Քաղաքական

08.06.2023 11:48


ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը (լրացված)

ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են. գյուղացիները շրջափակել են պաշտոնյայի տունը (լրացված)

ՔՊ-ական պաշտոնյայի կողմից ծեծված երիտասարդին վիրահատել են, նրա գլխին 8 կար են դրել բժիշկները: Այս մասին մասին NEWS.am-ին հայտնեց ակցիայի մասնակից Արագածավանի բնակիչներիկց մեկը, որը նույնպես մասնակցում էր բողոքի ակցիային:

«Ճանապարհը այս պահին բացել ենք, գյուղացիները պաշտոնյայի տունն են շրջապատել, այստեղ մեծ թվով ոստիկաններ են տան մոտ կանգնած: Մենք պահանջում ենք, որ պաշտոնյան գա և մեզ բացատրի, թե ինչու է նման կերպ վարվել, ինչու է ծեծել երիտասարդին»,-ասաց վրդովված արագածավանցին:

Ավելի վաղ հայտնել էինք, որ լարված իրավիճակ է Արագածոտնի մարզի Արագածավան գյուղում, գյուղացիները ճանապարհ են փակել՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյային, ով հարվածել և գազ էր փչել Արագածավանի բնակիչ երիտասարդ տղայի դեմքին:

Այս պահին գյուղացիների հետ բանակցություններ են վարում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Արագածոտնի մարզային վարչության պետ Ալիկ Հակոբյանն ու Ոստիկանության Թալինի բաժնի պետ Արմեն Հարությունյանը, որպեսզի ճանապարհը գյուղացիները բացեն, սակայն դեռևս դրանք արդյունք չեն տալիս:

***

Արագածավան գյուղում իրավիճակը շարունակում է մնալ լարված, գյուղացիները դեռ փակ են պահում ճանապարհը՝ պահանջելով ՔՊ-ական պաշտոնյայից՝ Թալին խոշորացված համայնքի կոմունալի պետ Սուրեն Թորոսյանից, ակցիայի վայր գալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Արագածավանի՝ ակցիայի մասնակից բնակիչներից մեկը:

«Այստեղ մոտ 40 ոստիկան կա, մենք վճռական ենք տրամադրված, չենք բացելու ճանապարհը, իրենք այդքանով չեն կարող ճանապարհը բացել»,-ասաց նա:

Արագածավանի բնակիչը պատմեց, որ Սուրեն Թորոսյանի եւ երիտասարդի միջեւ կոնֆլիկտը ծագել է մոտ 20 օր առաջ, երբ գյուղին ոռոգման ջուր չտալու պատճառով ժողով են արել:

«Երիտասարդը նրան ասել է՝ դե ջուր տուր, գնանք, ջրենք, ու մի թեթեւ հրել է: Դեպքից անցել է 20 օր, նա անցնելուց է եղել, տեսել է, որ երիտասարդը մենակ է եղել իր աշխատավայրում՝ վուլկանիզացիայում, ասել է՝ արի՝ խոսենք, գնացել են մի փոքր հեռու, գազ է հանել, փչել երեսին եւ մահակով գլխին է հարվածել: Երիտասարդն էլ էպիլեպսիկ հիվանդություն ունի: Նոր՝ քիչ առաջ այստեղ ոստիկանների հետ խոսելիս վատացավ, տեղափոխեցին հիիվանդանոց»,-ասաց նա:

Արագածավանի նախկին համայնքապետ Անդրանիկ Պապիկյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ ՔՊ-ական պաշտոնյան առաջին անգամը չէ, որ նման աղմկահարույց միջադեպի կենտրոնում է հայտնվում:

«Բացարձակ անգրագետ, բառիս բուն իմաստով՝ հայերենի տառերը չի ճանաչում, ՔՊ-ն աջակցում է, ինքն էլ հանցագործություն է անում, ոչ մի ուսում չունեցող, ոչ մի բանից չհասկացող մեկն է, հալալ է ՔՊ-ին: Ինքն արտոնյալ է իրեն պահում, դուբինկա ունի մոտը, կներեք արտահայտությանս՝ հաբրգած է իրեն պահում, ինչի պետք է ինքը բալոն իր մոտ պահի, որ մի հատ էլ երիտասարդի աչքերին փչի»,- պատմեց նա:

Պապիկյանը ասաց, որ երիտասարդի հայրը Ռուսաստանում է աշխատում, սոցիալապես ծայրահեղ վիճակում ապրող ընտանիք են:

Այս խորագրի վերջին նյութերը