Աշխարհ

09.11.2023 12:39


Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Իրանը հայտարարել է, որ արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում

Արտաքին խաղացողների ներկայությունն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և խափանում տարածաշրջանի անվտանգությունը։ Այսպիսի կարծիք է հայտնել Իրանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանի Չաֆին՝ ի պատասխան մեկ օր առաջ Յոթի խմբի (G7) երկրների դիվանագիտական գերատեսչությունների ղեկավարների հայտարարության։

«Պատմական տվյալները և այժմ տեղի ունեցող իրադարձությունները վառ ցույց են տալիս, որ տարածաշրջանում արտաքին խաղացողների ռազմական ներկայությունը առավել կարևոր գործոններից է, որն ապակայունացնում է իրավիճակը Մերձավոր Արևելքում և սպառնալիք ստեղծում նրա անվտանգության համար»,-նրա խոսքերը մեջբերել է արտաքին քաղաքականության գերատեսչության Թելեգրամ-ալիքը։

«Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականությունը միշտ ուղղված է եղել Մերձավոր Արևելքում կայուն և անվտանգ իրադրության պահպանմանը։ Գազայի հատվածում ներկա հակամարտության սկզբից Իրանը մշտապես ջանքեր է գործադրում, որպեսզի կանգնեցնի մարտական գործողությունները։ Մենք ձգտում ենք պաշտպանել անկլավի անպաշտպան խաղաղ բնակիչներին իսրայելական ագրեսիայից»,-ընդգծել է Քանաանի Չաֆին։

Նա հերքել է G7-ի երկրների մեղադրանքներն այն մասին, որ Իրանն աջակցում է պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժմանը և լիբանանյան «Հեզբոլլահ» կազմավորմանը, և այդ հայտարարություններն անվանել է «կեղծ և անհեթեթ»։ Իրանի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ «Իրանում սպասում էին, որ G7-ի երկրների արտգործնախարարները Տոկիոյում հանդիպման ժամանակ կկատարեն իրենց պարտականությունները և կդատապարտեն Իսրայելի գործողությունները, որոնք հակասում են միջազգային իրավունքի սկզբունքներին և խախտում մարդու իրավունքները Գազայում»։ Բայց, նշել է նա, դա այդպես էլ տեղի չունեցավ։

Աղբյուրը՝ news.am

Այս խորագրի վերջին նյութերը