Քաղաքական

18.09.2023 16:00


Պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը, եթե տվյալ ուժը կիսում է ամբողջական իշխանափոխության մեր տեսլականը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

Պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերը, եթե տվյալ ուժը կիսում է ամբողջական իշխանափոխության մեր տեսլականը․ Անդրանիկ Թևանյան (տեսանյութ)

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը Երևանի ավագանու ընտրություններից հետո առաջին անգամ հանդես է եկել մամուլի ասուլիսով։

«Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր ընտրողին: Կոտրեցինք այն թեզը, որ ընտրություններով հնարավոր չէ հասնել իշխանափոխության: Մեր ժողովուրդն ինքն արեց այդ քայլը, և բոլոր այն տեսակետները, թե սխալ է մասնակցությունը, հակառակը եղավ: Մենք լեգիտիմացրեցինք իրենց պարտությունը»,-նշել է նա:

Անդրադառնալով ավագանի անցած այլ ուժերի հետ համագործակցության մասով հանրային հնչեցրած տեսակետներին՝ Թևանյանն ընդգծել է, որ «Մայր Հայաստան» դաշինքի մոտեցումը հետևյալն է․ «Պատրաստ ենք քննարկել համագործակցության բոլոր տիպի ձևաչափերի այն պարագայում, երբ ուժը կիսում է մեր մոտեցումներն ամբողջական իշխանափոխության ծրագրի մասով»:

«Ունենք կոնկրետ սկզբունքներ, որոնց համաձայն կարող ենք այս կամ այն ուժի հետ համագործակցել։ Այդ սկզբունքները երեքն են։ Առաջինը՝ պետք է գնահատական տրվի Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությանը։ Երկրորդը՝ այն ուժը, որը հավակնություն ունի մեզ հետ համագործակցելու, պետք է որևէ պարագայում հնարավոր չտեսնի «Քաղաքացիական պայմանագրի» հետ համագործակցությունը։ Եվ երրորդը՝ ամբողջական իշխանափոխության մեր ծրագիրը կիսելն է։ Այս առումով բաց ենք քննարկումների համար»,-ասել է Թևանյանը,-Կոնկրետ Հայկ Մարությանի մասով, տեսնելով այն ձայները, որ հավաքել է ոչ իշխանական դաշտից՝ մենք հետևյալ սկզբունքով ենք առաջնորդվում, որ կարող ենք օգնել, որպեսզի ինքը համապատասխան ձայներ հավաքի, և դա կանենք այն դեպքում, եթե պարզվի, որ ինքը կիսում է մեր օրակարգն ամբողջական իշխանափոխության մասով։ Ի սկզբանե հայտարարում ենք, որ որևէ պաշտոնի կամ որևէ վերահսկողական լծակ վերցնելու չենք հավակնում, եթե հնարավոր համագործակցություն տեղի ունենա։ Ես հայտարարել եմ, որ հրաժարվում ե ԱԺ պատգամավորի մանդատից և չեմ գնում Երևանի ավագանու մանդատ ստանալու ճանապարհով, այլ մենք գնում ենք իշխանափոխության ճանապարհով, որ ապահովենք Հայաստանի և Արցախի անվտանգությունը»։

Նա նաև նշել է, որ բոլոր նրանց հետ, ովքեր համագործակցել, համագործակցում և պատրաստակամություն են հայտնել համագործակցել ՔՊ-ի հետ, «Մայր Հայաստան»-ը քննարկելու բան չունի։

«ՔՊ-ն ընտրություններին մասնակցեց 100 հատ «քույր» կուսակցություններով ու նրանցից մեկը շատ կասկածելի տրամաբանությամբ անցկացվեց ավագանի։ Մեր վստահված անձինք ասում էին, որ այդ «քույր» կուսակցության համար ստացված ձայները միշտ մի շերտի վրա են եղել, այսինքն՝ եկել է մի ինչ-որ պահ, երբ ծրարների մի հատված այդ կուսակցության օգտին է եղել։ Այնպես որ, պարզ է, որ այդ կուսակցությանը «քույրաբար» օգնել է իշխող ուժը»,–ասել է նա։

Թևանյանն ընդգծել է՝ ամբողջական իշխանափոխություն հնարավոր է, և հանրային ճնշմամբ պետք է ձևավորել նոր կառավարություն ու մեկ տարվա ընթացքում անցկացնել արտահերթ խորհրդարանական ընտրություններ:

«Էրդողանը փաստացի Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնության է եկել ոչ միայն Ռուսաստանին, այլ նաև Իրանին այս տարածաշրջանից հեռացնելու վերաբերյալ։ Իրոք չափից դուրս վտանգավոր պրոցես է տեղի ունենում։ Փաստացի թուրքերը 2+2 ֆորմատ են առաջարկել, իսկ Նիկոլը ասում է, թե այդ հարցում համաձայն է։ Որպեսզի ժողովուրդը պատկերացնի՝ ինչ է կատարվում, ապա ես կարող եմ ասել, որ սա ուղղակի կարող է Հայաստանի Հանրապետության վերջը լինել»,-նշել է Թևանյանը։

Այս խորագրի վերջին նյութերը