Քաղաքական

03.06.2023 08:18


Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Արևմուտքն Ադրբեջանի նավթի և գազի դիմաց վաճառեց 120 հազար մարդու․ «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյան

Արևմուտքը խաբեց Հայաստանին և Ադրբեջանից նավթի ու գազի դիմաց վաճառեց Լեռնային Ղարաբաղի 120 հազար հայերին։ Իսկ արևմտյան հարթակներում Ադրբեջանի հետ բանակցություններն ունեն մեկ խնդիր՝ հրահրել Բաքվի նոր ագրեսիան։ Sputnik Արմենիայի հետ հարցազրույցում նման կարծիք հայտնեց քաղաքագետ, Սթենֆորդի համալսարանի դոկտոր, «Մայր Հայաստան» շարժման անդամ Արթուր Խաչիկյանը։

Ըստ քաղաքագետի` Արևմուտքը ունի հստակ նպատակ այս բանակցություններում` հասնել փաստաթղթի ստորագրման, կամաց–կամաց հայերին Արցախից դուրս հանել, իսկ վերջնանապատակը Ռուսաստանին տարածաշրջանից դուրս մղելն է։

«Արևմուտքը մեզ որևէ երաշխիք չի տալիս։ Մեր աչքի առաջ վաճառվեց 120 հազար մարդ Ղարաբաղում: ԱՄՆ պետքարտուղարության վերջին հայտարարությունը տեսե՞լ եք, որ ողջունում են Ադրբեջանի ղեկավարության պատրաստակամությունը «համաներում» կիրառելու մասին (խոսքը Արցախի ներկայացուցիչների մասին է,– խմբ.)։ Այսպես խոսում են մի ժողովրդի մասին, որը 100 տարի առաջ Ցեղասպանություն է ապրել, որի հետ 30 տարի բանակցություն էին վարում, Մինսկի խմբի սկզբունքներն ենք հիշում, որ ուժով հարցը չլուծվի։ Այս ամենը դարձավ զրո, քանի որ Ադրբեջանից նավթ ու գազ են ուզում, մենք էլ դարձանք խաղաքարտ։ Գեղեցիկ ձևով մեզ վաճառելու ժամանակ դեռ խոսում են ժողովրդավարությունից»,–ասաց Խաչիկյանը։

Ներկայում փորձագետը վտանգավոր է համարում այն գործընթացը, որը տեղի է ունենում Ադրբեջանի հետ։ Եվ սպառնալիքն առաջին հերթին պայմանավորված է Հայաստանի իշխանությունների պարտվողական դիրքորոշմամբ, Լեռնային Ղարաբաղը և այսպես կոչված անկլավները հանձնելու պատրաստակամությամբ։

«Նայենք փաստերին` Հայաստանից որևէ զիջում` և՛ Արցախի զիջումը, և՛ անկլավների զիջումը, և՛ այդ ճանապարհների դիրքերի զիջումը չի փոխում Ադրբեջանի վարքագիծը։ Նրանց կողմից զրո փոխզիջում։ Իրենք ամեն ինչ ուզում են անել ուժով։ Արցախը կուլ տալուց, մարսելուց հետո, նրանք միանգամից անցնելու են Սյունիքով»,–կարծում է Խաչիկյանը

Ավելի վաղ Քիշնևում հնգակողմ բանակցություններին հաջորդած Մոլդովայի հայ համայնքի հետ հանդիպման ժամանակ Փաշինյանը հայտարարել էր, որ ցանկանում է ժառանգներին թողնել Հայաստանի Հանրապետության «կադաստրային վկայականը»:

«Պետք է խնդրել ՀՀ վարչապետին, որ իր ելույթներում խուսափի «կադաստրի վկայական» մետաֆորայից. Հայաստանի Հանրապետությունը միջազգայնորեն ճանաչվել է 1991 թվականին։ Եթե Հայաստանը չուներ «կադաստրի վկայական», ինչպե՞ս նա հինգ տարի առաջ եկավ իշխանության, ո՞ր երկրի վարչապետ նա ընտրվեց։ Այս պարզ մանկապարտեզային մետաֆորիաներով խոսելը ցույց է տալիս, որ նա ասելու բան չունի և սկսում է բառախաղերով զբաղվել»,–նշեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ Հայաստանը ցանկանում է վերացնել և չեզոքացնել ապագայում հնարավոր էսկալացիայի բոլոր առիթներն ու պատճառները, Խաչիկյանն ընդգծում է, որ Ադրբեջանի ագրեսիայի համար առիթ կա արդեն հիմա. Բաքվում Հայաստանից միջանցք են պահանջում, պահանջում են ադրբեջանցիների վերադարձը իբր «պատմական հողեր»։

Նա խաղաղության պայմանագրի ստորագրման մեջ կայունության և երկարատև խաղաղության երաշխիք չի տեսնում։ Եվ դրա վառ օրինակը Ռուսաստանի և Ուկրաինայի միջև Մինսկի համաձայնություններն են։ Դրանց ստորագրումից տարիներ անց Ֆրանսիայի և Գերմանիայի նախկին առաջնորդներն ի վերջո ընդունեցին, որ փաստաթղթերն ընդամենը Ուկրաինային ժամանակ շահելու համար էին։

«Հիմա Ադրբեջանը ժամանակ է ձգում, բայց երկար չի ձգելու։ Ինչքան հնարավոր է շուտ իր հարցերը լուծելու է, և ուկրաիանական պատերազմի ներկայիս ընթացքը մեծացնում է Բաքվի կողմից ագրեսիայի սպառնալիքը։ Եվ մենք գնում ենք շատ ու շատ վտանգավոր ճանապարհով»,–հավելեց նա։

«Այս պարտության և ողբերգության պատճառը գործող ղեկավարությունն է, որը հինգ տարի առաջ եկավ և տապալեց մեր արտաքին քաղաքականությունը` վեկտորը փոխելով, ՌԴ–ից Արևմուտք գնալով։ Դեմոկրատիան, թավշյա Հայաստանը մեզ ի՞նչ տվեց։ Արևմուտքն ո՞ւմ կողմից է` դեմոկրատական Հայաստանի՞, թե՞ բռնապետ Ալիևի»,–ասում է նա։

Հիշեցնենք, որ 2021 թվականին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր ստորագրելու պատրաստակամության մասին։ Այդ ժամանակից ի վեր կողմերի միջև տարբեր մակարդակներով բանակցությունների մի քանի փուլ է եղել։

Վերջին շրջանում հայ–ադրբեջանական բարձր մակարդակի մի քանի հանդիպումներ են եղել` ԱՄՆ, Բրյուսել, Մոսկվա, ապա նաև Քիշնև։

Այս խորագրի վերջին նյութերը