Հարցազրույց

25.10.2011 13:18


Նաիրա Զոհրաբյան

Նաիրա Զոհրաբյան

Հարցազրույց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանի հետ

ՀՀ կառավարությունը երեկ մի օրենսդրական փաթեթ է ներկայացրել, համաձայն որի Հայաստանյայց առաքելական եկեղեցուն սեփականության և անհատույց մշտական օգտագործման իրավունքով պատկանող արհեստանոցները և դրանց զբաղեցրած ու հատկացված հողատարածքներն ազատվում են գույքահարկից և հողի հարկից: Այդ տարածքների ցուցակի մեջ էլ ընդգրկվել են ֆուտբոլի դաշտեր, մարզադաշտեր, սպորտային համալիրներ, ճաշարաններ, սրճարաններ, հանգստյան տներ, առողջարաններ, կինոթատրոններ, խանութ և տաղավարներ, արտադրամասեր, կոմբինատներ, արհեստական լիճ և լճի տակ գտնվող մառաններ, բնակելի տներ, բնակարաններ, առանձնատներ, արոտավայրեր, տրակտորային կայաններ և այլն։ Ինչպե՞ս եք գնահատում այն փաստը, որ կառավարությունը մի կողմից հատկապես խոշոր գործարարների համար հարկային բեռն ավելացնում է, իսկ մյուս կողմից եկեղեցուն ազատում է նմանօրինակ տարածքների համար հարկեր վճարելուց։

–Ես չէի ուզենա այդ երկու հարցերն իրար կապել: Կառավարության ներկայացրած բյուջեին և հատկապես 101 մլրդ ավելացմանը «Բարգավաճ Հայաստանը», բնականաբար, դեռ կանդրադառնա և կանդրադառնա շատ հիմնավոր: Ես ուզում եմ խոսել այս օրենսդրական փաթեթի մասին: Քավ լիցի, որևէ մեկը դեմ չէ Հայ առաքելական եկեղեցուն արտոնություն տալուն, և հատկապես մենք իրապես շահագրգիռ ենք արտոնություններ տալ: Բայց երբ կառավարության ներկայացուցիչն անձամբ ամբիոնից ասում է՝ այո՛, իրենց ևս մտահոգում է ներկայացված ցուցակը, ապա տրամաբանական հարց է առաջանում՝ եթե մտահոգում էր, ինչո՞ւ ժամանակին՝ մինչև ԱԺ ներկայացնելը, կառավարությունը շատ ավելի մանրակրկիտ չէր աշխատում դրա վրա:

Սա կառավարության ներկայացրած թերի օրինագծերից միա՞կն է։

–Տպավորություն է ստեղծվում, որ կառավարությունը սովոր է կիսատ-պռատ օրինագծեր ներկայացնել խորհրդարան, այնուհետև փորձել արդեն այստեղ հընթացս ճշգրտումներ անել: Սա արդեն կարծես թե աշխատաոճ է դառնում կառավարության համար՝ ներկայացնել նախագծեր՝ կիսատ-պռատ, վերջնական տեսքի չբերված, այնուհետև փորձել տեղում ինչ-որ ճշգրտումներ, ուղղումներ մտցնել դրանց մեջ:

Իսկ կառավարության ներկայացրած եկեղեցուն պատկանող այդ երբեմն անհեթեթ տարածքներն ինչպե՞ս պետք է նպաստեն հավատքի տարածմանը:

–Ես չեմ ցանկանում, որ Հայ առաքելական եկեղեցին, որը բոլորիս համար իրապես կարևոր է, թիրախ դառնա, և սկսեն տարատեսակ խոսակցություններ, թե ինչո՞վ են արոտավայրերը, կինոթատրոնները, ճաշարանները, սրճարանները, ատամնաբուժական դիսպանսերը, ֆուտբոլի մարզադաշտն իր 11 կառույցներով նպաստելու Հայ առաքելական եկեղեցու հոգևոր առաքելության իրականացմանը: Ես չեմ ուզում, որ մեր եկեղեցին թիրախ դառնա, և կառավարությունն այստեղ պետք է ավելի արհեստավարժ լիներ իր մասնագիտական պարտականությունը կատարելու մեջ, և նախագիծն այս տեսքով՝ այս կից ցուցակով, չուղարկվեր խորհրդարան: Ամեն դեպքում, կառավարության ներկայացուցիչն ասաց, որ առաջիկայում կճշգրտեն այդ ցուցակը: Մենք կքվեարկենք կողմ, որպեսզի տեսակետներ չհնչեն, թե «Բարգավաճ Հայաստանը» դեմ է Հայ առաքելական եկեղեցուն արտոնություններ տալուն, բայց, իհարկե, պահանջելով, որ անպայման կառավարությունն առաջինից երկրորդ ընթերցում մի քիչ ջանք թափի և ճշգրտի ներկայացված ցուցակը:

Իսկ մտավախություն չկա՞, որ ուղղակի միտումնավոր այս ցուցակում ընդգրկել են այնպիսի օբյեկտներ, որոնք իրականում չեն պատկանում եկեղեցուն, այլ պարզապես ուզում են հարկերի վճարումից ազատվել եղեկեցու անվան ներքո:

–Գիտեք, ես չեմ ցանկանում այդ աստիճան վատ մտածել: Հույս ունեմ, որ այդպիսի հետին մտքեր չեն եղել, և հույս ունեմ, որ համապատասխան նախարարությունը, որը պատրաստել է այս նախագիծը, ավելի հետևողական կգտնվի, և, ինչպես խոստացան խորհրդարանի ամբիոնից, հստակ ճշգրտումներ կիրականացնի, որպեսզի մեր եկեղեցուն չդարձնի թիրախ:

Հարցազրույցը վարեց Արեգնազ Մանուկյանը

Այս խորագրի վերջին նյութերը