Քաղաքական

08.07.2023 18:32


Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարներն են հանդիպել․ անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին

Մոսկվայում ՀՀ և ՌԴ ԱԳ փոխնախարարներն են հանդիպել․ անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին

Հուլիսի 7-ին Մոսկվայում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահե Գևորգյանը հանդիպում է ունեցել ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Միխայիլ Գալուզինի հետ: Այս մասին հայտնել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Հանդիպմանն անդրադարձ է կատարվել տարածաշրջանում անվտանգության և կայունության հարցերին: Քննարկվել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի ընթացքը:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով ստեղծված իրավիճակին և Լեռնային Ղարաբաղում տիրող հումանիտար ճգնաժամին: Այս համատեքստում կարևորվել է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունների իրականացումը:

Վահե Գևորգյանն ընդգծել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության երաշխիքների հասցեագրման անհրաժեշտությունը:

Մտքեր են փոխանակվել նաև երկկողմ համագործակցության օրակարգին վերաբերող հարցերի շուրջ»,-ասված է հաղորդագրության մեջ:

ԱԳՆ-ն հայտնել է, որ մտքերի հանգամանալի փոխանակում է տեղի ունեցել Լաչինի միջանցքում և ընդհանուր առմամբ Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ։

«Վերլուծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախագծի շուրջ աշխատանքի ընթացքը։ Հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման բոլոր ուղղություններով ջանքերն ակտիվացնելու անհրաժեշտությունն ուրվագծվել է 2020-2022 թվականներին ամենաբարձր մակարդակով եռակողմ համաձայնագրերի փաթեթի համաձայն։

Անդրադարձ է կատարվել ընդհանուր ինտեգրացիոն ասոցիացիաներում՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ, Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության հարցերին»,-ասված է հաղորդագրության մեջ։

Այս խորագրի վերջին նյութերը