Քաղաքական

14.06.2023 16:20


Իշխանությունն ամեն ինչ անում է մեզ թուլացնելու և տպավորություն ստեղծելու համար, որ անզոր ենք․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Իշխանությունն ամեն ինչ անում է մեզ թուլացնելու և տպավորություն ստեղծելու համար, որ անզոր ենք․ Արմեն Ռուստամյան (տեսանյութ)

Բանակցությունների պետք է գնալ, բայց ոչ թե համաձայնվելու ու զիջելու, այլ մեր շահերը պաշտպանելու համար։ Այս մասին այսօր՝ հունիսի 14-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը։

«Ադրբեջանը և Թուրքիան ակնհայտ տանում են այն գիծը, որ բոլոր տեսակի հարցերն այլևս կարելի է լուծել պատերազմով, ուժի պարտադրանքով։ Տեսել են, որ այդ ուժի դեմ անպաշտպան իրավիճակ է, դրանից ավելի են լկտիացել։ Ադրբեջանն իր ծրագիրն ունի Թուրքիայի հետ։ Նրանք փորձելու են օգտվել ստեղծված աշխարհաքաղաքական իրավիճակից և Հայաստանից փորձելու են կորզել ամեն ինչ, ինչ հնարավոր է։ Մեզ անընդհատ թվում է, որ իրավիճակ է ստեղծվել, որ կարող ենք քաղաքակիրթ ձևով շարունակել բանակցությունները, բայց Ադրբեջանը և Թուրքիան անընդհատ սրում են իրավիճակը»,-ասաց Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանի խոսքով՝ այս իրավիճակը շարունակվելու է, քանի դեռ հայկական կողմը ցույց չի տվել, որ կարող է իրեն պաշտպանել։

«Բայց այս իշխանություններն ամեն ինչ անում են մեզ թուլացնելու համար և ստեղծելու այն տպավորությունը, որ մենք անզոր ենք, անճար ենք և պետք է պարզապես ընդունենք բոլոր պահանջները, որոնք թշնամին մեր առջև դնում է։ Մենք ասում ենք՝ ոչ, հայ ժողովուրդն անզոր չէ, կա այլընտրանք, մենք կարող ենք պարզապես պաշտպանել ինքներս մեզ, ինչպես դարեր շարունակ եղել է»,-նշեց Արմեն Ռուստամյանը։

Ռուստամյանի կարծիքով՝ դրա համար անհրաժեշտ է վերականգնել մեր եռամիասնությունը։ Հայաստան-Արցախ-Սփյուռք եռամիասնությունը քայքայվում է այս իշխանության օրոք։

«Երկրորդը՝ պետք է մեծացվի մեր պաշտպանունակությունը, պետք է ոչ միայն բանակն ուժեղացնենք, այլև հասկանանք, որ եթե ինքներս մեզ չենք պաշտպանում՝ որպես ժողովուրդ, ապա այս ամենը կշարունակվի։ Նաև պետք է ձևավորենք աշխարհազոր։ Երրորդը՝ պետք է փոխենք մեր դիվանագիտությունը, այսօր մեր դիվանագիտությունը ո՞րն է, ասում են՝ մենք կզիջենք, բայց չգիտենք, թե ինչքան կարող ենք զիջել։ Հիմա բոլորի համար պարզ է, չէ՞, որ Ադրբեջանի ախորժակն անսահման է։ Մենք մեզ պետք է պաշտպանենք, ոչ մեկը մեզ համար ոչինչ չի անի, եթե մենք դա չենք անի։ Տեղեր կան, ադրբեջանցիները փորձել են առաջ գալ, մերոնք կանգնեցրել են, այդպես պետք է կանգնեցնենք իրենց։ Ով է ասում՝ անկարող ենք։ Տեղեր կան մեր պաշտպանական շրջաններում, որ մարդիկ իրենք իրենց պաշտպանելու համար այնքան հետաքրքիր լուծումներ են գտել։ Մենք իրենցից այն ժամանակ զենք էինք վերցնում և իրենց դեմ օգտագործում, պետք է չէ անճարության մեջ դնել մարդկանց»,-ընդգծեց պատգամավորը։

Այս խորագրի վերջին նյութերը