Կարծիք

07.09.2023 08:24


Ո՞ւմ պետք չէ տալ ոչ մի ձայն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ո՞ւմ պետք չէ տալ ոչ մի ձայն. «Կարճ ասած» (տեսանյութ)

Ցանկացած երկրում իշխանության կարևորագույն երեք ֆունկցիաներն են անվտանգության, համախմբման, համակեցության ապահովումը։ Սրանք ամենակարևոր բանն են, որի լուծման համար, կամ առնվազն դա խոստանալով գալիս է և որը պարտավորվում է անխախտ պահել ամեն իշխանություն։ Ի՞նչ վիճակ է Հայաստանում։ Ընդ որում, թիվ մեկը անվտանգության ապահովումն է․ իշխանության ընտրում են քաղաքացիները իրենց անվտանգության ապահովման համար։ Եթե չկա անվտանգություն, ուրեմն չկա ոչինչ։

Հայաստանի ղեկավարությունը հայտարարում է, թե իր համար կարմիր գիծ է Հայաստանի 29․800 քառակուսի կիլոմետրը։ Իհարկե, մենք տեսել ենք արդեն շատ կարմիր գծեր, որը այս իշխանությունը նշել է և թույլ է տվել իրեն վրայով անցնել, դրա համար էլ սա անմտություն է․ որովհետև Արցախը կորցնելուց հետո Հայաստանի սահմանը թշնամու համար դարձել է սեփական բոստան, ոնց ուզում՝ մտնում-հելնում են․ այսօր Հայաստանի սահմաններից հարյուրավոր կիլոմետր արդեն նվաճել է թշնամին։ Մեր երկրի տարածք են մտել, իրենց համար դիրքեր դրել, բետոնապատել, ու ընդամենը օրեր առաջ մեր երեք տղաների վրա կրակեց-սպանեց հենց մեր երկրի տարածքում հաստատված թշնամական զորքը․ ասում են մեր երկրում թշնամական պետութան քաղաքացիները տներ են առնում, բիզնես են դնում։ Սահմանի այս կողմից՝ երկրի ներսից, թշնամին գողանում, առևանգում է մեր զինվորներին, քաղաքացիներին, Հայաստանի ռազմավարական մի շարք օբյեկտներ, այդ թվում օդանավակայանը, թշնամու նշանառության տակ է, կարևոր բարձունքները հանձնել է թշնամուն՝ ասելով՝ եթե սարի վրա ձյուն կա, ինչների՞ս ա պետք։ Պետության վարչապետը ինքնաթիռով գնում է երկրի մյուս ծայրը, բայց վախեցած՝ ավտոմեքենայով է հետ գալիս, որովհետև թշնամին կրակում է ինքնաթիռի ու օդանավակայանի վրա և վախենում է, որ կխփեն։ Սահմանից ընդամենը օրերս երեք արցախցու առևանգեցին, նրանից առաջ՝ ևս մի քանի հոգու։ Հայաստանը հասցրել են նրան, որ ինքն իր ուժերով չի կարողանում անգամ մի մարզի անվտանգությունն ապահովել։ Այսինքն՝ թիվ մեկ՝ անվտանգությունը պահելու պարտականությունը այս իշխանությունը տապալել է։ Այդ տապալումը այնքան ակնհայտ է, որ հասկանում է ցանկացածը, անգամ դպրոցականը։

Ժողովրդի մեջ հարցումներ են արվել, թե որո՞նք են, ըստ իրենց, մեր երկրի ամենակարևոր խնդիրները, 4 գլխավոր պատասխանները հետևյալն են՝ անվտանգություն, Ղարաբաղի խնդիր, պատերազմի սպառնլիք, բանակի վիճակ, նոր 5-րդը՝ տնտեսություն։ Իսկ էդ 4 խնդիրները բոլորը մեկտեղվում են անվտանգության բլոկում։ Ասում էին ջուր չունենք, զաթո Նիկոլը ասֆալտ է սարքում, ու հիմա էդ ասֆալտն ընդամենը օգնում ա փախչել գյուղերից։ 2020-ից առաջ հարցումներով տնտեսական, սոցիալական խնդիրներն էին առաջին տեղում, աշխատատեղ, տնտեսության վիճակ, գնաճ և այլն, հիմա էդ խնդիրները չեն լուծվել, բայց 7-րդ տեղում գտնվող անվտանգային հարցը էնքան է խորացել, որ եկել է առաջին հորիզոնական։ Էն որ հա կերակրում են, թե ժողովուրդ, աննախադեպ տնտեսական աճ ունենք և այլն, մարդիկ դրա վրա թքած ունեն, որովհետև կարևորը անվտանգությունն է, մարդը պետք է նախ կարողանա ապրել, ֆիզիկական գոյության երաշխիք ունենա, որ կարողանա մտածել մյուս բաների մասին։ Ընդ որում, սրանք ոչ միայն ֆիզիկական անվտանգությունն են պրավալ տվել, այլև հոգևոր անվտանգությունը, մշակութային անվտանգությունը, պարենային անվտանգությունը և այլն․ անվտանգություն չկա ոչ մի առումով ու մենք ամեն օր ենք էդ խնդրին բախվում՝ սկսած կորոնավիրուսից մինչ օրս։

Ինչպես նշեցի՝ իշխանության կարևորագույն երկրորդ ֆունկցիան համախմբումն է, միավորումը, կենտրոնացումը։ Էդ ֆունկցիան դեռ էն՝ քարանձավների ժամանակից է եղել։ Մարդիկ, ցեղախմբերը համախմբվել են, որ թեկուզ իրենցից մեծ ու ուժեղ կենդանիներն իրենց չուտեն, այլ ցեղախմբերը չկարողանան քշել, վերացնել։ Իմ կարծիքով, Նիկոլը ամենը արեց, որ քանդվի էդ համախմբումը։ Այս իշխանությունը, ընդ որում, համախմբումը քանդեց անվտանգությունը քանդելուց դեռ առաջ, էն որ բաժանեցին սև ու սպիտակի, հենց սա՛ էր արդյունքը։ Մարդիկ էնքան են պառակտված, որ անգամ չեն համախմբվում, որպեսզի իրենց պառակտողներին հեռացնեն։ Ինչի՞ շուրջ են մարդիկ համախմբվում․ առաջին հերթին՝ անվտանգության, անվտանգության երաշխիքները ստանալու համար։ Բայց այնքան պառակտվեցին, որ չկարողացան հմախմբվել, նրանք, որոնք նվազագույն անվատնգություն անգամ չէին կարող ապահովել, խայտառակ կապիտուլյացիա էին բերել, վերընտրվեցին։ Ամենավճռական պահին մարդիկ համախմբվում են հանուն ապագայի, ապրելու և հայրենիքի, բայց քա՞նի անգամ եք լսել հայտարարություններ, որ՝ Նիկոլի դրոշի տակ երկրորդ անգամ պատերազմ չենք գնա․ իսկ դա կործանում է։ Ընդդիմություն-իշխանություն, պայքար միշտ էլ եղել է, բայց հանրության միջև առճակատում ու հանրություն-իշխանություն ատելության նման չափաբաժին երբեք չի եղել։ Ընդ որում, սա էլ է ամբողջ աշխարհում միայն այս իշխանությանը բնորոշ՝ պառակտումը սերմանել է իշխանությունը, փոխանակ իշխանությունը միավորման գործն աներ, ընդդիմությունն է փորձում։ Նշեմ նաև, որ համախմբումը բացակայում է ոչ միայն անվտանգային տեսանկյունից, այլև մշակութային, հոգևոր և այլ։

Երրորդ կարևոր ֆունկցիան համակեցությունն է։ Դա էլ է գալիս էն քարանձավների ժամանակներից։ էն ժամանակներից, մարդիկ հավաքվել են, համախմբվել են, որ դինոզավրերը իրենց չուտեն, որ երկու հատ ավել զենք ունեցողները չհարձակվեն իրենց վրա, քարանձավներ մտնելով՝ արժեքներ են սահմանել, համակեցության կանոններ, ով ինչով է զբաղվելու, ինչ են անելու, ում են պաշտելու և այլն ու ապրելու կարգեր են սահմանել։ Միասին նույն տարածքում ապրելով՝ մշակել են կանոններ հարևանությամբ ապրելու, հարգալից վերաբերմունքի, այլ մարդկաց հետ փոխգործակցության, համերաշխության, հետո դրանք զարգացել՝ դարձել են իրավական համակարգ, օրենքներ։ Խոշոր հաշվով՝ դրանք կանոններն են կյանքի կազմակերպման, երկրում ապրելու համար։ Ամեն մեկն իր իրավունքներից մի քիչ զիջում է ու ստանում են այն։ Էդ կանոնները գործում են ամենուր՝ դպրոցում, տանը, աշխատավայրում, բանակում։ Սա էլ է խախտված։ Երբ իշխանության ընտրած քաղաքացին օրը մեկ հաց առնելու փող չունի, իսկ իր ընտրյալ պատգամավորը մեկ օրում երկու տուն է առնում, ուրեմն խախտված է այդ համակեցության կանոնը։

Իհարկե՝ միայն թվարկածս կարգերը չեն քանդված․ երեք անկյունաքարային ֆունկցիա կա, որ պարտավոր է ապահովել պետությունը՝ կյանքի իրավունք, գույքի անձեռնմխելիության իրավունք, արդար դատաքննության իրավունք, երեքն էլ խախտված են մեր երկրում։ Մարդիկ մահանում են չստանալով բուժսպասարկում, մեր երկրում կա անգամ առանց դատաքննության գույք խլելու օրենք և վերջապես՝ մարդիկ նստած են հենց այնպես, իշխանության ղեկավարի կամքով, ամիսներով տեղի չեն ունենում դատական նիստեր։ Կյանքի իրավունքը էն աստիճանի է խախտված, որ մարդը, որը զինծառայությունն ավարտել է 20 տարի առաջ, կարող են կանչել, ասեն՝ արի գնա մի ամսով վերապատրաստվի ու հետ բերեն դիակը, ինչը տեսանք մի քանի օր առաջ Սոթքում։ Էս ա մեր իրականությունը։

Ինձ ասում են՝ գիտե՞ք ինչ, եթե չլիներ պատերազմ, Նիկոլը խաղաղ ժամանակների համար կարող ա վատ կառավարիչ չլիներ։ Դա, ժողովուրդ, անմիտ, անհիմն պնդում է։ Նախ կառավարիչը ընտրվում է ոչ միայն խաղաղ, այլև հենց առաջին հերթին ճգնաժամային պահերին կառավարելու համար ու նրա՝ կառավարում չկարողանալն է բերում ճգնաժամերի, ինչը մենք տեսանք։ Ինչո՞վ է Նիկոլի կառավարումը լավը, թեկուզ խաղաղ ժամանակ, բանա՞կն են կարգի բերում, եկամուտնե՞րն են արդար բաժանում, ի՞նչ են անում։

Կարճ ասած՝ եթե իշխանության ու պետության հիմնական ֆունկցիաները չեն գործում, եթե անվտանգություն չկա, մնացածը աբսուրդ է․ որովհետև վաղը էդ քո սարքած մանկապարտեզներում թուրքի երեխանե՞ր են հաճախելու, դպրոցներում սովորելու են, որ Շուշին հնագույն ադրբեջանական քաղա՞ք է, մետրոյումդ թշնամին լավագույն դեպքում երթևեկելու է, վատագույն դեպքում՝ տեռակտ ա անելու։ Այս ամենը ակնհայտ էր 2021 թվականին արդեն, ենթադրվում էր, որ պետք է հասկանալի լիներ՝ ում պետք է ձայն տալ, ում ոչ։ Բայց էն ժամանակ եթե շատերի համար պարզ չէր, այսօր, կարծում, եմ, դա ավելի քան պարզ է։

Սևակ Հակոբյան

Աղբյուրը` yerevan.today

Այս խորագրի վերջին նյութերը