրբեջանի մաս»։

Այս խորագրի վերջին նյութերը