Լրահոս

25.05.2023 16:42


Ու՞մ են գաղտնալսել Հայաստանում Pegasus-ով, 12 հոգու նույնականացրել է Միջազգային հետազոտական խումբը

Ու՞մ են գաղտնալսել Հայաստանում Pegasus-ով, 12 հոգու նույնականացրել է Միջազգային հետազոտական խումբը

Թվային իրավունքների պաշտպանության Access Now խումբը, Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը, կանադական Citizen Lab-ը, հայկական թվային պաշտպանության CyberHUB-AM խումբը և անկախ հետազոտող Ռուբեն Մուրադյանը համատեղ աշխատանքի արդյունքում հաստատել են առնվազն 12 դեպք, երբ իսրայելական NSO Group-ի Pegasus լրտեսական ծրագիրն օգտագործվել է հայ պաշտոնյաների, լրագրողների և այլ անձանց դեմ։

Խմբի անդամները չեն պնդում, որ այս անձանց գաջեթները վարակվել են որոշակի պետական մարմնի կողմից. նրանք չեն կարողացել հաստատել, թե որ Pegasus օպերատորն է իրականացրել վերը թվարկված վարակները: Խումբը նույնականացրել է Ադրբեջանում գրանցված երկու օպերատոր, որոնց պայմանական անվանում է BOZBASH և YANAR: Դոմենները, որոնք փոխկապակցված են երկու օպերատորների հետ էլ, գրանցվել են մինչև 2018 թվականի վերջը կամ, հնարավոր է, ավելի վաղ: Խմբին հաջողվել է դիտարկել միայն Ադրբեջանի ներսում YANAR օպերատորի մոնիտորինգի թիրախները, մինչդեռ BOZBASH օպերատորը, ըստ երևույթին, վերահսկում է թիրախներ ինչպես Ադրբեջանում, այնպես էլ արտերկրի մի շարք երկրներում, ներառյալ Հայաստանը: Նույնականացված 12 թիրախներից են.

Աննա Նաղդալյան-ԱԳՆ նախկին խոսնակ, ներկայումս՝ ՀԿ ներկայացուցիչ

Ռուբեն Մելիքյան-Արցախի նախկին օմբուդսմեն, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր

Վարուժան Գեղամյան-Պրոֆեսորի օգնական ԵՊՀ-ում

Սամվել Ֆարմանյան-հասարակական-քաղաքական գործիչ

Քրիստինե Գրիգորյան-նախկին ՄԻՊ

Ըստ Guardian-ի՝ զոհերի թվում են նաև «Ազատություն» ռադիոկայանի լրագրողներ Կառլեն Ասլանյանն ու Աստղիկ Բեդևյանը, ինչպես նաև 5 այլ անձիք, այդ թվում ՄԱԿ ներկայացուցիչ, որոնք ցանկացել են անանուն մնալ:

Access Now-ն և նրա գործընկերներն ասել են, որ իրենց կարծիքով՝ գաղտնալսումն իրականացվել է NSO Group-ի հաճախորդի կողմից, չնայած որ իրենց չի հաջողվել տվյալները կապել կոնկրետ հաճախորդի հետ: Հաշվի առնելով, որ թիրախներն աշխատում են հակամարտության թեմայով, հնարավոր է, որ Հայաստանի կառավարությունն էլ կարող էր հետաքրքրված լինել նրանց գաղտնալսել, բայց միաժամանակ մասնագետները չեն գտել որևէ ապացույց, ըստ որի Հայաստանը Pegasus է օգտագործում:

Գաղտնալսումները տեղի են ունեցել 2020թ. հոկտեմբերից 2022 թ. դեկտեմբեր ընկած ժամանակահատվածում: Հետազոտողները նշում են, որ հարձակումների ժամանակահատվածը համընկել է Լեռնային Ղարաբաղի ճգնաժամի հետ կապված «ամենազգայուն խոսակցությունների և բանակցությունների հետ», ներառյալ Ֆրանսիայի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի կողմից հրադադարի միջնորդության փորձերը և պաշտոնական այցերը Մոսկվա և Ղարաբաղ:

Աղբյուրը՝ tert.am

Այս խորագրի վերջին նյութերը