Կարծիք

18.10.2011 08:59


Իհարկե, շնորհավորելով հանդերձ

Իհարկե, շնորհավորելով հանդերձ

Արդեն իսկ լավ է, որ ՀՀ նախագահն ունի աշխատակազմի ղեկավար, ով դժվար թե, հասարակ մարդկանց հետ շփում ունենալու անհրաժեշտության դեպքում, դիմի գողական բանահյուսության «գանձարանին»: Առաջընթա՞ց է: Հարկավ:

Կարդալով Վիգեն Սարգսյանի կենսագրությունը` ուսման տարիներ եւ աշխատանքային գործունեություն, ապշում ես ուղղակի` ինչպիսի առաջընթաց կարող է ապահովել Հայաստան երկիրն իր արժանի զավակների համար: Եթե այդ ամենի մեջ անձամբ Վիգեն Սարգսյանն ունի նաև սեփական տաղանդի որոշակի չափաբաժին, իսկ դա նկատելի է նրա ուսումնատենչությունից, ապա պետք է արձանագրել, որ պետության ու անհատի համատեղ ջանքն ի զորու է հրաշքներ գործել:

Մինչ բուն ասելիքին անցնելը կցանկանայի, որ սույն հրապարակումը չմեկնաբանվեր որպես Վիգեն Սարգսյանի կենսագրության մանրամասները խոշորոցույցի տակ բերելու փորձ, կամ Վիգենի հետ ունեցած ինչ-ինչ հաշիվներ մաքրելու ցանկություն: Ասեմ, որ Վիգենին երբեք անձամբ չեմ ճանաչել, առնչություններ չունեմ նրա հետ եւ որևէ տալ-առնելիք եւս: Հակառակը` նրա հեռուստաելույթներից եղել եւ մնում եմ այն կարծիքին, որ նա բավականաչափ կիրթ եւ կարող անձնավորություն է, ում մասին երբևէ խոսելիս, չեմ զլանա հարգարժան բառն օգտագործել:

Մեր խնդիրն այլ է: Օրինակ` հասկանալ, թե ովքե՞ր եւ ի՞նչ արագությամբ կարող են վեր մագլցել քաղաքական կարիերայի սանդուղքով: Եվ բացի այդ` ի՞նչ տպավորություն կարող է ստեղծվել տվյալ հաջողակի մասին, երբ մերձավոր շրջապատը նրան հանրությանն է պարտադրում մի այնպիսի անբացատրելի կրքով, որ թվում է` խոսքը ոչ թե մարդ արարածի այլ գերբնական էակի մասին է: Կա՞ դրա կարիքը: Չգիտեմ: Կարճ ասած` փորձենք հասկանալ` ներկայացրե՞լ են Վիգեն Սարգսյանին, թե՞ «ներկայացրել»:

Նա ծնվել է 1975 թվականին: 2011-ի մայիսին լրացել է նրա 36 տարին: Շատ հայ երեխաների նման նա, հավանաբար հաճախել է մանկապարտեզ, այնուհետև ավարտել միջնակարգ դպրոց: Այսինքն` նրա կյանքի 36 տարիներից հարկ կա մեխանիկորեն առանձնացնել առնվազն 17 տարի: Այդպես չէ՞: Բարի: Մնա՞ց 19-ը: Լավ: Հետո գալիս են ուսանողական տարիները` մինիմում հինգ, թեև նրա կենսագրության «հերոսապատումից» այնքան էլ պարզ չէ, թե ընդհանուր առմամբ քանի տարի է Վիգեն Սարգսյանը հատկացրել բարձրագույն ուսում ստանալուն: Բացառված չէ, որ նրա պարզ, մարդկային կյանքի այդ հատվածը հենց դիտավորյալ էլ այսպես շռնդալից է ներկայացվել, որպեսզի կարդացողը գլխի չընկնի, թե նա որտեղ է սովորել եւ որքան: «Կրթություն» բաժնում, հետընթաց ժամանակակարգով, ամեն ինչ սկսվում է «1998-2000 թվականներ, ԱՄՆ Մասաչուսեթս, Մեդֆորդ» գրառումով: Այնուհետև գալիս է` «Իրավունքի և դիվանագիտության Ֆլետչեր դպրոց, Թաֆթս համալսարան, 1992-1999» գրառումը: Ապա մի թեթև հիշատակություն կա Երևանի պետական համալսարանի մասին եւ հետո բացատրություն այն մասին, որ Վիգեն Սարգսյանը 1992-1996 թվականներին ոչ այն է ուսանել է ոչ այն է հեռակայել է, ոչ այն է վերապատրաստում է անցել Սանկտ Պետերբուրգի ՌԴ քաղաքացիական ծառայության հյուսիս-արևմտյան ակադեմիայում եւ պաշտպանել առաջին թեզը` «Քաղաքացիական ծառայողների ընտրության և ուսուցման սոցիալ-հոգեբանական խնդիրներ» թեմայով: Հաջորդ երկու թեզերն են` «Միջխորհրդարանական կազմակերպությունների դերն ու նշանակությունն արդի միջազգային զարգացումներում» եւ «Լեռնային Ղարաբաղը երեկ, այսօր և վաղը. Իրավական խնդիրներ»: Դատելով այս ամենից` հարգարժան Վիգեն Սարգսյանը մինչև 1999 թվականը, այսինքն, մինչև 24 տարեկան դառնալը, բոլոր հայ ուսումնատենչ երիտասարդների նման ուսանել է, ապա կրծել է գիտության գրանիտն ու դարձել այն եզակիներից մեկը, ովքեր այդ տարիքում երեք թեզ են պաշտպանում: Թեզերի գիտականության աստիճանի մասին կենսագրականում որևէ խոսք չկա, բայց դա էական չէ, որովհետև մենք հիմա խնդիր չունենք անդրադառնալու Վիգեն Սարգսյանի կրթության որակական կողմին: Մեզ հետաքրքրողը պարզ թվաբանությունն է: Ուրեմն 36-ից պետք է հանենք 24, որից հետո կմնան այն 12 տարիները, որոնց ընթացքում պարոն Սարգսյանը աշխատանքային գործունեություն է ծավալել: Ի դեպ` այդ գործունեության մի հետաքրքիր մանրամասն. 20 տարեկան հասակում տակավին ցածր կուրսերի ուսանող «հրաշամանուկը» զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի և ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի օգնականի պաշտոնը (1995-1998)՞ ՞ ՞: Կարելի էր չէ՞, այս մասին համեստորեն լռել եւ ավելորդ անգամ չպատասխանել հարցին` ո՞նց: Ինչպես թե ոնց: Ճիշտ այնպես, ինչպես 23-ամյա ուսանող Վիգենը Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի օգնականն էր և արտաքին քաղաքականության հարցերով խորհրդականը` այնպիսի մի պաշտոն, որ ցանկության դեպքում «կարող են» զբաղեցնել բոլոր շնորհալի հայ երիտասարդները: Նկատենք, որ Վիգեն Սարգսյանի արտասահմանյան կրթության բուռն ժամանակաշրջանը վրա է հասել հիշատակված պաշտոններում թրծվելու ընթացքում եւ տևել մինչև  2000 թվականը: 26-ամյա Վիգենը, 2001-ից սկսած, աշխատանքի է անցել ՀՀ նախագահի աշխատակազմում եւ, հաջորդաբար զբաղեցնելով զանազան պաշտոններ, հասել մինչև աշխատակազմի ղեկավարի տեղակալի պաշտոնին: Իսկ այստեղից մինչև ղեկավարի պաշտոնը, ինչպես տեսանք, մեկ քայլ է:

Թեև հստակ թվեր չեն բերվում, բայց զգացվում է, որ Վիգեն Սարգսյանից զգալիորեն մեծ ժամանակ են խլել ոչ միայն ումասնառության տարիները, այլև գիտական մի շարք կառույցների ու կոնֆերանսների աշխատանքներին նրա մասնակցությունը: Ընդ որում` կոնֆերանսներից շատերում նա հիմնական զեկուցող է եղել, իսկ ինչ վերաբերում է մասնագիտական կառույցներին, ապա հանդիսանում է դրանց խորհրդի անդամ (հիմնադիր կամ պատվավոր):

Այս ամենի արդյունքը պետք է լիներ պարգևների, պատվոգրերի եւ գովասանագրերի հեղեղը: Կենսագրականից էլ երևում է, որ դրանք երբեք չեն ուշացել` դարձյալ, ինչպես «բոլոր» հայ շնորհալի երիտասարդների դեպքում: Սակայն 2007 թվականին, երբ Վիգեն Սարգսյանը տակավին 32 տարեկան էր, տեղի ունեցավ մի իրադարձություն, որ ամբողջությամբ լույս սփռեց Մովսես Խորենացու մեդալի հարգի ու արժեքի վրա: Այն, ի թիվս այլոց, հանձնվեց նաև Վիգեն Սարգսյանին` հայկական պետականության կայացման գործում երկարամյա, ուշադրություն դարձրեք` երկարամյա ներդրման համար: Ե՞րբ է հասցրել:

Այս թեմայով կարելի էր, իհարկե, երկար խոսել, բայց եկեք բավարարվենք Վիգենի երկարամյա ներդրումների մասին մի փոքրիկ դիտարկումով: Արդար չի լինի նրանից մեդալը հետ առնելը: Մանավանդ հիմա, երբ լուրջ պաշտոնի է: Ուղղակի եկեք վերանայենք պետականության կայացման հարցում ներդրում ունեցած մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքն ամբողջությամբ: Այդ մարդիկ արժանի են հիշատակության եւ ոչ մոռացումի: Չմոռանանք` պետականություն էինք կայացնում 1918-1920 թվականներին, պետականություն ենք կերտում 1991-ից սկսած: Եվ դա անում էին ու անում են մարդիկ, ովքեր ոչ միայն «մի քանի երկարատև տարիների» ներդրում են արել, այլև մի ողջ կյանք են նվիրաբերել, բայց այդպես էլ ուշադրության չեն արժանացել ու չեն արժանանում «վունդերքինդների» պակաս չունեցող մեր նախկին ու ներկա իշխանությունների կողմից:

Այդուհանդերձ, շնորհավորում ենք Վիգեն Սարգսյանին: Ո՞վ գիտի, գուցե նաև նրա ջանքի շնորհիվ մի օր նույնքան բարձր գնահատվեն պետականության կայացման գործում հիրավի երկարատև ներդրում ունեցած եւ ունեցող մյուս հայերը եւս:

Էդիկ Անդրեասյան

Այս խորագրի վերջին նյութերը